Վրեժ Իսրայելյան

Վրեժ-Իսրայելյան

Հաճախ եմ քեզ հետ զրուցում հիմա, մի բան, որ, խոստովանեմ, վերջին շրջանում այդպես չէր (թեև հանդիպելիս նույնն էր ջերմությունը):
Ցավիդ մասին էլ չգիտեի. նախ` որ նվնվան չէիր, ցավիդ չոփերը գերան դարձնող, բոլոր ուղղություններով ճոճող, ապա` ցավդ այլոց վզին փաթաթող չէիր…
Ինը տարով կրտսեր էիր ինձնից, և ավելի բնական կլիներ, որ այդ տարբերությունը գնալով քչանար… Բայց ես ակամա ինը տարուց մի քառասունքո՛վ էլ ավելի տարեց եմ դառնում…
Սակայն, նորից ու նորից անկրկնելի քո կերպարին ու քո գործին նայելով, հիշում եմ անբեկանելի ճշմարտությունը, որ մարդու կյանքը (բարեբախտաբար) միայն տարիներով չի չափվում:

Նոր ընկերներ ձեռք բերելու հարցում (անկախ և՛ տարիքից, և՛ զբաղմունքից, և՛ դիրքից) մագնիսի հատկություն ունեիր: Եվ լինում էր, որ քո նոր ընկերներից ոմանք դառնում էին նաև քեզ ավելի վաղ ընկերացածների ընկերները:
Գոհունակությամբ ու շնորհակալությամբ պիտի ասեմ, որ ինքս էլ ինձ հարուստ եմ զգացել (և զգում) նման ընկերակցություններից: Բայց, իհարկե, պարտադիր չէր, որ քո բոլոր ընկերները կապված լինեին իրար հետ կամ մոտ լինեին միմյանց:
Սակայն կար մի զգացում, որ, կարծում եմ, ընդհանուր էր. այն, որ բոլորը քո ընկերներն էին (անկախ տարիքից, զբաղմունքից ու դիրքից): Կուզենայի, որ այդ զգացումը չկորչեր:

Բազմազբաղ էիր, բազմապիսի հետաքրքրու­թյուններով տարված, նրանցից ո՛չ մի պարագայում չկտրված, բայց և ամենալարված իրադրություններում անգամ քեզ չկորցնող, իրար չխառնվող ու դրանով շրջապատիդ էլ հանգստացնող ու գործն առաջ տանող:
Բայց կար քո բոլո՜ր-բոլոր հետաքրքրությունների մեկտեղումից շա՜տ ու շատ առավելը` գրականությունը, որին, քիչ է ասել, թե տրվում էիր ողջ էությամբ. ճիշտ կլինի ավելացնել նաև` արյուն ու շունչ տալով, որի վկայություններն են տողերիդ շարունակվող թրթիռն ու դողը…
Ցավի ու սևի մեջ զգացումներն ավելի են սրվում. քեզ հավերժորեն Աշնակ ուղեկցելիս թալինյան, սովորաբար չոր դաշտ ու բլուրներն այն ի՜նչ զմրուխտ գույներ էին առել. կակաչներն է՛լ ավելի կարմիր էին կարծես, մանուշակագույն ծաղիկներն` է՛լ ավելի կապույտ, այդպես և մյուս գույները: Իսկ մասրենու թփուտները տեղնուտեղը աննման ծաղկեզամբյուղ էին ու ծաղկեպսակ…
Եվ դու այդ ամենի միջով գնում էիր հանգչելու քո Նարեկ որդու, Սաղաթել հոր ու Աղավնի մոր կողքին` ողջություն ու ամենայն բարիք մաղթելուց առաջ պատվախնդրություն, ցավը արժանապատվորեն տանելու կարողություն մաղթելով քո Գայանեին, Սասնա զարմ Մհեր որդուդ ու թոռներիդ, բոլոր աշնակցիներին, հարազատներիդ ու ընկերներիդ, ողջ մեր ժողովրդին:
Եվ առանց այն էլ թանկ Աշնակ գյուղն է՛լ ավելի թանկացավ…

Երվանդ Պետրոսյան