ԶԱՀՐԱՏ -100
ԶԱՀՐԱՏ -100
Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողների մասնակցությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց պոլսահայ գրականության, Զահրատի պոեզիայի առանձնահատկությունների, Հայաստանում նրա ստեղծագործությունների տարածման ու նրա հետ ունեցած հանդիպումների մասին: Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նշեց, որ Զահրատի 100-ամյա հոբելյանն այս տարվա ուսանողների համար նրան ավելի շատ կարդալու ու սիրելու առիթ էր: Ս.Դանիելյանի կարծիքով՝ ամեն սերունդ նորովի է ընկալում Զահրատին, սիրում ու ապրում նրանով:
Գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն ասաց, որ «Զահրատը մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկն է՝ իր սերնդի բանաստեղծների առաջնորդներից, և՛ իր մտածողությամբ, և՛ իր պոեզիայով»: Նա բարձր գնահատեց Սուրեն Դանիելյանի կազմած և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի համագործակցությամբ հրատարակած Զահրատի «100 բանաստեղծություն» ժողովածուն: Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը գրականգիտական հետաքրքիր վերլուծությամբ անդրադարձավ Զահրատի պոեզիային՝ բացահայտելով պոլսահայ գրականության մեջ նրա հսկայական ներդրումը:
Գոհար Գալստյանը խոսեց Զահրատի մասին՝ որպես բանաստեղծի, ինչպես նաև՝ Գրականության և արվեստի թանգարանում նրա անվանական հավաքածուի գիտական մշակողի:Նա տեղեկացրեց, որ Զահրատի մասին Կանադայի «Հորիզոն» թերթում իր հարցազրույցն ու բանաստեղծությունն է տպագրվել և ընթերցեց այն: Հերմինե Նավասարդյանն արտասանեց Զահրատին նվիրված իր բանաստեղծությունը:
Ձեռնարկի ընթացքում համալսարանի ուսանողները տպավորիչ արևմտահայերենով արտասանեցին Զահրատի բանաստեղծություններից: Ժաննա Հովհաննիսյանը կատարեց Զահրատի «Կաղանդի ծառ մը» բանաստեղծության հիման վրա Պերճ
Թյուրաբյանի գրած երգը: Օրը
շնչում էր զահրատյան բանաստեղծության ղողանջներով՝
հաստատելով, որ մեծ բանաստեղծների համար դարը սկիզբն է հավերժության: