Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ ՀԳՄ-ում

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ ՀԳՄ–ում
Հոկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Գրողների Միության մեծ դահլիճում տեղի ունեցավ մեծ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթը և Վարպետի հոբելյանի առթիվ կազմված «ԵՍ ՁԵԶ ԱՍՈՒՄ ԵՄ » հոդվածների անթոլոգիայի շնորհանդեսը։ Անթոլոգիան կազմել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ գրքում ընդգրկված են 23 ժամանակակից հեղինակների հոդվածներ և գրախոսություններ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ընդգծելով, որ 2025 թվականը Իսահակյանին նվիրված տարի է, և տարվա ընթացքում ՀԳՄ գրական բաժանմունքները, հատկապես Շիրակի բաժանմունքը Անդրանիկ Կարապետյանի ղեկավարությամբ, իրականացրել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Իսահակյանի ստեղծագործական ժառանգությանը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Ավիկ Իսահակյանը, ՀԳՄ թատրոնի ղեկավար Սամվել Բաղինյանը և ճանաչված դերասանուհի Գրետա Մեջլումյանը։
Սամվել Բաղինյանն ու Գրետա Մեջլումյանը հանդիսատեսին ներկայացրին Իսահակյանի բանաստեղծական խոսքը բարձրարվեստ ասմունքով։ Առանձնապես տպավորիչ էր «Աբու – Լալա Մահարի» պոեմի նոր մեկնությունը։

Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ և աշակերտներ։
Միջոցառման ավարտին ներկաները ջերմ ծափահարություններով շնորհավորեցին նաև Ավիկ Իսահակյանին՝ Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանանալու կապակցությամբ։

Օրը նշանավորվեց Ավետիք Իսահակյանի բարձր գրականությամբ և անմոռանալի տպավորություններով։



