Աջակցել գրականությանը՝ նշանակում է աջակցել ժողովրդի հոգևոր հարստությանը

Աջակցել գրականությանը՝ նշանակում է աջակցել
ժողովրդի հոգևոր հարստությանը

Փետրվարի 4-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ առաջին հարկում տեղադրված «Մեր բարերարները» Պատվո տախտակի բացումը: Այստեղ զետեղված են հայ գրական կյանքի խթանմանն աջակցող բարերարների՝ Արա Աբրահամյանի (Ռուսաստանի Դաշնություն), Հրանտ Սիմոնյանի (ԱՄՆ) և Օքրո Օքրոյանի (1939-2003 թթ., Վրաստան) անունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ գրականությանն աջակցելը աջակցություն է մեր ժողովրդին, նրա հոգևոր կրթությանն ու հոգևոր հարստությանը, նշեց, որ Արա Աբրահամյանը, Հրանտ Սիմոնյանը, Օքրո Օքրոյանը տարիների ընթացքում իրենց նպաստն են բերել Գրողների միու­թյան աշխատանքների կազմակերպմանը՝ ստեղծելով այնպիսի գրական մթնոլորտ, որտեղ գերակայում է գրականության շահը, հարգանքը դեպի գրականությունը: «Մենք այդ մարդկանց հարգելու այս ձևն ենք ընտրել, որովհետև ՀԳՄ-ում նրանց անունը մնալու է, հարատևելու է, և դա պարտավորեցնում է և՛ մեզ աջակցողներին, և՛ մեզ»,- ասաց նա:
Էդ. Միլիտոնյանն այնուհետև անդրադարձավ գրական բարերարների գործունեությանը, տեղեկացնելով, որ ռուսաստանաբնակ գործարար, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն սկզբնական շրջանում աջակցել է գրական աշխատանքների կազմակերպմանը, ապա ցուցաբերել ծրագրային աջակցություն գրական գործերին, հատկապես՝ արձակին: Հետագայում ավելացել են նաև մանկապատանեկան գրականություն և դրամատուրգիա ժանրերը:
Ամերիկահայ բարերար, գրող Հրանտ Սիմոնյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Գրողների միությունը. «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի հովանավորությամբ ամեն տարի ՀԳՄ-ում անց է կացվում մրցանակաբաշխություն` խրախուսելով աչքի ընկած գրողներին, նպաստելով գեղարվեստական գրականության տարածմանը: Էդ. Միլիտոնյանը նշեց նաև, որ անցյալ տարի Գրողների միությունում հանդիսավորապես նշվել է Հրանտ Սիմոնյանի 90-ամյակը:
Գրողների միությանը մշտապես օժանդակել է նաև Օքրո Օքրոյանը՝ տարիներ շարունակ աջակցելով և՛ մամուլի, և՛ ԳՄ-ի աշխատանքներին: «Օքրո Օքրոյան անուն-ազգանունը մենք հավերժացրինք մեր շենքում, քանի որ նրա ընտանիքը, չափազանց արվեստասեր լինելով, նպաստում է հայ մտավոր կյանքի զարգացմանը»,- նշեց նա:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն ընդգծեց, որ միության հիմնադրումից հետո հանրապետության ստեղծագործական և գիտական մտավորականության գործունեությունը մշտապես գտնվել է միության նախագահ Արա Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով օժանդակել, օգնել մտավորականությանը և նպաստել մտավոր կյանքի աշխուժացմանը: «Եթե առաջին տարիներին դա զուտ բարեգործական բնույթ էր կրում, ապա հիմա կազմակերպչական լուրջ ձևեր է ձեռք բերել: Մենք աշխատում ենք և՛ Ազգային ակադեմիայի, և՛ ստեղծագործական միությունների հետ»,- ասաց նա և հայտնեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունը՝ «Համազգային միասնությունը ուժի և հզորության աղբյուր» խորագրով, նվիրված է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Կմասնակցեն նաև Սփյուռքի, Արցախի գրողները:
Ըստ Օքրո Օքրոյանի հիմնադրամի ներկայացուցիչ, բանաստեղծ Արտակ Ոսկանյանի՝ Օքրո Օքրոյանը Հայաստանի գրողների միության անդամ էր, և հիմնադրամը պարտավոր է արձագանքել գրական այս ընտանիքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին:
Օ. Օքրոյանի դուստրը՝ Անահիտ Կիչյանը, հավաստիացրեց, որ իր հայրը միշտ էլ հանդես է եկել ամեն տեսակ նեգատիվ երևույթների դեմ, որոնք խանգարել են հայ ժողովրդի զարգացմանն ու առաջընթացին: Ապա արժևորելով գրողների դերը մշակութային կյանքում՝ ասաց. «Հույս ունենք, որ գրողները, ստանալով հիմնադրամի աջակցությունը, կկարողանան օգնել հայ ժողովրդին` դարձյալ իր մշակույթով առաջինը լինելու աշխարհում և խոսք ասելու բոլոր ժողովուրդներին»:
Ելույթ ունեցան նաև նախորդ տարիների մրցանակաբաշխությունների մրցանակակիրներ Գրիգոր Ջանիկյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գոհար Գալստյանը:
Արձակագիր Գ. Ջանիկյանն արժևորեց հայ ժամանակակից վիպասանության զարգացման գործում Արա Աբրահամյանի ներդրումը, քանի որ առաջին անգամ մրցանակը տրվում էր վեպին: «Յուրաքանչյուր գրող այն տարիներին իր դարակում ուներ մի կիսատ վեպ, և ասես մի շարժում սկսվեց. բոլորն իրենց դարակներից հանեցին վեպերը, ավարտեցին ու ներկայացրին մրցանակաբաշխության»,- հիշեց նա:
Արձակագիր Ա. Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց Ա. Աբրահամյանի հիմնադրամի հովանավորությամբ անցկացվող մրցանակաբաշխության «Հայը 21-րդ դարում» խորագիրը, քանի որ, նրա հավաստմամբ, հենց գրողը պիտի ներկայացնի դարը: Ա. Հովհաննիսյանը գլխավոր խնդիր համարեց գրական գործերի թարգմանությունը, ինչը հնարավորություն կտա ճանաչելի լինել ողջ աշխարհում:
Բանաստեղծուհի Գ. Գալստյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն անելով՝ խթանում են հայ գրականության արժեքների վերհանմանը, խրախուսում են ժամանակակից հեղինակներին՝ նոր գրքեր գրելու:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ