ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արձակագիր, հրապարակագիր, ՀԳՄ անդամ 2016թ.
Ծնվել է 1959թ. հուլիսի 20-ին Երևանում: Արմատները՝ Սվազից (Սեբաստիա) և Ղարսից։
1966-76թթ. ստացել է միջնակարգ կրթություն, 1977-81թթ. ուսանել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանա-տնտեսագիտական (տնտեսագիտություն) և Հասարակական մասնագիտությունների (իրավագիտություն) ֆակուլտետներում, ապա 1983-85թթ. Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժնում, ինչպես նաև 1993-94թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում (քաղաքագիտություն և կառավարում):
1983 թվականից մասնագիտական աշխատանքային գործունեություն է իրականացրել ՀՀ պետական կառույցներում, բանկային համակարգում և մասնավոր հատվածի հիմնարկություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ և/կամ հանդիսանալով դրանց հիմնադիր: Ունի ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: Երկար տարիներ եղել է ռազմաարդյունաբերական համալիրի տարբեր ձեռնարկությունների տնօրենների խորհրդի անդամ։
Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-ի Ազգային Զարթոնքի շարժմանը և ՀՀ սահմանների պաշտպանությանը:
1979թ. սկսած՝ գրական («Գարուն», «Ոզնի», «Գրական թերթ», «Նորք», «Նարցիս», «Անդին», «Դրամատուրգիա», «Լիտերատուրնայա Արմենիա» և այլ) ու պարբերական մամուլում («Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Ազգ», «Հրապարակ», «Անկախություն», «Իրավունք» և այլ), ինչպես նաև տարբեր կայքերում (tatron-drama.am, hraparak.am, hetq.am, bnagir.am և այլ) հրապարակվել են Աշոտ Հովսեփյանի ստեղծագործությունները՝ պիեսներ, պատմվածքներ ու մանրապատումներ, հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ ու աֆորիզմներ։
1983-1990թթ. նկարահանել է ոչ պրոֆեսիոնալ համարվող ուսանողական և հեղինակային ֆիլմեր, մասնակցել հանրապետական ու նախկին միութենական փառատոնների (որպես կուրսային աշխատանք նկարահանած՝ «Սատանայական անիվով սարքը» կարճամետրաժ ֆիլմի համար 1985թ. արժանացել է «Լավագույն դեբյուտի» մրցանակի)։
1985–1990թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է պրոֆեսիոնալ տարբեր կինոֆիլմերի արտադրության աշխատանքներին։
1989-1998թթ. Մոսկվայում ու Երևանում մասնակցել է լիամետրաժ կինոֆիլմերի սցենարների տարբեր մրցույթների, արժանացել մրցանակների։
2003-2005թթ. իրականացրել է ռադիոբեմականացումներ սեփական և այլ հեղինակների ստեղծագործությունների մոտիվներով («ՀայFM 105.5» և «ՌադիոՀայ» ռադիոկայաններում):
ԵՐԿԵՐ
- 2013թ. «Զանգակ» հրատարակչությունում լույս է ընծայվել Աշոտ Հովսեփյանի արձակ ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն՝ «Հերվան ձյունի փնտրտուք» խորագրով:
Աշոտ Հովսեփյանի ստեղծագործությունները թարգմանաբար հարապարակվել են ռուսերեն ու սերբերեն, ներկայացված են համացանցային այլ տիրույթներում ու կայքէջերում, ինչպես նաև տեղի և արտերկրի անթոլոգիաներում, ՀԳՄ «Արձակ դաշտեր», «Արձակ դաշտեր-2» և «Պոեզիա» տարեգրքերում, «XXI դարու Հայ Գրականութիւն» մատենաշարի «Ձայն հայրենական», հայկական աֆորիզմների «Блиска дальина» (սերբերեն) և այլ ժողովածուներում:
Ներկայումս տպագրության են պատրաստ «Եռաբլուր. պիտի որ խամրեն մահերը…» պատումնաշարը՝ նվիրված Արցախյան ազատամարտի նահատակաց հիշատակին, պատմվածքների և մանրապատումների «Խայտաբղետ քրոնիկոն մարդոց ու կենդանյաց» ու «Մածնի գույնը. Կատարյալ անկատարության բավիղներում» էսսեների և հոդվածների ժողովածուները, ինչպես նաև «Փիղը մրջյունի որովայնում» վեպը։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2025թ. – «ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» բարեսիրական կազմակերպության և ՀԳՄ համատեղ անցկացրած՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» գրական մրցանակաբաշխության «ԱՐՁԱԿ» անվանակարգում 1-ին մրցանակ («Եվ արև կծագի…» վիպակի համար),
2025թ. – ՀԳՄ և «Տոնապետ» գրական մրցույթի հանձնախմբի համատեղ անցկացրած՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի «ՏՈՆԱՊԵՏ-2024» 2-րդ մրցույթի դիպլոմ («Հոգեվարք» պատմվածքի համար),
2023թ. – Ռուսաստանի հայերի միության, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի և ՀԳՄ համատեղ անցկացրած՝ «ԴԱՐ 21» մրցանակաբաշխության «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՁԱԿ» անվանակարգում (երեք պատմվածքներից կազմված շարքի համար)՝ 2-րդ մրցանակ (1-ին մրցանակ չի շնորհվել),
2015թ. – ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխության «ԱՐՁԱԿ» անվանակարգում՝ դիպլոմ («Առաջին մարտը. բարձունքի գրավումը…» պատմվածքի համար),
2009թ. – Ճանաչվել է ՀԳՄ «Կարճ պատմվածք – 2009» մրցույթի հաղթող («Խաղագումար» ստեղծագործության համար),
2006թ. – Երգիծական մանրապատումների «Լավագույն սցենար» հանրապետական մրցույթի մրցանակակիր («Կոալիցիոն ձվածեղ» սցենարի համար):
Հասցեն՝ Երևան 99, Արզումանյան 43, բն. 4.
Հեռ. հեռ. (091) 55-68-68 և (094) 04-68-68 (բջջ.)
Էլ.փոստ՝ ashothovsepyan907@gmail.com