ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

Կյանքի 75-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆԸ։ Նա անցյալ դարի 60-70-ական թվականների թարգմանիչների հրաշալի սերնդի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն էր։

Այսօր դեռևս դժվար է ամբողջականորեն գնահատել Գ. Կուբատյանի ներդրումը հայ դասական և ժամանակակից գրականությունը ռուսալեզու ընթերցողին ներկայացնելու գործում։ Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել արևմտահայ բանաստեղծներից (Ռուբեն Սևակ, Գուրգեն Մահարի և ուրիշներ), որոնք լույս են տեսել Մոսկվայում։

Հայաստանից դուրս օտարալեզու ընթերցողը քաջ ծանոթ է Գ. Կուբատյանին նաև որպես Օ. Մանդելշտամի ստեղծագործությունների հետազոտողի։ Պատահական չէ, որ նա ներառվել է Մոսկվայում լույս տեսած Մանդելշտամյան հանրագիտարանի հեղինակների ցանկում։

Հայ և ռուս գրականությունների խոր փոխառնչությունների մասին են վկայում Ա. Բիտովի, Վ. Գրոսմանի, Յու. Կարաբչիևսկու, Ա. Ախմատովայի, Մ. Ցվետաևայի, Բ. Պաստերնակի, Դ. Սամոյլովի և հայ մշակույթի ու գրականության հետ կապված այլ ռուս գրողների ու թարգմանիչների ստեղծագործություններին նվիրված Գ. Կուբատյանի ուսումնասիրությունները, որոնք առանձին գրքով՝ «Ворованный воздух» («Գողացված օդ») հրատարակվել են Հայաստանում։

Նրա թարգմանություններն ու գրաքննադատական հոդվածները սիրով տպագրում էին ԽՍՀՄ և Ռուսաստանի կենտրոնական գրական հանդեսները՝ «Նովի միր», «Մոսկա», «Յունոստ», «Դրուժբա նարոդով» և այլն։

Գ. Կուբատյանի թարգմանչական գործունեությունը բարձր է գնահատվել գրական հանրության և ժողովրդի կողմից, նա արժանացել է ՀԳՄ և Ս. Էջմիածնի համատեղ սահմանած «Կանթեղ» մրցանակին։

Գ. Կուբատյանի անունն ու վաստակը մշտապես կմնան ընթերցողների, գրչակիցների, բոլոր նրան ճանաչողների և հարազատների սրտերում։

Գեորգի Կուբատյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա
սեպտեմբերի 1-ին Քանաքեռի սուրբ Հակոբ եկեղեցում, ժամը 17-19-ը։

Հուղարկավորությունը՝ ՀԳՄ-ից, սեպտեմբերի 2-ին, ժամը 11-13-ը։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ