Աջակցություն գրողին

             2005 թ.-ին, «Պետության գերակա շահ» անվան տակ, բանաստեղծուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, ՀԳՄ անդամ Գոհար Գալստյանի Երևանի Բուզանդի 11 հասցեում գտնվող սեփական բնակարանը քանդվել է և նա՝ մինչ օրս անհատույց տնազրկվածի կարգավիճակով, արդեն 18 տարի, տնից տուն ընտանիքով դեգերում է վարձակալած տարբեր բնակարաններում։ Չստորագրելով ոչ մի պայմանագիր, այդ տարիների ընթացքում նա նախ՝ տեղական, ապա՝ եվրոպական դատարարաններում արդարություն փնտրելով և այդպես էլ չգտնելով, 2019 թ.-ից վերսկսած նոր դատական քաշքշուկից ևս ոչ մի արդյունք չստանալով, մի բան էլ՝ այդ մերժող ատյանների պետական հսկա տուրքերը վճարելու հարկադրանքով, հայտնվել է 3.600.000 դրամ տուրքի վճարման փաստի առաջ, որը գոյացել է դատական ատյաններում հարցը «վաղեմության ժամկետն անցած» համարելու մասին անհեթեթ ձևակերպումով: Այսպիսով Գոհար Գալստյանն ու նրա ընտանիքը  տնազրկումից զատ հայտնվել են նոր անհաղթահարելի ֆինանսական բեռի տակ։ Իսկ վերջին օրերին՝ տանտիրոջ պահանջով հերթական վարձակալած բնակարանն ազատելու, ուրիշը գտնելու, տեղափոխվելու ընթացքը հերթական փորձությունն էր նրա համար՝ թե՛ հոգեբանական ու ֆիզիկական, թե՛ նյութական վատնումներով, քանի որ Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում վարձակալության գները շեշտակի բարձրացել են և Գոհար Գալստյանը ոչ միայն նման գումարներ վճարելու ոչ մի հնարավորություն չունի, այլ դեռ՝ տուրքի առկայությամբ նրա աշխատավարձը ևս ներկա պահին արգելանքի տակ է, բանկային հաշվեհամարը՝ արգելափակված։

       Այսինքն՝ միանգամայն անմեղ մարդիկ, անարդարության զոհ դառնալուց զատ՝ հայտնվել են անհասկանալի պատժամիջոցների տակ: Եթե սա է արդարադատությունը, ո՞ւր է երկրի պատասխանատվությունը իր արժանավոր քաղաքացու, իր գրողի նկատմամբ:

             ՀԳՄ նախագահության անունից 2015թ.-ին, Գոհար Գալստյանի կից նամակով, այս հարցով դիմել ենք ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին և արդյունքի չենք հասել։ 2023 թ.-ի մայիսին դարձյալ Գ. Գալստյանի կից նամակով դիմել ենք Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին և ստացել ենք անորոշ պատասխան՝ ներկայումս բնակարանային տարածքներ և աջակցելու հնարավորություն չունենալու պատճառաբանությամբ։ Ուրեմն, էլ որտե՞ղ փնտրենք արդարությունը. թողնենք, որ քմահաճորեն՝ ոչ թե ըստ «Պետական գերակա շահի», այլ ըստ ոմանց գերակա շահի իր սեփական տնից վռնդված մտավորականը վերջնականապես անհուսությա՞ն մատնվի: Այս անելանելի վիճակում՝ մեր տաղանդավոր գրող, բազմաթիվ մրցանակների արժանացած բանաստեղծ, Գրականության և արվեստի թանգարանի երկարամյա ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանի համար որպես հարցի անհետաձգելի լուծման վերջին հույս, մենք ակնկալում ենք հանրային աջակցություն՝ մտավորականության, գործարարների, հիմնադրամների գործուն մասնակցությամբ:

             ՀԳՄ նախագահության և գրական համայնքի անունից կանխավ մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր արձագանքողներին.

            Աջակցության հաշվեհամարն է՝ 1510013745125146 Արարատ բանկ։