ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանչուհի Անահիտ Պարսամյանը:
Անահիտ Պարսամյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1969-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1970-79-ին աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1979-81-ին սովորել և ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները: 1982-ից եղել է «Գրական թերթի» թարգմանության և ինֆորմացիայի, այնուհետև հրապարակախոսության և ակնարկի բաժնի վարիչ: ՀԳՄ անդամ է 1975 թվականից: 1973 թ. լույս տեսած առաջին «Փյունիկ» բանաստեղծությունների ժողովածուն լայն արձագանք գտավ ինչպես ընթերցողների, այնպես էլ քննադատության կողմից: Նրա հետագա ժողովածուները ` «Խոստովանանք» (1977 թ.), «Օրվա հեքիաթներ» (1982 թ.), «Ժամ հարության» (2004 թ.), «Կրակ և մոխիր» (2014 թ.) և այլն, եկան հաստատելու, որ հանձին Պարսամյանի, հայ գրականություն է եկել ինքնատիպ ևս մի բանաստեղծուհի: Անահիտ Պարսամյանը ստեղծագործել է նաև երեխաների համար: «Արքայադուստրը» (1975 թ.), «Երկնագույն ափսեն» (1980 թ.) ժողովածուներում ընդգրկված հեքիաթները, «Ինչ են խոսում կեռասները» (1985 թ.) մանկական բանաստեղծությունները երեխաների ամենասիրված գործերի շարքում են: Գրել է նաև «Աշոտ Երկաթի խաչը» վիպակը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ: Նրա գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարիա Ցվե- տաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասի և հնդկական էպոսի «Մահաբարատայի» չափածո հատվածների թարգմանությունները:
Նրա ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, էստոներեն, վրացերեն և այլ լեզուներով:
2004 թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով: