Մրցանակը ոչ այնքան գրողի համար է, որքան՝ ընթերցողի

Լրացավ գրականության մեծ բարեկամ, ամերիկահայ գրական բարերար Հրանտ Սիմոնյանի 90-ամյակը: Շուրջ տասը տարի է՝ Հ. Սիմոնյանը հիմնադրել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամը, որը աջակցում է ավանդական դարձած մրցանակաբաշխությանը, իսկ վերջին երկու տարում նաև ՀԳՄ «Գրեթերթ» երիտասարդական պարբերականին: Հ. Սիմոնյանը մշտապես կապի մեջ է Կալիֆոռնիայի հայ գրողների միության և Հայաստանի գրողների միության հետ: Երկարամյա գործունեության, գրական միջոցառումներին, գրական մրցանակաբաշխություններին աջակցելու համար Հ. Սիմոնյանն արժանացել է Հայաստանի գրողների միության սահմանած «Գրական բարերար» կոչմանը: Օրերս ՀՀ մշակույթի նախարարությունը բարերարին արժանացրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:
Գրողական ընտանիքի անունից շնորհակալություն ենք հայտնում գրողի և գրականության հանդեպ նրա ջերմ հոգածության, գրողների կողքին լինելու մշտական պատրաստակամության համար: Մեր գրողական սրտի, հոգու ջերմ թրթիռներն ենք ուղարկում Հ. Սիմոնյանին` ցանկանալով առողջություն և բարօրություն` ի շահ հայ գրականության:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Նոյեմբերի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա գրական մրցանակաբաշխության արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ արդեն տասը տարի է, ինչ ամերիկահայ բարերար Հրանտ Սիմոնյանը «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի կողմից հիմնել է գրական մրցանակ, և ամեն տարի ՀԳՄ-ում ամփոփվում են մրցանակաբաշխության արդյունքները արձակ, պոեզիա, հրապարակախոսություն անվանակարգերում: Նրա հավաստմամբ՝ այս մրցանակը խթան է՝ գրականության ասպարեզում լավագույն գործերը նկատելու և նաև ընթերցողին ուղղորդելու առումով: «Մրցանակը ոչ այնքան գրողի համար է, որքան` ընթերցողի, վերջինս պիտի իմանա՝ ինչպես գրքերի բազմազանության մեջ ընտրի լավագույն գործերը»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ այն օժանդակում է ժամանակակից գրականության ճանաչողությանը, ինչպես նաև հոգևոր ազդակ է տալիս գրողին՝ նոր գրքեր ստեղծելու:
Մրցանակակիրներին շնորհավորեցին ժյուրիի անդամներ Սուսաննա Հարությունյանը և Շանթ Մկրտչյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցան Նանեն, Գագիկ Դավթյանը, Նորայր Ենգիբարյանը և Հակոբ Հարությունը:

Լուսանկարները`
Բախշի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ