ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ… ԳՐՈՂՆԵՐԸ

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ… ԳՐՈՂՆԵՐԸ
Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնին առընթեր գործում է «Հանդիպում» ակումբը, որ պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում գրողների հետ՝ նպատակ ունենալով նաև այդ ձևով նպաստել ուսանողների գեղարվեստական-գեղագիտական դաստիարակությանը, ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել նրանց արտաուսումնական առօրյան£ Այդ հանդիպումները, ըստ էության, վերածվում են գրական յուրօրինակ դասերի, որոնք վարում են իրենք՝ գրողները£ Այսպես՝ բանասիրական, ռոմանագերմանական, մանկավարժու­թյան մեթոդիկայի ֆակուլտետների ուսանողների համար հայ դասական և ժամանակակից մանկական գրականու­թյանը նվիրված դաս է ավանդել բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը:
Օրերս համալսարանի հեռակա բաժինների ուսանողների հյուրն էր բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր և նույնանուն հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը: Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Պետրոսյանն իր բացման խոսքում կարևորեց նման դասհանդիպումների դերը ուսանող երիտասարդության հետ տարվող կրթադաստիարակչական գործընթացների համակարգում: Այնուհետև հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը հակիրճ անդրադարձավ Անուշ Վարդանյանի «մեծական» և մանուկներին հասցեագրված ստեղծագործությունների յուրահատկու­թյուններին, ընդգծելով, որ նրա բանաստեղծական ժողովածուները իրենց խոհափիլիսոփայական տարերքով առանձնանում են ժամանակակից հայ պոեզիայի «թեմատիկ տարածքում», իսկ հեքիաթների ու պատմվածքների գրքերը միշտ էլ ջերմությամբ են ընդունվում փոքրիկ ընթերցողների կողմից:
Ինքը՝ բանաստեղծուհին, ուսանողների հետ հետաքրքիր երկխոսություն վարեց ազգային ինքնության պահպանման գործում, ընդհանրապես մեր կյանքում գրականության և արվեստի մեծագույն դերակատարման, գիրք-ընթերցող խաթարված կապի վերականգնման անհրաժեշտության իր ստեղծագործական ծրագրերի մասին£ Վերջում նա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, ունկնդրեց նրանց կողմից իր ստեղծագործությունների ընթերցումը, և ինքն էլ ներկայացրեց «Սիրո պողոտա» գրքից մի քանի բանաստեղծություն:

Լ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ