Գիրքը հայապահպանության անկյունաքար

Գիրքը հայապահպանության անկյունաքար
Փետրվարի 18-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Գիրք նվիրելու օրվան: 2008 թ. ՀԳՄ նախագահ լուսահոգի Լևոն Անանյանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ը` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, հայտարարվեց Գիրք նվիրելու օր, որով լավագույնս է հարգվում մեծ գրողի հիշատակը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ տարեցտարի լայն արձագանք է գտնում գիրք նվիրելը, գրքին առնչվելը, գրքի մասին խոսելը, հրատարակչական գործին անդրադառնալը: «Գիրքը մեր ժողովրդի դարավոր հոգեկերտվածքի անբաժանելի անկյունն է, այն նախնյաց ժամանակներից իր մեջ բուժիչ հատկություն է կրել և այդպես ընկալվել հայ մարդու կողմից: Պատահական չէ, որ Նարեկացու «Մատյանը», որպես բալասան, դարերով բարձի տակ են դրել: Նաև այդպես է գիրքը հաղորդվում մարդու էությանը»,- ասաց նա:
Էդ. Միլիտոնյանը ցավով փաստեց, որ վերջին քսան տարում նվազել է գրասիրությունը, գրողի հանդեպ ձևավորվել է թերահավատություն: Ուստի Գիրք նվիրելու օրը գրահրատարակիչները պատասխանատվություն պիտի դրսևորեն իրենց գործունեության նկատմամբ: Պետք է ուշադրություն դարձվի՝ արդյո՞ք այդ գիրքը պիտանի է հրատարակվելու, արդյո՞ք դա նվիրելու գիրք է: Վստահեցնելով, որ պետական պատվերով և աջակցությամբ մանկապատանեկան տարիքի երեխաների համար հրատարակվում են լավագույն գրքերը, նա կարևորեց ուսուցիչներին և ծնողներին ուղղորդել ուշադիր լինելու և գնելու ոչ միայն դասական, այլև ժամանակակից հեղինակների գրքերը:
Էդ. Միլիտոնյանը, արժևորելով Հովհ. Թումանյանի կյանքն ու գործունեությունը, ընդգծեց, որ նա իր գործունեությամբ դարձավ ժամանակի կերոնը և կատարեց համահայկական նշանակության գործ՝ ստեղծելով դասագրքեր, ինչպես նաև «Վերնատունը», որի գրական միջավայրում արծարծվում էին մշակութային և գրական բազմաթիվ հարցեր, ազգային խնդիրներ:
Գիրք նվիրելու օրվա առիթով Երևանի մի շարք դպրոցներում հանդիպումներ կլինեն գրողների հետ, մասնավորապես` Էդվարդ Միլիտոնյանը կայցելի Երևանի Հյուսիսային համալարան, որտեղ ավանդաբար նշվում է մեծ գրողի ծննդյան օրը: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանն ու բանաստեղծուհի Գոհար Գալստյանը կայցելեն Ալ. Սպանդարյանի անվ. դպրոց, մանկագիրներ Սաթենիկ Մկրտչյանն ու Լիպարիտ Սարգսյանը՝ Ս. Կապուտիկյանի անվ., մանկագիր Երվանդ Պետրոսյանն ու արձակագիր Հովիկ Վարդումյանը՝ թիվ 17, բանաստեղծ Արտաշես Արամը՝ Ն. Գոգոլի անվ., արձակագիր Նելլի Շահնազարյանը՝ «Վարդանանք», բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը և արձակագիր Անահիտ Արփենը՝ Դեմիրճյանի անվ., բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը և մանկագիր Սաթենիկ Ղազարյանը՝ թիվ 91, Կարինե Աշուղյանը և Նանեն՝ Ռ. Իշխանյանի անվ., Լ. Բլբուլյանը՝ թիվ 185, Կարինե Խալաթովան՝ թիվ 199 դպրոց, Շանթ Մկրտչյանը՝ Երևանի մշակութի համալսարան: Հանդիպումներ կլինեն նաև մարզային դպրոցներում: Դպրոցական կյանքին առնչվող այս հանդիպումները կազմակերպվում են քաղաքապետարանի հետ համատեղ: Այդպիսի համագործակցության արդյունք են նաև ՀԳՄ-ում ուսուցիչների ամենամսյա հանդիպումները գրողների և մշակութային գործիչների հետ:
Էդ. Միլիտոնյանը խոսեց նաև փետրվարի 10-14-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած գրքի միջազգային ցուցահանդեսի մասին, որտեղ Հայաստանը մասնակցում էր պատվավոր հյուրի կարգավիճակով: Նրա հավաստմամբ` տեղի լրատվամիջոցներն իրենց ուշադրությունը սևեռել են հայկական դասական և ժամանակակից գրականությանը, հայկական մշակույթին, պատմությանը վերաբերող գրքերին: Ցուցահանդեսի շրջանակում տարբեր հանդիպումներ է ունեցել Մինսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀԳՄ նախագահն անդրադարձավ Բելառուսի գրողների միության հետ սերտ համագործակցությանը, ինչի արդյունքում ռուսերեն հրատարակվել է հայ և բելոռուս գրողների անթոլոգիան: «Լիտերատուրա ի մաստատստվա» գրական պարբերականը իր էջերն է տրամադրել հայ հեղինակներին և գրական իրողություններին:
Էդ. Միլիտոնյանը, արժևորելով ՀԳՄ-ի և լրատվամիջոցների հետ համագործակցությունը, Գրողների միության աշխատանքները պարբերաբար լուսաբանելու համար պատվոգրերով պարգևատրեց մի շարք լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչներին: «Ծառայելով գրականությանը, լավ գրքի տարածմանը, լավ գրողին ճանաչելի դարձնելուն` կնպաստենք ընդհանուր մշակութային գիտակցության զարգացմանը, պատվար կկանգնենք գրականության արժեզրկման, լեզվի վարկաբեկման դեմ:
Ամփոփելով խոսքը` Էդ. Միլիտոնյանը հորդորեց զինակից լինել մեր մեծերին, դասականներին և գրքի նվիրատվության օրը դարձնել ապրող գրողների, մշակույթի գործիչների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի, լեզվի, գրականության պաշտամունքի օր:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ