ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 2021 Թ.-Ի ՄԱՅԻՍԻ 26-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ  2021 Թ.-Ի ՄԱՅԻՍԻ
26-
Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Բացելով նիստը ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց քննարկվող հարցերը։ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց ՀԳՄ կանոնադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ երկու տարի անընդմեջ անդամավճար չմուծող անդամները զրկվում են անդամությունից: Առաջարկը հանգամանորեն քննարկվեց, ելույթներ ունեցան Գուրգեն Խանջյանը, Արևշատ Ավագյանը, Արմեն Ավանեսյանը, Անդրանիկ Կարապետյանը: Առաջարկվեց այդ մասին «Գրական թերթում», նաև ՀԳՄ կայքում ու ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ տեղյակ պահել ՀԳՄ բոլոր անդամներին։ Ներկայացվեց Հայաստանի ստեղծագործական միությունների անդամավճարների չափը, որ հիմնականում 5000 դրամ է, մեկինը՝ 4000։ Առաջարկվեց մեր միության 1000 դրամ անդամավճարը 2022 թվականից սահմանել 4000 դրամ։ Ձայների մեծամասնությամբ որոշվեց 2022 թ.-ից ՀԳՄ անդամների անդամավճարը սահմանել 4000 դրամ։

Այնուհետև ելույթ ունեցավ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ ստեղծագործական տունը լիովին կատարել է պարտավորությունները, նաև սպասարկել է համաճարակով հիվանդներին, այնուհետև՝ Արցախի փախստականներին: Այժմ համապատասխան աշխատանքներ են կատարվում միության անդամներին ընդունելու համար: Հաշվի առնելով ստեղծագործական տան ֆինանսական վիճակը՝ առաջարկեց, որ նոր ընդունված անդամները ստեղծագործական տնից օգտվելու իրավունք ունենան ընդունվելուց չորս տարի անց:

Առաջարկը քվեարկվեց և ընդունվեց:

Այնուհետև նախագահության նիստն անդրադարձավ ՀԳՄ անդամների ընդունելությանը: Էդ. Միլիտոնյանը առաջարկեց ընդունելությունը անցկացնել փուլերով: Քանի որ Արցախի գրողների միությունը առանձին  է կատարում անդամների ընդունելությունն ու համալրում ՀԳՄ շարքերը, որոշվեց այս փուլում ՀԳՄ մասնաճյուղերի երաշխավորությամբ ընդունել՝ Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի հեղինակներին: Մասնաճյուղների հեղինակներից հետո նույն սկզբունքով կատարվեց նաև արտերկրի հեղինակների ընդունելությունը:

ՀԳՄ նախագահը ընթերցեց առաջադրվող անդամների ամբողջական ցանկը։ Առաջադրվող ցանկը ընդունվեց միաձայն:

Այնուհետև որոշվեց Հայաստանում բնակվող հեղինակների ընդունելությունը անցկացնել հետագայում՝ «Գրական թերթում» ՀԳՄ պաշտոնական հայտարարությունից հետո:

Վերջում, ՀԳՄ Գյումրիի բաժանմունքի տարածքի հարցով որոշվեց դիմել տեղի մարզպետարանին:

Դրանով նախագահության նիստն ավարտեց աշխատանքը:

ՀԳՄ  ՆԱԽԱԳԱՀ՝                   ԷԴ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ