Արցախ՝ հնամյա խաչքար

Արցախ՝ հնամյա խաչքար

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ով ծանոթ է Թալին աշխարհի բնությանը, կարծում եմ, չի հակաճառի, եթե ասեմ, որ այն նման է մեր պատմությանը: Թող ընթերցողը չզարմանա, որ պատմությունը համեմատում եմ բնության հետ: Դա այդպես է, և կասեմ՝ ինչու: Այստեղ ամեն ինչ խառնված է: Անձրևը գալիս է այն պահին, երբ բոլորովին պետք չէ: Կարկտահար ամպերը գարնան ծաղկած ծառերն ի վեր պտտվում, պտտվում են, սպառնում ու անպայման թափում են իրենց պաղ կրակը կա՛մ կարկտի տեսքով, կա՛մ սառնամանիքի, իսկ եթե չեն թափում, էլի պտտվում են, ու ամռան կեսին կարկտե տարափը անպայման ջարդում է պտղավորված ծառերը: Ու լեռնցին լավատեսորեն սպասում է հաջորդ գարնանը:
Չմոռանամ քամիների մասին, որոնք չգիտես, թե որտեղից են գալիս ու տանիքներ շրջում, արմատախիլ անում հսկա ծառերն, ու հետո… հետո հաջորդում են երկարաձիգ արևոտ ու չոր օրերը: Ու այդ ընթացքում քարքարոտ արտերն ու լեռները զրկվում են ամեն տեսակի կանաչից, ու լեռնցին նորից լավատեսորեն սպասում է հաջորդ բարեբեր գարնանը: Ու այդպես շարունակ…
Երբ հիմա ասում են Արցախ, ակամա հիշում եմ մեր համագյուղացի քանդակագործ Խաչիկ Մելքոնյանին: Գալիս էր հարևան գյուղից: Քամի էր, հետո կաթ-կաթ անձրև, հետո նորից քամի՝ ուժեղ-ուժեղ: Պատսպարվել էր պետք: Կողքին գերեզմանոցն էր: Մի հնամյա խաչքարի առջևում պատսպարվեց: Քամին սաստկանում էր: Հանկարծ խաչքարն սկսեց երերալ: Թիկունքով պահեց: Քամին սաստկանում էր: Ոտքերն ավելի ամուր հենեց հողին: Քամին ավելի էր սաստկանում: Թիկունքն ավելի ամուր հպեց խաչքարին, ոտքերը՝ հողին, ու պահում էր: Վայրկյանը չէր անցնում, ուր մնաց րոպեն, ժամը. պահում էր ու պահում: Քամին հանդարտվեց, գրեթե դադարեց: Դիմացը ծիածան դուրս եկավ: Քամին բոլորովին հանդարտվեց. սակայն մարդը շարունակում էր կանգնել՝ թիկունքն ամուր հենած խաչքարին ու խաչին, ոտքերը՝ հողին: Վերջապես վտանգն անցած էր: Հեռացավ երկու քայլ, նայեց խաչքարին. աչքերին չհավատաց, որ կանգուն է: Էլի նայեց, համոզվեց ու շտապեց գյուղ: Գործիքներ բերեց, շինանյութ ու ամրացրեց խաչքարը: Այն մինչ օրս կանգուն է:
Երբ առաջին անգամ Արցախ էի գնում, Խաչիկին հարցրի.
– Արցախ եմ գնում, ի՞նչ բերեմ քեզ:
– Մի բուռ հող,- պատասխանեց վարպետն ու գնաց շարունակելու քարից հրաշք կերտող իր գործը:
Այդպես, Աստված մեզ ընծայեց կարմիր քարը, որ նրա վրա կերտենք մեր հավատը, մեր պատմությունը՝ խաչքարի տեսքով, օձաքարերի ու Գառնու տեսքով: Այդպես էլ Արցախը, մի հնամյա խաչքարի տեսքով, որ երերաց, ու մենք թիկունքով հենվեցինք խաչին, ոտքերով՝ հողին, և խաչքարը կանգուն մնաց: Ու երջանիկ են նրանք, ում ոտքերն արժանացան այդ հողին ամուր կանգնելու փառքին, թիկունքը՝ խաչին: Այդպես է Արցախը՝ մի հնամյա ու ամրակուռ խաչքար:

Մեր պապերի երկրին, երկրից բերած նրանց կարոտին գոնե աչքերով հպվելու համար հաճախ ենք գնում սահման՝ Անի, Երվանդաշատ: Մայր Արաքսի ու Ախուրյանի խառնարանն ի վեր տարածվող լեռան կապույտի վրա ճերմակ խճաքարե- րով գրածը թարգմանեց Բագարան գյուղի խորհրդի այն ժամանակվա նախագահ Սերյոժա Ղազարյանը. «Իմ հայրենիքի սահմանը»: Ընկերս տխրության մեջ կատակեց.
– Ոնց որ ճակատիդ գրես՝ իմ ճակատը, ոտքիդ՝ իմ ոտքը, շալվարիդ՝ իմ շալվարը. ես ձեր…
Այո՛, գողացված-զավթվածը միշտ վախ է ներշնչում, և ուզում ես անպայման ինչ-որ չեղած բաներով հիմնավորել, որ քո սեփականությունն է: Սակայն այդ ճիգերն ավելի շատ են մատնում գողության մասին:
Իսկ Ախուրյանը, Արաքսը հոսում են, գահավիժում, խառնվում իրար, ու Աֆրիկայից եկած սևամորթն էլ, եթե ունկնդիր լինի այդ ձայնին, այդ երաժշտությանը, անպայման կասի, որ հայերեն է, թեկուզ՝ ինքն անտեղյակ Հայաստանին:
Երբ Սերգեյի հետ նստած Ախուրյանի ափին նայում էինք երկնքից իջած Շուշան եկեղեցուն, եկեղեցուց այն կողմ, ջրից այն կողմ տարածված իր հայկական Բագարան գյուղին, որին ոչինչ չէին ավելացրել նորաբնակները, հանկարծ գյուղից երա-ժշտության ձայն լսվեց: Մի գետնափոր տնից հարս հանեցին, և ականջ ծակող երաժշտության մեջ ամբոխը պար էր բռնել հարսի ու փեսայի շուրջը:
– Հարսին իմ հայկական տնից հանեցին,- ասաց Սերգեյն ու արցունքները գլորվեցին Ախուրյանի վարարած ջրերի մեջ:
«Մեր հայրենիքի սահմանը» նորից կարդում ենք Բագարան գյուղն ի վեր տարածվող լեռներից մեկի փեշերին:
«Ես մի ծիլն եմ քո հողի»
Այս մեծ ու փոքր աշխարհում մի փոքր ու մեծ երկիր կա՝ Հայաստան: Այս փոքր ու մեծ Հայաստանում մի փոքր լեռնաշխարհ՝ Թալին: Այս փոքր ու մեծ լեռնաշխարհում մի նորաստեղծ փոքր ու մեծ գյուղ՝ իր Պարտիզակ անվամբ: Գնացող չկար: Պարզապես անապատ էր: Ով կլիներ առաջինը: Եղավ: Ներքինբազմաբերդցի Սարգիս Հարությունյանը՝ Նազիկ տիկնոջ, Ահարոն, Սասուն ու Տարոն որդիների հետ:
Ու աճեցին որդիները մե՛կ ցորենհատիկի տեսքով, մե՛կ հսկա բազալտին հարավկող ձնծաղկի տեսքով, մե՛կ ապառաժն ի կախ մասրենու տեսքով աճեցին, աճեցին, աճեցին… Ու Ահարոնը դարձավ այդ հողի մշակը, այդ հողի տերը, զինվորը:
Մինչ այդ փոքր եղբայրը՝ Սասունն էր գնացել, մասնակցել Շուշիի ազատագրմանը: Ինքը՝ Ահարոնը, վարում էր, վարելուց հետո հունձք կար, ծղոտը հակավորել էր պետք: Հետո հողը նորից վարել էր պետք: Արեց այդ ամենն անհատույց: Չէ՞ որ դժվարին ժամանակներ էին, ինքն էլ այդ հողից էր ծնվել, որն իրենն էր ու հարևանինը, իրենն ու համագյուղացունը, իրենն ու հարևան գյուղացունը:
Արարատ ու Արագած լեռան ուղիղ կենտրոնում մի բլուր կա: Բլուրն ի վեր խաչքար է կանգնած: Ամուր կանգնած հայրենի հողին, մի կողմը հենած Արարատին, մյուսը՝ Արագածին, հայացքը՝ դեպի Արցախ աշխարհ: Եվ որպեսզի խաչքարը կատարյալ լիներ, ներքինբազմաբերդցի, խաչքարի հեղինակ Խաչիկ Մելքոնյանն իր բարեկամներից մեկին խնդրել էր, որ Սասնա աշխարհից մի ափաչափ ծլարձակած հող բերի:
Այս մեծ ու փոքր աշխարհում մի փոքր ու մեծ երկիր կա՝ Հայաստան: Այս փոքր ու մեծ Հայաստանում՝ մի փոքր լեռնաշխարհ՝ Թալին: Այս փոքր ու մեծ լեռնաշխարհում մի նորաստեղծ փոքր ու մեծ գյուղ՝ Պարտիզակ: Պարտիզակում՝ մի փոքր ու մեծ զինվոր: Ազատամարտիկ Ահարոն Հարությունյանի որդին՝ Ահարոնը, ծնված իր հոր նահատակվելուց մի քանի ամիս հետո: Ոտքերն ամուր հենած թալինյան ապառաժ հողին, թիկունքը՝ հորը հավերժացնող խաչքարին, և ափերի մեջ հողը ծլարձակող՝ բերված Արցախ ու Սասուն աշխարհից:

«Եղբայր ենք մենք»:
Տասնութամյա Արմենը զոհվել է 1994 թ. ապրիլի 24-ին: Պարզապես մեր վերջին, վերջին զոհերից է եղել: Արմենը եղել է Արարատ ու Զարիկ զույգերի միակ արու զավակը: 1995 թ. մայիսին գրեթե հիսնամյա Զարիկ Ղազարյանը՝ Արմենի մայրը, ծնում է արու զավակ, որին մկրտում են Հարություն: Այստեղ ուզում եմ մի պարզ մեկնաբանություն անել, որը կաներ յուրաքանչյուրն այս պատմությունն իմանալուց հետո: Ես հավատում եմ նախախնամությանը, և եթե աստվածապաշտ ենք ու քրիստոնյա, ուրեմն՝ Երկնավորին:
Մեր վերջին ողբերգություններից ամենից շատ հիշում ենք ապրիլի 24-ը: Մեր բոլոր հաղթանակներից ամենից շատ կհիշվի մայիսը:
Փառք Երկնավորին, որ մի կապույտ առավոտ հանդիպում նշանակեց պարտիզակցի Ահարոնի ու ագարակցի Հարությունի միջև: Նրանք թիկնթիկի ու գրկաբաց քայլեցին իրենց գրկաբաց երկրի միջով, և երակների թշշացող արյունը հուշեց, որ եղբայր են. եղբայր՝ հողով, խաչքարերի զորությամբ ու Երկնավորի աջը՝ հպարտ ուսերին: Քայլեցին, միաժամանակ երգի նման շշնջացին նույն բառերը, նույն սիրով ու նույն հպարտությամբ:
«Արցախն առեղծված է. ինչպես առեղծված է Պայթող աղբյուրը, ինչպես առեղծված է այն ջուրը, որ գոյ է տվել Սանասարին ու Բաղդասարին, առեղծված են այն արալեզները, որոնք Արա արքային հարություն են տվել, առեղծված է Բրաբիոն ծաղիկը, որին ծանոթ թե անծանոթ՝ որոնում ենք, որոնում ենք հոտառությամբ, շոշափելով, արյամբ: Եվ առեղծված է այն զինվորը, ում արյունն իրենից առաջ ընկած գնում է, լուսավորում այն ճանապարհը, որ տանում է դեպի Բրաբիոն ծաղկի կուսական հովիտը»: