ՄԱՐԴԸ, ԱՇԽԱՐՀԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ

ՄԱՐԴԸ, ԱՇԽԱՐՀԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ

Հոկտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հայկական աշխարհը Լևոն Օսիպյանի ֆոտոդիմանկարներում» ալբոմի (ռուսերեն) շնորհանդեսը:

Լևոն Օսիպյանը նախքան ալբոմը ներկայացնելը, պատմեց իր մասին, մասնավորապես՝ ծնվել է Երևանում, ուստի Երևանն իր համար սուրբ վայր է, Արարատից է ստանում իր էներգիան, որն օգնում է ապրել ու արարել: Միշտ հետաքրքրվել է արվեստով, մասնավորապես լուսանկարչությամբ՝ ավելի քան 10 տարի աշխատելով մշակույթի (գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, երգիչներ), հասարակական գործիչների, պատմաբանների, գիտնականների դիմանկարները ստեղծելու վրա: Անդրադառնալով ալբոմին՝ նա նշեց, որ նրանում ընդգրկված են այսօր Երևանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր ժամանակակիցների, մոսկվացիների և մեր մյուս հայրենակիցների դիմանկարները, որոնք ժամանակին ապրել են Մոսկվայում և հասցրել են ինչ-որ բան անել թե՛ Մոսկվայի, թե՛ այնտեղ ապրող հայ համայնքի և Հայաստանի համար: Այսինքն՝ ալբոմի սկզբունքը պարզ է՝ ընդգրկվել են այն մարդկանց լուսանկարները, որոնց հետ հեղինակը ծանոթ է և գնահատում է նրանց ստեղծագործական կամ հասարակական գործունեությունը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ ալբոմի հիմնական նյութը և՛ ռուսաստանյան, և՛ հայաստանյան հայ հայտնի գործիչների, գրողների, արվեստագետների դիմանկարներն են, նկատեց, որ հեղինակը դիմանկարի միոցով միատեղել է և՛ մարդու բնավորությունը, և՛ նաև ընդհանուր հայկական դեմքի արտահայտությունը, որը պիտի միավորի մեզ՝ անկախ բնակության վայրի: Հավելելով, որ Լ. Օսիպյանը հայ գրողների դիմանկարները մշտապես տեղադրում է իր կայքում, սոցիալական այլ ցանցերում, ինչպես նաև լուսանկարներով ներկայացնում է հայ գրողներին և ԳՄ-ի գործունեությունը, Էդ. Միլիտոնյանը վստահեցրեց, որ դա հիմք է՝ նրան ՀԳՄ պատվավոր անդամ ընտրելու համար

Ըստ գրող, մշակութաբան Վան Արյանի՝ արվեստագետը այլ աչքերով է տեսնում աշխարհը, մարդկանց, իսկ լուսանկարիչը՝ բոլորովին այլ, լուսանկարչի տեսած աշխարհը, մարդիկ նրա մտքի, նրա հոգու մեջ եղած պատկերներով են պայմանավորված: «Լևոն Օսիպյանը ամեն տեղ փնտրում է մարդուն, նրա տեսակը, կերպը: Այս ալբոմում նա պատկերել է հայերին՝ աշխարհին ցույց տալու համար հայի տեսակը, հայի պատկերը»,- ասաց Վ. Արյան՝ հավելելով, որ սա նաև գիրք ալբոմ է, քանի որ պարունակում է յուրաքանչյուրի մասին թեև համառոտ, բայց կենսագրական և նրանց ստեղծագործությունների վերաբերյալ համառոտ տեղեկություններ: 

Ելույթ ունեցան նաև «Литературная Армения» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, գրող, լրագրող Վանուշ Շիրմազանյանը և ուրիշներ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ