Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը
Հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվեց արձակագիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը, որը կառուցվել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Նրա որդին` Տարոն Մարգարյանը, գրողի ժառանգների հետ հետևողականորեն շարունակելով նրա գործը, ավարտին հասցրին թանգարանի ներքին հարդարման և կահավորման աշխատանքները:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց թանգարանի ստեղծման նախապատմությունը և շեշտեց, որ Ա. Մարգարյանի նպատակը այդ շրջանում հոգևոր կենտրոն ստեղծելն էր, որտեղ պետք է ապրի հայ ժողովրդի ոգին, հայ գրականությունը:
«Գրող, որ ամբողջովին հիշողության, կարոտի, բայց ոչ լացի ու կոծի, ոչ թե կոտորածներ նկարագրող գրչի տեր էր, այլ՝ սթափեցնող»,- այսպես բնորոշեց Մ. Գալշոյանին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ գրողի թանգարանը նաև եկեղեցու պես իր մեջ ամբարելու է սեր, հավատ, հույս, գեղեցկություն, իսկ այս դեպքում մասնավորապես՝ հիշողություն և պահանջ:
Արձակագրի դուստրը` թանգարանի տնօրեն Սիրանույշ Գալշոյանը, խոստովանեց, որ իրենք փորձել են վերաիմաստավորել արվածն ու շարունակել Ա. Մարգարյանի գործը: «Կարծում եմ` այն, ինչ արվել է, հաճելի ու համահունչ է Գալշոյանի հոգուն»,- ասաց նա: