ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ԵրԵՎանի սառը ջուրը» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հոկտեմբերի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Դավիթ Մուրադյանի «Երևանի սառը ջուրը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում: Հեղինակն իր պատումներում ներկայացնում է մեր օրերի երևանցուն, հոգսաշատ ու լուսավոր մարդկանց:
Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, թարգմանչուհի Լիլիթ Գալստյանը և հնագույն գրքերի մասնագետ Արևիկ Գաբրիելյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Դավիթ Մուրադյանի ստեղծագործական ու աշխատանքային գործունեության մասին՝ արժևորելով նրա իմացությունը, գեղագիտությունը, խորագիտությունը և անհատական բարձր հատկանիշները: Նշվեց, որ գրքում զգալի են նրա մշակութային գիտակցության հարուստ շերտերը՝ համաշխարհային գրականության, նկարչության ու ֆիլմերի. ոճը հետաքրքիր է, ունի կինոյին հատուկ դրվագային մտածողություն, պատմվածքները սեղմ են, հակիրճ ու իմաստալից:
Դավիթ Մուրադյանը՝շնորհակալություն հայտնելով հնչած ելույթների ու գնահատանքի համար, ասաց. «Արվեստը սիրում է ընտրություն: Դա հատուկ ընտրություն է՝ գեղարվեստական ընտրություն: Երբ կա արվեստագետի աչքը՝ գրողի, կինոգործչի, գեղանկարչի, և նա կարողանում է համաշխարհային քաոսի միջից, կյանքի քաոսի միջից դուրս բերել իսկականը, որը կարող է քեզ հուզել, գրավել քո ուշադրությունը, որը կարող է մնալ քեզ հետ և դու սկսես մտածել այդ մասին՝ սա է իսկականը, և ես անձամբ այդ արվեստի կողմնակիցն ու ջատագովն եմ»: