ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ

Շուրջ 2 տարի 7 ամիս շարունակվում է ՀՀ վարչական դատարանիում ՀՀ Գրողների միության անշարժ գույքերի ( շենքերի) վերաբերյալ դատը։ Այդ ընթացքում կայացել են մի շարք դատեր, որտեղ ՀՀ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեին՝ վերոնշյալ գույքերին սեփականության իրավունք տալու վերաբերյալ, ինչը, փաստորեն, կայացվել էր 27 տարի առաջ։ Վարչական դատարանում ՀԳՄ-ն հրավիրված է որպես երրորդ անձ։ Սակայն տուժող կողմը հենց ՀԳՄ-ն է լինելու։

ՀԳՄ-ն ներկայացրել է փաստական ողջ պատմությունը, հատկապես որ 1934 թ., երբ կազմավորվել է ՍՍՀՄ Գրողների միությունը, նրան զուգահեռ ստեղծվել է ՍՍՀՄ ոչ-պետական գրական հիմնադրամը, որը ՍՍՀՄ գոյության տարիների ընթացքում կառուցել, վերանորոգել է շենքեր, ինչպես նաև հատկացրել աշխատավարձեր, այդպիսով կազմակերպել է ՍՍՀՄ և առանձին հանրապետությունների գրական բաժանմունքների հիմնադրամների միջոցով գրական-ստեղծագործական կենսագործունեությունը։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյացել են դասական և ժամանակակից գրողների հոնորարների մասհանումներից, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր գրող մեր սեփականության նկատմամբ ունի գույքատիրոջ իրավունք։ Անկախության տարիներին ՀԳՄ-ա է հոգացել գույքերի հետ կապված բոլոր ծախսերը։ Այս բոլոր տվյալները դատարանում մանրամասն ներկայացրել է «Լև գրուպ» փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ։ Բացակայել են այդ շենքերը պետական լինելու որևէ հիմնավորում։

Վարչական դատարանում քննարկվել է գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան վերաբերյալ հայցը (դատավոր՝ Ռուզաննա Ազրոյան)։ Դատավորը հսկայական վերլուծություն է կատարել բազմաթիվ օրենսդրական  և մեր կողմից ներկայացված տեղեկությունների շուրջ և կայացրել է վճիռը՝ մերժել դատախազության հայցը՝ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Վճիռը օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո, եթե…

ՀԳՄ-ն իր շնորհակալությունն է հայտնում այս ընթացքում գործած «Լև գրուպ» փաստաբանական խմբին, նրա ղեկավար Լևոն Բաղդասարյանին և դատավոր Ռուզաննա Ազրոյանին՝ Հայաստանում արդարադատության առաքելությունն ու պատիվը ճշմարիտ պահելու համար։

Մենք հավատում ենք, որ մյուս դատարաններն ու դատերը մեր անշարժ գույքի վերաբերյալ կլինեն նույնքան հիմնավորված և արդարացի։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ