ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Երևանում է ծնվել 1944 թվին, 1967-ին ավարտել Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1968-ին ընդունվել է պետհամալսարանի ասպիրանտուրա, այնուհետև ուսումը շարունակել ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1973 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Ազատության կոնցեպցիան Ավ. Իսահակյանի արձակում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1974-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 1977 թ. տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։ 1987-ին պաշտպանել է ատենախոսություն «Ավ. Իսահակյանը և ռուս. գրականությունը» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1986-1988 թթ. համատեղության կարգով աշխատել է Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 2008-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն և աշխատել մինչև 2015 թվականը։  Մինչև օրս ինստիտուտի տեքստաբանության բաժնի վարիչն է և տնօրենի խորհրդականը։

1975-1993 և 2000-2008 թթ. հայ և համաշխարհային գրականություն է դասավանդել Երևանի պետհամալսարանում։ 2009-ին բուհի կողմից ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում։

Հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի քսանից ավել գրական երկեր, որոնք հրատարակվել են Երևանում, Մոսկվայում, Վենետիկում, Լոս Անջելեսում և Դամասկոսում։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ղեկավարում է Ավ. Իսահակյանի երկերի  լիակատար հրատարակության (14 հատոր) գիտական խումբը և արդեն հրատարակվել է 12 հատորը։

Հեղինակ է 300-ից ավել գիտական աշխատությունների, հրապարակումների և հոդվածների։ 2012-2022 թթ. եղել է հայագիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։

 Ավ. Իսահակյանը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ է։ 2017-ին պատևատրվել է Ռուսաստանի Դաշնության պետական Ա.Ս. Պուշկինի անվան մեդալով 2019-ին՝ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ ԳԱԱ վաստակագրով և Մեծարման գրով։ Պարգևատրվել է ՀՀ և ՌԴ պետական մեդալներով։ Գյումրիի պատվավոր քաղաքացի է։

Շնորհավորում ենք Ձեզ, պարոն Իսահակյան, և շնորհակալություն հայտնում կատարած բազմաշերտ աշխատանքի, Ձեր հանճարեղ պապին՝ Ավ. Իսահակյանին նոր տեսանկյունից աշխարհին ներկայացնելու, մեր արժեհամակարգը աներեր պահելու համար։

Ձեզ պինդ առողջություն և նորանոր գործեր։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ