Գրական անցուդարձ

ԳԹ – Պա­րոն Մի­լի­տոն­յան, ինչ­պե՞ս կամ­փո­փեք տա­րին:
Էդ­վարդ Մի­լի­տոն­յան – Երբ ասում ենք ամփոփել, շատ դժվար կացության առջև եմ կանգնում, որովհետև 2022 թվին ի­րա­գործ­վել են բազմաթիվ ծրագ­րեր, ո­րոնք վե­րա­բե­րում են ներ­հա­յաս­տան­յան, Սփ­յուռ­քի, Ար­ցա­խի, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին գրա­կան առն­չութ­յուն­նե­րին, հրա­տա­րակ­չա­կան աս­պա­րե­զի գոր­ծու­նեութ­յա­նը:Տարին տարբեր ուղղություններ էր իր մեջ ներառում՝ և՛ ստեղծագործական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական:

Տարվա մեջ կան ավանդական դարձած օրեր, որոնք հիմնական մեխերն են՝ նվիրված և՛ մանուկներին, և՛ երիտասարդներին, և՛ հոբելյաններին, ինչպես նաև Պոեզիայի, Թարգմանչաց տոներին: Այդ բոլոր ուղղություններով իրականացվել են տարատեսակ հանդիպումներ, միջոցառումներ: Հոբելյանների մեջ պետք է առանձնացնենք հատկապես Եղիշե Չարենցի 125 և Վահագն Դավթյանի 100 ամյակները: Բազմազան էին Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումները, մասնավորապես՝ ՀԳՄ-ի սրահում Չարենցի դիմաքանդակի ներքո։ Պոեզիայի միջազգային օրվան նվիրված ցերեկույթում Հա­յաս­տա­նում գոր­ծող դես­պա­նութ­յուն­նե­րի դես­պան­նե­րը, աշ­խա­տա­կից­նե­րը ներ­կա­յաց­րին Չարենցի բանաստեղծությունները՝ թարգմանված իրենց լեզուներով և այլն:

Ստեղծագործական առումով առաջնահերթ պիտի դիտարկենք, թե մեր գրողները ինչ­պես են հրա­տա­րակ­վում: Ցա­վոք սրտի, 2017 թ.-ից այն ժա­մա­նակ­վա Մ­շա­կույ­թի նա­խա­րա­րի ոչ ճշգրիտ, ոչ մշա­կու­թա­յին գոր­ծո­ղութ­յու­նից՝ ժամանակակից գրականության ա­ջակ­ցութ­յան ծրա­գի­րը փա­կե­լուց հետո գրողները դժվարությամբ են հրատարակվում: Մ­շա­կույ­թի հա­ջորդ նա­խա­րար Մակունցի հետ ՀԳՄ նախագահության ­հան­դի­պում­ից հե­տո սահմանվեց դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գիր, որը մոտ 20 գրողի ու թարգմանչի հնարավորություն է ընձեռում հրատարակել գրքեր՝ իհարկե հանձնաժողովի քննարկումներից, քվեարկությունից հետո: Գոր­ծում է նաև այլ լեզուներով հայ գրողներին թարգմանելու ծրագիրը, որը շատ կարևոր է:  

Ի դեպ, հանդիպումներ եմ ունեցել ԿԳՄՍ-ում և առաջարկություններ եմ արել՝ հատկապես հանձնաժողովի ընտրության վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ ցանկալի է լինեն որոշակի դեմքեր ստեղծագործական միություններից, Ակադեմիայից, ինչպես նաև տարբեր համալսարանների ժամանակակից գրականության ամբիոններից, որոնք շատ լավ գիտեն ժամանակակից գրականությունը: Կարծում եմ՝ այդ հանձնաժողովը հիմնականում պիտի համալրվի այնպիսի դեմքերով, որոնք գրքեր, հոդվածներ են հրատարակել ժամանակակից գրականության վերաբերյալ, ունեն իրենց գրախոսությունները «Գրական թերթ»-ում կամ ամսագրերում, այսինքն՝ գիտեն գրական դաշտը: Այլապես հանձնաժողովի անդամ կարող է լինել այնպիսի մեկը, որը միայն իր շրջապատից մի քանի հոգու գիտի: Մի խոսքով, ուզում ենք, որ անպայման գործեն այդ հանձնաժողովի կազմավորման չափորոշիչներ, որպեսզի մեր գրողների մեջ տարաբնույթ կարծիքներ և կասկածներ չառաջանան: Պնդում եմ՝ պիտի ժամանակակից գրականության դաշտը ճանաչող, գնահատող մարդիկ լինեն հանձնաժողովի անդամ: Նույնը և մամուլի օժանդակության հանձնաժողովը, չգիտեմ ինչ չափորոշիչներով են  դուրս թողնում գրական մամուլ, հատկապես մանկապատանեկան ամսագրի։ Մեզանում «Աղբյուր», «Ծիծռնակ» պարբերականներում են տպագրվում մանկագիրները, ստեղծագործող երեխաները։ Թյուր և վտանգավոր կարծիք կա, թե մանուկները կարող են իրենց ուզածը գտնել համացանցում։

Դրամաշնորհային ծրագրից զատ, մենք փորձում ենք աջակցություն գտնել և՛ պետական մարմինների, և՛ բարերարների կողմից: Այդ աշխատանքը ընթացքի մեջ է:

Պետք է ասեմ, որ այս տարի հրատարակեցինք հինգ գիրք՝ «Ես եմ հիմա», «Օդապարիկ արևը», «Մենք և աշխարհը» շարքից «Ներշնչանքի թռչունը», «Արձակ դաշտեր», «Սրտագիր»: Այս հինգ գրքերի ծրագիրը ներկայացրել էի նախագահական, քննարկումից հետո ծրագիրը իրագործվեց։

Շնորհանդեսները տեղի ունեցան ՀԳՄ-ում: 294 անուն ընդգրկված է այդ գրքերում, որոշ անուններ կրկնվում են, որովհետև կան գրողներ, որ ստեղծագործում են տարբեր ժանրերում: Այդ ծրագիրը ընդլայն ներկայացնում է այսօրվա գրական իրողությունը: Առաջարկում եմ դասագրքեր կամ այլընտրանքային դասագրքեր կազմողներին ծանոթանալ այդ գրքերին՝ գրական դաշտը ճիշտ պատկերացնելու համար:

Անդրադառնամ նաև «­Մենք և­ աշ­խար­հը» մա­տե­նա­շա­րին, որ­տեղ ընդգրկ­ված են հայ դասական և ժամանակակից գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը այլ պե­տութ­յուն­նե­րի, այլ ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին: Դա իմ հեղինակային ծրագիրն է:Անցյալ տարի հրատարակվեց «Ի­րա­նի ար­ևը» գիր­քը, այս տարի հրատարակվեց երեք գիրք՝ «Ֆրանսիայի մագնիսական ուժը», «Բազմաձայն երկիր Վրաստանը», և «Ներշնչանքի թռչունը» (Ռուսաստանի): Արդեն պատրաստ է Ամերիկայի վերաբերյալ գիրքը: Մենք սովորաբար սիրով թարգմանում ու տպագրում ենք այլ երկրների գրողների ստեղծագործությունները Հայաստանի մասին, հարկ է նաև մեր գրողների գեղարվեստական մտքի արծարծումները ծանոթացնել տարբեր երկրների ընթերցողներին: Ի­րա­նա­կան կող­մից ցան­կութ­յուն են հայտ­նել ժողովա­ծուն պարսկերեն տպագ­րել Թեհ­րա­նում, նաև Վրաստանի մա­սին գրքի թարգմանությունն է ընթացքի մեջ «Մերոնք» հրատարակչությամբ տպագրվելու:

Մենք պիտի հիմնենք պոեզիայի և արձակի, նաև մանկապատանեկան տարեգրքեր, որոնք կներառեն տարվա ընթացքում հրատարակված լավագույն ստեղծագործություններ: Կարծում եմ՝ դա կլինի հավաքական գեղարվեստական մտքի հետաքրքիր ներկայացում: Այս գրքերի շնորհանդեսները ապացուցում են, որ մի գրքում ամփոփվելը հետաքրքիր աշխարհ է բացում՝ մտածողության շերտեր, թրթիռներ, բազմազանության փունջ է ներկայանում:  

Այս գրքերը նվիրել եմ գրողների միության Ասմունքի թատրոնին, պատրաստելու են ներկայացումներ կամ հանդիպումներ գրողների հետ, որոնց ընթացքում կընթերցվեն ստեղծագործությունները, կլինի հարց ու պատասխան և այլն: Մենք ուզում ենք, որ ժամանակակից գրականությունը ներկայանա, և մեր ընթերցողները համոզվեն՝ ժամանակակից գրականությունը չի զիջում նախորդ սերունդների գրականությանը՝ գոնե ներկա ժամանակը ճշմարիտ արտահայտելու տեսակետից:Ժամանակակից գրականության հանդեպ կա թեական կարծիք, որովհետև լավ չեն ճանաչում, դասագրքերում լիարժեք չի ներկայացվում 60-ական թվականներից մինչև այսօր ստեղծված գրականությունը: Գրականագիտական տեսադաշտում և քարտեզում հատվածաբար է ներկայացված, խորապես գնահատված չէ բարդ ժամանակների և անցումային զիգզագակերպ, երբեմն վիճահարույց գրականությունը, որը սակայն թարգմանվում և տարածվում է տարբեր երկրներում։ Կարող ենք եզրակացնել, որ մշակույթի և հատկապես գրականության դաշտը կարիք ունի և՛ պետական, և՛ մասնավոր լուրջ հոգածության։ Սուղ միջոցներով անհնար է հայ գրողներին հրատարակել, հանրահռչակել, այլ լեզուներով տպագրել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ընդունել մեկենասության օրենքը։ Կան երկրներ, որտեղ խմիչքի և ծխախոտի առևտրից որոշակի տոկոս է ոուղղվում մշակույթի և գրականության զարգացմանը։ Բազմաթիվ երկրներում կան մշակույթի օժանդակման տարբեր հիմնադրամներ։ Մշակույթի գործիչը կազատվի պետության ձեռքին նայելու տխուր ավանդույթից։

Այս ամենը հանգեցրեց մի գաղափարի՝ 2023 թվականը հայտարարել գրականության տարի: Մենք ինքներս տեր լինենք գրականությանը, և՛ մարզերում, և՛ Արցախում ներկայացնենք ժամանակակից գրականությունը՝ գրողների հետ հանդիպումներով, ընթերցումներով և այլն: Սա մեր գերխնդիրն է լինելու 2023 թ-ին: Այդ մասին նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ ենք զրուցել:

Գրողների միությունն առանձնակի ուշադրություն է դարձնում երիտասարդ ստեղծագործողներին: Գարնանը ՀԲԸՄ-ի հետ համատեղ հայտարարեցինք մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն, որի արդյունքները ամփոփվեցին Ծաղկաձորի ստեղծագործական տանը երիտասարդ ստեղծագործողների ամենամյա հավաքի ժամանակ: «Գրեթերթը» մշտապես ներկայացնում է երիտասարդ ստեղծագործողներին: Ծաղկաձորում ևս նորահայտ անուններ եղան՝ ոչ միայն Երևանից, այլև ՀՀ տարբեր մարզերից: Երիտասարդներին խրախուսելու, ներկայացնելու ու ճանաչելու միտում ունի «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի մրցանակաբաշխությունը՝ մրցանակը մի տարի տրվում է Շիրակի, մյուս տարի Լոռու մարզի երիտասարդ գրողներին և մրցանակ ստացածների գրքերը հրատարակվում են: Չկա տարբերակում, երիտասարդ գրողները տպագրվում են և՛ «Գրեթերթում», և՛ «ԳԹ»-ում, և՛ այլ գրական պարբերականներում: Լավ գրականությունը չի հարցնում գրողի տարիքը:

ՀԳՄ Կլոր սրահը առաջարկվել է երիտասարդ ստեղծագործողներին՝ կազմակերպելու հանդիպումներ, քննարկումներ, ընթերցումներ: Ես առաջարկել եմ, որ հանդիպումներ լինեն նաև մյուս ստեղծագործական միությունների երիտասարդների հետ, որպեսզի երիտասարդ արվեստագետները ճանաչեն միմյանց:

Թարգմանական գրականության հետ կապված մեր աշխատանքները տարբեր երկրների հետ ընթացքի մեջ են:

Հոկտեմբերին Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ ռուսական գրականության թարգմանիչների հավաք, որին մասնակցեցին նաև մեր թարգմանիչները:

Հետաքրքիր ծրագրեր են մեր թարգմանիչները ներկայացնում, օրինակ՝ Էդուարդ Հախվերդանը թարգմանեց «Ավեստան», նա ԻԻՀ դեսպանատան կողմից արժանացավ Սաադիի անվան մրցանակի: Գագիկ Դավթյանը լեհ և վրաց գրականությունը թարգմանելու համար արժանացավ Լեհաստանի Պատվո նշանի և Վրաստանի մրցանակի։

ԳԹ –  Դուք էլ արժանացաք տարբեր կոչումների համագործակցության համար։

Էդ. Միլիտոնյան – Այո, Վրաստանի Տիգրան Տաբիձեի, Իլյա Ճավճավաձեի  անվան մրցանակների և Ռուսաստանի բնական գիտություններ ակադեմիայի իսկական անդամի կոչման։

«­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը, ո­րը հոկ­տեմ­բե­րին ամ­փոփ­վեց Օ­շա­կա­նում,ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքահայ, օտարազգի թարգմանիչներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ այս մրցանակը հուշում է, որ քրիստոնեական ընկալումները, ապրումները, մեր հոգու քրիստոնեական աշխարհը չպետք է զուտ եկեղեցիների պատմություն լինի, դա պետք է լինի կենսակերպ, շարունակական լինի և՛ մշակույթի, և՛ գրականության մեջ, և՛ աշխարհի հետ հարաբերվելիս: Այդ առումով աշնանը քրիստոնեական թեմատիկայով գրվածքների մի հանդես կազմակերպեցինք:

Ինչպես վերևում նշեցին, տարվա մեջ կան օրեր, տոներ, որոնք ավանդաբար նշվում են: Դրանցից են Սայաթ-Նովայի Վարդատոնը Թբիլիսիում: Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ աշխատակցում ենք, որպեսզի հնարավորինս լրացնենք Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները: Մանկապատանեկան գրականության շաբաթի բացումը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Գիրք նվի­րե­լու օ­րը ար­դեն ա­վան­դա­բար նշվում է Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Վ­րաս­տա­նում, Մոսկ­վա­յում և Սփ­յուռ­քի տար­բեր գաղ­թօ­ջախ­նե­րում: Մշ­տա­պես նշվում են մեր մե­ծա­նուն գրող­նե­րի հի­շա­տա­կի օ­րե­րը:

Առանձնահատուկ շեշտեմ նաև Սփյուռքի հետ աշխատանքը: Հանդիպում ունեցանք Պըչաքչըի և Շաշկալի (Թուրքիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա), Նաթելլա Լալաբեկյանի (ԱՄՆ) հետ, վերջինս օժանդակում է երիտասարդ գրողների համաժողովի աշխատանքներին: Տեղի ունեցան Ագնեսի (ԱՄՆ), Գայանե Փայտյանի (Ռուսաստան), Կարեն Խուրշուդյանի (Ֆրանսիա), Ագապի Մկրտչյանի (Գերմանիա), Անժելա Սահակյանի (Ֆրանսիա) գրքերի, Խաչկարի (ԱՄՆ) 5 հատորյակի,  Լևոն Օսիպյանի (Ռուսաստան) ալբոմի շնորհանդեսները:

Բազ­մա­թիվ գրա­կան հան­դի­պում­նե­րը, շնոր­հան­դես­նե­րը ոչ միայն ՀԳՄ դահ­լիճ­նե­րում են կազ­մա­կերպ­վում, այլև մեր դա­սա­կան­նե­րի թան­գա­րան­նե­րում, գրա­դա­րան­նե­րում:

Ի դեպ, խիստ արժ­ևո­րում եմ Ավ. Ի­սա­հակ­յա­նի, Չա­րեն­ցի, Հովհ. Թումանյանի, Ակսել Բակունցի, Դ. Դեմրիճյանի գրադարանների և տուն-թանգարանների աշ­խա­տանք­նե­րը՝ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գրքե­րի շնորհան­դես­ներ, նրանց հետ հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պե­լու ա­ռու­մով:  Հատկապես պետք է նշենք Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատանքը։ Նաև աշխուժացել է Հայաստանի ազգային գրադարանի հետ մեր գործունեությունը։

Շատ լավ գոր­ծում են ՀԳՄ գրա­կան բա­ժան­մունք­նե­րը:

ՀԳՄ անդամ-գրողների առողջական խնդիրները լուծելուն է ուղղված «Մեդլայն» կլինիկայի հետ մեր համագործակցությունը, Գրողների միության կլինիկայի աշխատանքը։ Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տները լա­վա­գույնս օ­ժան­դա­կել են գրող­նե­րի հանգս­տի կազ­մա­կերպ­մա­նը, նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ծնվե­լուն:

ՀԳՄ-ի շենքը պետական հուշարձան է և պահպանելու համար միջոցներ են անհրաժեշտ: Բարերարի միջոցով վերանո­րոգ­վել են ՀԳՄ Կլոր սրահը, առաջին և երկրորդ հարկերի միջանցքները, երրորդ հարկի առաստաղը: Լավ է աշատել մեր գրական մամուլը՝ «Գրական թերթը», «Գրեթերթը», «Նորքը», «Լիտերատուրնայա Արմենիան», «Արտասահման գրականությունը», նաև ՀԳՄ հրատարակչությունը։

ԳԹ – Ձեր բա­րե­մաղ­թանք­ներն ու ցան­կութ­յուն­նե­րը:

Էդ.­Մի­լի­տոն­յան – 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին սահմանային ծանր իրավիճակի հետևանքով զոհեր ունեցանք: ԳՄ-ում փորձել ենք մեր մասնակցությունը բերել, զոհվածներին նվիրված միջոցառումներ ենք կազմակերպել: Տա Աստված՝ 2023 թվական մուտք գործենք ճանապարհները բաց: 2023 թվականը դառնա ոչ միայն գրականության, այլև գրականության միջոցով բարության, մարդասիրության, աշխարհի հետ գեղարվեստի լեզվով հաղորդակցվելու, նաև աշխարհը մեզ հետ հաղորդվելու տարի: Դա երկկողմանի երթևեկություն է, միակողմանի չէ: Այդ հնարավորությունները մենք տեսնենք, ձգտենք և իրագործենք: Մեր ժամանակակից գրականությանը ցանկանանք համաշխարհային հոսքերին համընկեց լինելու գեղարվեստական թռիչքներ, երջանկություն՝ ընտանիքներին, գրողներին՝ առողջություն, և մեր կազմակերպությանը, որի անդամների մի մասը արտասահմանցիներ են՝ սփյուռքահայ ու օտարազգի՝ իրենց երկրներում հաջողություն, և Հայաստանի հետ նրանց կապը մշտապես ամուր լինի մշակույթի, պատմության, հայրենասիրության բոլոր թելերով: Կցանկանայի, որ մեր գրականությունը հանրահռչակելու ուղիներ փնտրենք ոչ միայն մենք, այլև պետության կողմից լիազորված մարմինները, դեսպանատները: Մեր հայրենիքին ցանկանանք ուժ, ամրություն, գործելակերպի ճշմարտացի ուղիների փնտրտուք և հայրենիքի պահպանման գործում յուրաքանչյուրիս աշխատանքը: ՀԳՄ բո­լոր ան­դամ­նե­րին, գրա­սեր հան­րութ­յա­նը, մեր ըն­թեր­ցող­նե­րին, մեր ժո­ղովր­դին ցան­կա­նում եմ, որ­պես­զի գրա­կան ո­գին, մշա­կու­թա­յին բարձր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը բո­լո­րիս վե­րա­ծի ի­րար հաս­կա­նա­լու, ճա­նա­չե­լու, նե­րե­լու, ըմբռ­նե­լու և դե­պի լավ գոր­ծե­րի մղվե­լու ան­խախտ ու­ժի: