Մետաքսե

Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում կյանքից հեռացավ ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն /Մետաքսե Սերոբի Պողոսյան/:

Մետաքսեն ծնվել է 1926թ դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95թթ.):  ԱՄՆ-ում տպագրված «Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասին» համաշխարհային հատընտիրում (1990թ.) տեղ է գտել նրա «Գաղտնիք չի մնում» բանաստեղծությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն ևբազմաթիվ այլլեզուներով։ Մետաքսեի թարգմանությամբ համաշխարհային գրականության  մի շարք նշանակալից գործեր հնչել են հայերեն:  Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների։ Գրել է նաև մանուկների համար։ Հեղինակ է շուրջ 35 գրքի, այդ թվում՝ «Զգույշ, սիրտ է» /1974/, «Լեռները լալիս են գարնանը» /1987/, «Զրույց աշխարհի հետ» /2007/, «Սերս ծոցիս մեջ մնաց» /2009/, «Մենք ենք ու մենք» /2011/ և ուրիշներ, որոնք գնահատվել ու սիրվել են մասնագետների և ժողովրդի կողմից՝ լայն ճանաչում բերելով հեղինակին: Արևշատի միջնակարգ դպրոցը կոչվել է Մետաքսեի անունով:

Իր գրական երկարամյա վաստակի, հայրենասիրական ու քաղաքացիական ակտիվ գործունեության համար Մետաքսեն արժանացել է մի շարք պետական ու հասարակական  պարգևների՝ «Մովսես Խորենացի» մեդալի /2008/, Հայաստանյայց առաքելական եկեղեցու«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի /2011/,  «Երկրապահ» շքանշանի /2006/, ՀԳՄ «Գրական վաստակի համար»,«Զորավար Անդրանիկ», 1992-1994 թթ.  Արցախի ազատագրական պայքարում կատարած հատուկ ծառայության համար՝  «Հայոց ազգային բանակ» մեդալներով: Պարգևատրվել է նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալով:  .

Մետաքսեի՝ բազմավաստակ գրողի, մտավորականի, հրապարակախոսի անունն ու գործը միշտ վառ կմնան նրա գրչընկերների, երկրպագուների, նրան ճանաչողների և ընթերցողների սրտերում: