ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Եթե գրող ես, չես կարող չկարդալ մեծ նախորդներին և նրանց գրվածքներին հաղորդվելով չթրծվել մարդկային հոգու խորը, հաճախ անբռնելի հույզերով, ճանաչողությամբ, մարդ լինելու պարտքին ու առեղծվածին։

2025 թվականին Ավետիք Իսահակյանի հրեղեն հավքերն էին թևածում մեր և այլ երկրներում, հուշելով, որ 150-ամյակը նորովի է բացահայտում ոգու սովի դեմ մարտնչած գրողի գիրն ու էությունը։ Այդպես և Վահան Տերյանի ու Կոստան Զարյանի 140-ամյակների ոգեշնչումը։ Մարած աստղերի լույսը հասնում է մեզ, անմահացած ստեծագործողների գրի շողարձակումը ցրում է մտքի ու սրտի մութը։

Վիլյամ Սարոյանի վերջին այցելությունից մի հեռուստատեսային հարցազրույց եմ հիշում, ուր փառավոր գրողը մաղթանք հղեց ի Հայաստան, նա խոսքն ավարտեց անսպասելի՝ և լռություն, լռություն։

Այդ պահին փորձեցի իմաստը ճշգրտել, մինչ հիմա հավատացած եմ, որ նա նկատի ուներ՝ խաղաղություն, խաղաղություն իր երկիր հայրենիին։

Այո, աշխարհահռչակ ամերիկացի մտածողը, որ ժամանակին դեմ էր երկրորդ համաշխարհայինի աշխարհակործան ընթացքին, ապա և Վիետնամի ու այլ երկրներ ոչնչացնող պատերազմներին, չէր կարող չասել՝ լռություն։

Արդ, մեծ մարդասերի փոխանցած ոգով պիտի շարունակենք, աշխարհի ղեկավարներ ու աներևույթ մահախուճապ ճակատագրեր որոշողներ՝ լռեք, խաղաղվեք, դուք ձեր պայթյունավտանգ բառազեղումներով, մտքին ու սրտին չենթարկված հրաման-հրահանգներով մոտեցնում եք Աստծո բանի միջուկը քայքայած ատոմային հրասունկ վախճանը։

Երանի ամեն մեկիդ մեջ զարթներ մի մարդասեր, մի խոսքաշեն ու տիեզերական լռությունն ըմբռնող գրող-արարիչ։

Ցավոք, որևէ աշխարհային խանութ ու սիթի չկա, որ վաճառվեն նման հոգիներ։ Բայց դա կա ի վերուստ տրված, սակայն տեր չենք կանգնում ինքներս մեզ, այս մեծ ու լայն տիրապետությանը։

Աղոթենք, որ 2026 թվականը լինի տիեզերական, արարչական, քրիստոնեական նշխարի հետ հաղորդվելու ճշմարիտ ժամանակը։

Խաղաղություն բառն արտասանվի Հովհաննես Թումանյանի շնչով, նրա մանկական ու խորիմաստ հայեցումի կշռույթով։

Հիշենք նրա քառյակը.

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,

Լիքն ակունքով հազարավոր,

Իմ զայրույթը լիքն է սիրով,

Իմ գիշերը՝ լիքն աստղերով։

Թվերը նաև բարբառող խորհրդանշաններ են, հավատանք ու ձգտենք նրանց միջի աներևույթ հրեղեն հավքերի համառ մեր ոգու, մեր երկրի երկինքը բացել, նրանց ու մեր գրողներին, ստեղծագործողներին էլ եթե ժամանակ չլինի լսելու, ընթերցելու, գոնե սարոյանական լռությունը ճանաչել և թևեր պարգևել։

Ես որևէ երկրի գրողի չեմ ցանկանա 2026 թվականին, ինչպես Թումանյանը անցյալ դարասկզբին Իսահակյանին գրած նամակում, ասի՝ թե մենք մեր ձեռով քանդեցինք մեր երկիրը։ Կամ գրող ու զորական Վազգենի պես տագնապալի պոռթկա՝ «Էս ի՞նչ եք անում, տղերք»։

Խաղաղություն բառի մեջ նաև խաղ կա, նայած թե ով ինչպես է դա հասկանում, մեր ու Բաքվի ղեկավարների խոսույթում զգալի է տարբերությունը՝ Ալիևը միջազգային գիտական հավաքներ է կազմակերպում Հայաստան պետությանը այլ, իր կեղծ հորինված անունով կոչում, 300.000 և գուցե ավելի մեր երկիր ուղարկելու ծրագրեր միջազգայնացնում և այլն, և այլն։

Ուզում եմ հավատալ, որ Բաքվում կլինեն ճշմարիտ մտավորականներ, որոնք չեն կիսի նրա ագրեսիվ գաղափարները։ Իմ կողմից ամենայն անկեղծությամբ՝ հանապազօրյա սեր և խաղաղություն 2026 թվականին, աշխարհին ու մեզ։