ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՛չ ժամանակն է գրողինը, ո՛չ էլ գրողը` ժամանակինը: Գրի տերն ու մոլորյալը, ինքը` գրողը, դարեր շարունակ փորձել է իր ապրած ժամանակի «դեմքին» դրոշմել միայն իրենը, իրեն պատկանողը և այդ ձևով ձուլվել հարընթացին` անըմբռնելի, անվախճան ու անդադրում տիեզերական այդ սուբստանցին… Ու թե գրողի ուժը պատել է փոքրիշատե իրենով անել, տիրանալ այդ անսանձելի, անըմբռնելի ու դիվային շարժմանը, ապա նա փափագել է հնարավորինս երկար մնալ դրա տիրույթում` թեկուզ որպես հիշատակ, որպես Անուն մի, քանզի ֆիզիկապես անկարելի է լինել ժամանակի մշտակա ուղեկիցը: Իսկ երբ ժամանակը, այսպես թե այնպես, առաջ է անցնում, վաստակողն անմռունչ խոնարհվում ու հարգանոք ծունկի է գալիս նրա առաջ… «Կանգ առ, ակնթարթ, որքա՜ն չքնաղ ես…»,- գոչում էր Գյոթեի հանրահայտ հերոսը` դոկտոր Ֆաուստը: Իր ժամանակի հետ անհաշտ մեծ պոետը` Եղիշե Չարենցն էլ համոզված հայտարարում էր. «Ես եմ հիմա մի պոետ և իմ անունը Չարենց,// Պիտի լինի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ…»: Ավաղ… Նա եղավ միայն իր ժամանակի զոհն ու անշիրիմ նահատակը, ում վաստակը հենց ինքը` ժամանակն իր թևերին առած կրկին հետ վերադարձրեց:
Այսպես ուրեմն, ոչ թե գրողն է իր ժամանակն ապրում, այլ հենց ինքը՝ ժամանակն է գրողին ապրում, վերապրում…
Իհարկե, Նորին մեծություն ժամանակը մի դեպքում հրեղեն, մի դեպքում տանջված բեռնաձի է, որին հաճախ հեծնում են անահ… Դա մի սայլ է, որին կարելի է կցել աշխարհն ու մարդուն, մարդուն՝ իր հոգս ու ցավով: Ժամանակը նաև մի հրասայլ է` կապված նախճիրների ու կախաղանների ճոպանին, դիակառք` թաղված անապատի ավազների մեջ…
Ըստ իս, ինչ էլ լինի, յուրաքանչյուր գրողի մեծագույն ձգտումն ու նպատակն իր ժամանակից վեր կանգնելն է, դրա հանդեպ թեկուզ մասնակի հաղթանակ տոնելը, մտքի ու զգացման գրե սեփական «հուշարձան» կերտելը…
Երբ մի պահ հետ եմ նայում, տեսնում եմ իմ մեջ ապրած ու դեռ ապրող էն անձանց` հասակն իմ մանուկ, պատանուն, երիտասարդին, հասուն այրին և, ավաղ, ինքս ինձ` այս պահին… Իմ ժամանակի մեջ նրանք մի դեպքում երջանիկ էին` սիրով լի, մեկ գործունակ էին ու անդադրում, մե՛րթ ծույլ էին ու դանդաղկոտ, մե՛րթ՝ մոլորյալ ու, ավաղ, նաև` դժբախտ… Եվ կարևորն այն է, որ ես նրանցից երբեք ձերբազատվել չեմ կարողանում, քանզի նրանք իմ էության, իմ ոգու մի մասն են և ապրած կյանքիս վկայողները…
Երբեմն ինքս ինձնից, աշխարհից խռոված, ձեռքս թափ տալով, կամեցել եմ գրողի ծոցն ուղարկել այն ամենը, ինչ կա, բայց ինձ միշտ հետ է պահել այն անանց բերկրանքը, որ իմ մեջ ննջող այդ բազմատարիք անձինք կարողացել են ոգևորվել, ժամանակի հեռվից շշնջալ ականջիս, հուշել թեկուզ անցյալից մի պատում, հմայիչ մի տող, որ ստեղծագործական վերարտադրման արդյունքում վերածվել է գողտրիկ մի տաղի կամ գեղարվեստական պատումի, մի հավերժող կերպարի: Ահա, հենց այդ պահերին է, որ կրկին գայթակղվում եմ ու ձեռքս առնում գրիչը, տրվում գրողական հաճելի տքնանքին: Տքնանք, որ կրկին ժամանակի մեջ է ու նրա հետ: Ի վերջո, չէ՞ որ հենց այդ տքնանքն է, որ գրի ու գրքի միջոցով ստանում է ձև ու բովանդակություն: Չգիտեմ, ժամանակը շռա՞յլ, թե՞ խնայող է եղել, համենայնդեպս, գրողական իմ քայլքը դեռ ընդամենը մամուլում պարբերաբար տպագրվող ստեղծագործություններս են, երկու ալմանախ ու հինգ ժողովածու, որոնցից վերջինը` հինգերորդը, արդեն երեք տարի ծննդյան ցավերի մեջ է…
Հավանաբար «կեսարյան հատումը» կփրկի` ինչպես Երկրիս լուսավոր օրվա ճառագմանը, այնպես էլ հինգերորդ ժողովածուիս լույսընծայմանը…