ԳՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԳՐԱԿԱՆ  ԸՆԹԱՑՔԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ  Է

ԾԱՂԿԱՁՈՐ2022

Հոկ­տեմ­բե­րի 13-ին Գ­րող­նե­րի միութ­յան Ծաղկաձորի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը մեկ­նար­կեց Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի 19-րդ հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ Եր­ևա­նից, Շիրակի, Լոռու, ինչպես նաև Հայաստանի այլ մար­զե­րից:

ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը տեղեկացրեց, որ ԳՄի գործունեությանը նպաստում են ու նաև իրենց մասնակցությամբ պատվում աջակիցներ և երիտասարդական այս հավաքի աշխատանքներին արդեն երկու տարի նպաստում է բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանը: Վստահեցնելով, որ այս հավաքները հավասարապես անհրաժեշտ են նաև ավագ սերնդի գրողներին, նա ասաց. «Երիտասարդների հետ հավաքները երիտասարդացնում են ավագներին՝ ձեր գրվածքներով, հանդիպումներով, զրույցներով հաղորդելով ձեր էներգիան, ապագայի ձեր տեսիլքները, ցանկությունները»: Նրա հավաստմամբ՝ ավագները չեն եկել դաս տալու երիտասարդներին, քանի որ գրողն ինքն է իրեն գրող կարգում իր ստեղծագործական աշխատանքով: Մեջբերելով Տոլստոյի այն խոսքը, թե 99 տոկոսը արվեստագետի աշխատասիրությունն է, մի տոկոսը՝ տրված շնորհքը, ձիրքը՝ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց. «Ահել-ջահել չկա, կա լավ, կամ չստացված գրականություն»: Այնուհետև անդրադառնալով երիտասարդների տպագրության, ճանաչման համար ՀԳՄ-ի ստեղծած որոշակի հնարավորություններին, Էդ. Միլիտոնյանն արժևորեց «Գրեթերթ», «Գրական թերթ», «Եղեգան փող» (Շիրակի մարզ), «Երկունք» (Լոռու մարզ) գրական պարբերականների դերը երիտասարդ ստեղծագործողների կայացման գործում:

ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը, ներկայացնելով իրենց բաժանմունքի անդամներին, անդրադարձավ բաժանմունքի գործունեությանը, «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը մի տարի անց է կացվում Լոռու, հաջորդ տարին՝ Շիրակի մարզում: Իսկ խրախուսական մրցանակ ստացածները տպագրվում են անթոլոգիաներում: «Մեր մարզում 5-7 հեղինակ է լինում: «Երկունք» գրական թերթն է հնարավորինս նպաստում մեր գրողների կայացմանը, իսկ «Լոռու մարզ» լրատվական թերթում լուսաբանվում են գրական միջոցառումները»,- ասաց Մ. Միկոյանը և ամփոփեց. «Գրողի ճանապարհը դժվար է, պետք է կարողանալ հաղթահարել այդ ճանապարհը աշխատասիրությամբ»:

ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը, ներկայացնելով համաժողովին մասնակցող շիրակցի ստեղծագործողներին, նշեց, որ Շիրակի մարզային բաժանմունքում կան 25-ից ավելի ստեղծագործողներ, որոնք պարբերաբար ստանում են խրախուսական մրցանակներ «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությանը: «Այսինքն՝ արդեն կայացած ստեղծագործողներ են, սերունդը կայացել է, նոր անուններ են ի հայտ գալիս, ունենք գրական խմբակ, որում աշխատում է Ռոզա Հովհաննիսյանը՝ «Եղեգան փող»-ի խմբագիրը, հիմա ավելի ցածր տարիքի պատանիներ են հաճախում, հույս ունենք, որ նրանք մի օր կհայտնվեն Ծաղկաձորում՝ արդեն որպես ճանապարհ անցնող ստեղծագործողներ»,- ասաց Ա. Կարապետյանը՝ վստահեցնելով, որ սերունդ ձևավորելու լավագույն միջոց է այս հավաքը:

Նաթելլա Լալաբեկյանն ուրախությամբ նկատեց, որ նոր դեմքեր կան, և հույս հայտնեց, որ ավագ գրողները, մասնակցելով հավաքին, կկարողանան նպաստել, օգնել և ոգեշնչել երիտասարդներին:

Մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նեց նաև Ար­տեմ Հարություն­յա­նը՝ շեշ­տե­լով, որ գրա­կա­նութ­յու­նը աշ­խար­հի ա­մե­նադժ­վար ո­լորտն է, ո­րը սկզբում թեև հեշտ է թվում, բայց վիթ­խա­րի աշ­խա­տանք է պա­հան­ջում:

Այնուհետև ՀԳՄ նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րեց, որ համա­ժո­ղո­վի ընթացքում հոկ­տեմ­բե­րի 13-15-ը, տեղի կու­նե­նան ա­վագ գրող­նե­րի վար­պե­տութ­յան դա­սեր, քննար­կում­ներ, նոր լույս տե­սած գրքե­րի շնոր­հան­դես­:

Օրվա երկրորդ հատվածում ամփոփվեցին ՀԲԸՄ «Շանթ Կամերի Պասմաճեան» հիմնադրամի և ՀԳՄ-ի հետ համատեղ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության» արդյունքները:

Մր­ցա­նա­կա­բաշ­խութ­յան ամ­փո­փու­մից հե­տո մասնա­կից­նե­րը բա­ժան­վե­ցին պոե­զիա­յի և­ ար­ձա­կի չորս խմբե­րի, որ­տեղ քննարկ­վե­ցին նրանց ստեղծագործութ­յուն­նե­րը: Պոե­զիա­յի մի խմբի ղեկա­վար­ներն էին Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը, Նաթել­լա Լա­լա­բեկ­յա­նը, Անդրանիկ Կարապետյանը, մյուս խմբի­նը՝ Էդ­վարդ Միլիտոնյա­նը, Մանվել Միկոյանը, Գագիկ Սարոյանը, Ար­մեն Ավանեսյա­նը: Ար­ձա­կի մի խմբի ղե­կա­վար­ներն էին Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը, Հակոբ Հարությունը և Կարեն Մանուչարյանը, մյուս խմբինը՝ Գուր­գեն Խանջ­յա­նը և Հայկ Համ­բար­ձում­յա­նը:

Քննարկումները՝ արձակի և պոեզիայի բաժնում, շարունակվեցին նաև երկրորդ օրը, ընթերցվեցին մաս­նա­կից հե­ղի­նակ­նե­րի ստեղծագործությունները, հնչե­ցին գնահատականներ և խոր­հուրդ­ներ: Քն­նարկ­վե­ցին գրո­ղին, ըն­թեր­ցո­ղին, գրա­կա­նա­գե­տին հու­զող շատ հար­ցեր:

Անդրանիկ Կարապետյանը արժևորելով նման հավաքները երիտասարդ սերնդի կայացման առումով, նշեց, որ առանձին հեղինակը, առանձին ստեղծագործողը ինչքան էլ տաղանդավոր լինի, պետք է շփվի իր հասակակիցների, ավագ գրողների հետ, և այս օրերը հենց դրան են նպաստում: Ըստ նրա՝ թեև կան օժտված երիտասարդներ, բայց կայացած հեղինակ դառնալու համար դեռ ճանապարհ ունեն անցնելու: «Կան հրաշալի տողեր, բայց կան նաև այնպիսիները, որ մշակման կարիք ունեն»,- ասաց Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ երիտասարդներից շատերը, եթե ոչ բոլորը, գրում են և այդպես էլ թողնում են, չեն ուզում մշակել, մեկ անգամ էլ վրայից անցնել, այնինչ համառ աշխատանք է պետք: «1 տոկոս տաղանդ, 99 տոկոս աշխատասիրություն. սա կարելի է որպես այս հավաքի նշանաբան ներկայացնել մասնակիցներին»,- առաջարկեց նա:

Արտեմ Հարությունյանը ևս կարևորեց նման հանդիպումները, հատկապես մարզերի եկած մասնակիցների ներկայությունը՝ միմյանց հետ շփումները և ավագ սերնդի նկատառումները համարելով փոխադարձ գործընթաց: «Տեսնում ենք՝ ինչն է իրենց հետաքրքրում, ինչը չէ, ինչ երևույթներ է երիտասարդ սերունդը ուզում բերել մի ամբողջության, և դա շատ կարևոր է ամբողջացնելու համար իրենց որոնումները»,- ասաց Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով իրենց խմբի երիտասարդներին՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ նրանք որոշակի դիմագիծ ունեցող բանաստեղծներ են: «Հետաքրքիր հայացք կա այսօրվա կյանքի բանաստեղծականացման՝ ո՛չ գեղեցկացման, ո՛չ տգեղացման, ուղղակի ընթացիկ կյանքի նշանները՝ ամեն պատահած կամ կարևոր, մեր երիտասարդները փորձում են ներմուծել իրենց բանաստեղծական պատկերում, որևէ թեմատիկայի մեջ»,- ասաց նա: Ըստ նրա՝ նկատվում են հետաքրքիր լեզվամտածողության շերտեր՝ և՛ խոսակցական լեզվի, և՛ մշակված հայերենի, և՛ փորձեր են անում նաև բառերի հետ խաղալ՝ հարմարեցնելով տեքստին: Ամփոփելով խոսքը ՀԳՄ նախագահը նշեց, որ հիմնականում Երևան, Շիրակ, Լոռի՝ այս երեք կենտրոններում է, որ ակտիվ են երիտասարդները, գրականության ասպարեզ են ձգտում մտնել:

Ալիս Հովհաննիսյանը, ընդգ­ծե­լով մաս­նա­կից­նե­րի՝ միմ­յանց և գ­րա­կա­նութ­յան նկատ­մամբ հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը և արժևորելով մեկը մյուսի գործերի մասին վերլուծություններ անելը, մասնավորապես ասաց. «Դա կարևոր էր նախ այն իմաստով, որ իրենց արածը արժևորվում է, և երկրորդ՝ կողմնակի հայացքը շատ կարևոր է իրենց համար, մանավանդ երբ փորձառու մարդկանց հետ գործ ունեն»:

Մանվել Միկոյանի հավաստմամբ՝ մեր նոր սերունդը և՛ պոեզիայում, և՛ արձակում հակված է նոր խոսք ասելու: «Կան այնպիսի հեղինակներ, որոնց ձեռագիրն ամբողջությամբ դեռևս չի ձևավորվել, բայց քանի որ արդեն ճիշտ ճանապարհի վրա են, ժամանակի ընթացքում աշխատելով, ուսումնասիրելով արտասահմանյան և ժամանակակից հայ գրականություն, աստիճանաբար հղկվեով ու ամրանալով, կարծում եմ, նրանք իրենց տեղը կգտնեն հայ գրականության երևացող անունների կողքին»,- ասաց Մ. Միկոյանը:

Կարեն Մանուչարյանը, որ արդեն 4-րդ անգամ է մասնակցում այս հավաքներին, նկատեց, որ դրանք բավականին արդյունավետ են անցնում և երիտասարդ ստեղծագործողներից շատերին հենց այս հավաքների միջոցով է ճանաչել, կարդացել նրանց գործերը և անդրադարձել կա՛մ հոդվածներով, կա՛մ գրական միջոցառումներով: Անդրադառնալով քննարկումների ժամանակ նկատված  և դրական, և բացասական երևույթներին, որոնց մասին նրբորեն խոսվել է, իսկ դրականն առավել շեշտվել, վստահեցրեց, որ գրական ընթացքը շարունակվում է, չի խաթարվել՝ անկախ բացթողումներից, թերություններից:

Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները հնարավորություն են տալիս ամեն տարի նոր դեմքեր տեսնելու, նոր անուններ լսելու, արդյունավետ, արգասաբեր քննարկումներ ծավալելու: Զրուցելով հայ արձակի խնդիրների շուրջ՝ ինչ պետք է գրել, ինչպես պետք է գրել, հատկապես այսպիսի էքզիստենցիալ, ճգնաժամային իրավիճակներում, որովհետև գիրը հմայական զորություն ունի, Հայկ Համբարձումյանը միաժամանակ նշեց, որ շատ դժվար է ապրել այս իրականության մեջ՝ պայքարի՞, կռվի՞ կոչ անել, թե՞ խոնարհության ու սիրո: Նա հորդորեց երիտասարդներին լավ ճանաչել մեր գրականությունը, և նաև փորձել իրականությունն ավելի խորքային կերպով ընկալել և հասկանալ, ոչ թե մակերեսի վրա եղածը արտացոլել: «Պետք է բոլոր շերտերը միահյուսվեն միմյանց, և այդ ամբողջը պետք է լինի շնորհի, տաղանդի շուրջ, այսինքն՝ մարդը պետք է այդ շնորհը, տաղանդը ունենա, ինքնակրթությամբ լրացնի, ճանաչի իր գրական ավանդույթը, միաժամանակ իմանա համաշխարային ինչ-որ տենդեցներ և ստանա մեր իրականությունը արտացոլող մի բան, որը մարդկանց այսօր կհետաքրքրի»,- ասաց Հ. Համբարձումյանը և հավելեց. «Գրողները նաև պատասխանատվություն պետք է ունենան սփոփելու, հոգ տանելու մարդու մասին, ոչ թե շարունակեն մարդուն ոչնչացնել: Համենայն դեպս, իմ կարծիքով, գրականության ամենակարևոր գործառույթներից մեկը մարդուն սփոփելն է և ուժ տալը»:

Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցավ Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից», «Scribbled gliding», Լևոն Բեժանյանի «Չգիտեմ, ասել եմ թե չէ», Մարիամ Սարգսյանի «Անուշիկի կախարդական անտառը» գրքերի և Լոռու մարզի երիտասարդ բանաստեղծների «Հոգեթևումներ» անթոլոգիայի շնոր­հան­դե­սը:

Գր­քե­րի հե­ղի­նակ­նե­րին շնոր­հա­վո­րե­ցին Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, Մով­սես Մանուկյանը, Նա­թել­լա Լալա­բեկ­յա­նը, Արմեն Ավանեսյանը:

Եր­րորդ օ­րը ամ­փո­փե­լով հա­մա­ժո­ղո­վը՝ ՀԳՄ նախա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը արժևո­րեց մասնա­կից­նե­րի ան­մի­ջա­կան, ազ­նիվ փոխհարաբերութ­յուն­նե­րը, տի­րող գրա­կան մթնոլոր­տը և հոր­դո­րեց պահ­պա­նել սի­րո, հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան, հարգան­քի ո­գին:

Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը վստահեցնելով, որ այս համաժողովը ոգեշնչեց թե՛ երիտասարդներին, թե՛ իրենց՝ ավագ գրողներին, կարևորեց փորձառու գրողների հետ աշխատելը: Ամփոփելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ այս զրույցները, քննարկումները կլիցքավորեն երիտասարդներին՝ մեկ տարի ևս աշխատելու և նոր գործերով ներկայանալու հաջորդ հավաքներին: 

Ե­լույթ ու­նե­ցան նաև Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը, Մանվել Միկոյանը:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ