ԴՊՐՈՑ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
ԴՊՐՈՑ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի թիվ 156 հիմնական դպրոցն անվանակոչվել է հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ: Մայիսի 27-ին դպրոցում հանդիսավորությամբ տեղի ունեցավ անվանակոչության արարողություն, որի ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսեց Զորայր Խալափյանի կյանքի, գրական գործունեության ու մարդկային կերպարի մասին: «Մշակույթը հայ ինքնության պահպանման հենասյունն է, իսկ հայ գրականությունը մեկ օրվա սպառման համար չէ, այն հավերժ է ու շարունակական բնույթ է կրում նաև սերնդափոխության սուրբ պատասխանատվությամբ, որն այսօր ստանձնել են մեր երիտասարդները»,- նշեց նա: Ելույթ ունեցավ նաև արձակագիր Դավիթ Մուրադյանը: Դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանն իր ելույթում վստահեցրեց, որ Զորայր Խալափյանի գրական ժառանգությունը տարբեր առիթներով կներկայացվի դպրոցում, նրա թողած բարոյական ու մարդասիրական բարձր արժեքները ուղենիշ կլինեն գալիք սերունդների համար։ Ներկա էին գրողներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ, ծնողներ, շրջանավարտներ, Զորայր Խալափյանի ընտանիքի անդամները, ընկերները, ինչպես նաև Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Դպրոցի աշակերտները ներկայացրեցին հատվածներ Զորայր Խալափյանի ստեղծագործություններից, բեմադրեցին նրա «Թթենին» պատմվածքը, ինչպես նաև հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով: Ցուցադրվեցին անվանի գրողի մասին փաստագրական տեսանյութեր: Միջոցառումը կրում էր «Ինձանից հետո էլի արև է լինելու, լույս է լինելու» խորագիրը։