Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» ժողովածուի շնորհանդեսը

Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» ժողովածուի շնորհանդեսը
Նոյեմբերի 17-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ քարտուղար Ղուկաս Սիրունյանը, ներկայացնելով բանաստեղծին, ով գրել է իր կյանքի բոլոր փուլերում, բայց տարօրինակ անփութության պատճառով չի հրատարակել, նշեց, որ ժողովածուում 60-ականներից սկսած բոլոր տարիների Ա. Նազարյանն է՝ իր մտորումներով, աշխարհի ու կյանքի հանդեպ իր կեցվածքով: «Գիրքը թերթելիս հաճելի անդրադարձ ես ունենում անցած ճանապարհի, 60-ականներից մինչև մեր օրերի գեղարվեստական արտացոլանքը տեսնում ես բանաստեղծության հետաքրքիր ձևերի մեջ»,- ընդգծեց նա:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանի հավաստմամբ՝ մամուլում հրապարակած իր բանաստեղծական շարքերով, բանասիրական հետազոտություններով, հրապարակախոսական հոդվածներով Ա. Նազարյանը սիրված ու ճանաչված է եղել գրական շրջանակներում: Գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանն անդրադարձավ գրքի խորագրին, նշելով, որ այն ակնարկում է մասունքների մի դարան, հավաքածու, մի տուփ, որտեղ իր նվիրական ապրումներն են, զգացումները: Ապա ընդգծեց Ա. Նազարյանին բնորոշ երկու հանգամանք՝ բանաստեղծությունների անկեղծությունը և բանաստեղծի հայեցի լեզվամտածողությունը:
Ելույթ ունեցան նաև բան. գիտ. դոկտոր Արա Առաքելյանը, գրող Վրեժ Սարուխանյանը, Նիկոլայ Շահնազարյանը: Ա. Նազարյանի գործերից կարդացին ռեժիսոր Սամվել Միքայելյանը, Մանե Գալստյանը, Սուսաննա Հովհաննիսյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արտավազդ Նազարյանը: