ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ

ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ
Կյանքի 69-րդ տարում մահկանացուն կնքեց քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն /Ալիխան Մամեի Մուսոյան/:
Ալիխանե Մամեն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում /այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ/: 1966-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1973-ին Երևանի պետհամալսարանի ժոուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է ,,Պիոներ կանչ,, , ,,Հայաստանի աշխատավորուհի,, խմբագրություններում, պետական գրապալատում, 1979 թվականից ,,Սովետական գրող,, հրատարակչությունում: ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, հիմնադրել մի շարք հասարակական կազմակերպություններ: ՀԳՄ անդամ է1988 թվականից: Գրում էր քրդերեն և հայերեն, դպրոցական տարիներից տպագրվելով գրական մամուլում: Բանաստեղծությունների առաջին գիրքը ` ,,Կենաց ծով,, /1983/ խորագրով, ջերմորեն ընդունվեց ընթերցասեր հասարակայնության և գրաքննադատության կողմից: Հաջորդ գրքերը` ,,Քարը,,/1987թ./, ,,Հող և հաց,, /2004 թ. քրդերեն/, ,,Զագրոսի լույսերը,,/2008թ. քրդերեն/, ,,Նուրանի,,/2010թ, քրդերեն/, նոր գույն էին քրդական և հայ գրականության ներկապնակում: Նրա ստեղծագործության հենքը, պատկերային համակարգի աղբյուրը քրդական և հայկական բանահյուսությունն էր: Վերջին տարիներին ,,Զագրոս,, թերթի գլխավոր խմբագիրն էր: Առանձին գրքով հրատարակվել է նրա ,,Երկխոսություն,, հրապարակախոսական ժողովածուն: Մեծ է նրա վաստակը քրդական լեզվի և գրականության զարգացման գործում: Նրա ջանքերով են ստեղծվել քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների մայրենի լեզվի և գրականության դասագրքերը: Ալիխանե Մամեի բանաստեղծական շարքերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով:
2012 թվականին նրա գործունեությունը գնահատվել է կառավարական պարգևով` ,,Մովսես Խորենացի,, մեդալով:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ալիխանե Մամեի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ից Արագածոտնի մարզի Կոշ գյուղում:

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում