ՀԳՄ նախագահության նիստ

ՀԳՄ նախագահության նիստ

Հուլիսի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը, որի ընթացքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդես եկավ կիսամյակային հաշվետվությամբ: Նախքան ելույթը նիստին ներկա նախագահության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին ամիսներին կյանքից հեռացած ՀԳՄ անդամների՝ Իլյիչ Բեգլարյանի, Մաղվալա Գեուրկովայի, Արմենուհի Ղամբարյանի (Գևորգ Էմինի կինը), Կարինե Աշուղյանի, Վլադիմիր Հայրապետյանի, Կառլոս Եղիազարյանի հիշատակը: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց կիսամյակային հաշվետվությունը՝ մասնավորապես՝ Դրամատուրգիայի լիանիստ, Նախագահության հինգ նիստ, գրեթե 80 գրական միջոցառում՝ քննարկումներ, հանդիպումներ, հոբելյանների, հիշատակի օրերի նշում և այլ գրական ցերեկույթներ՝ ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, ինչպես նաև ՀՀ տարբեր կրթության օջախներում, գրադարաններում, թանգարաններում: Հատկապես առանձնացրեց Գիրք նվիրելու օրվա՝ Թումանյանի հոբելյանին նվիրված գրական հանդիպումներն ու ցերեկույթները, Մանկապատանեկան գրքի շաբաթի, ինչպես նաև Պոեզիայի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ու ՀՀ հանրապետության տարբեր դպրոցներում կազմակերպված միջոցառումները: Նա անդրադարձավ նաև Մշակույթի նախարարության «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակներում մոտ քսան գրող ՀՀ մարզերի և Երևանի 30 դպրոցում հանդիպում է ունեցել՝ հանրահռչակելով ժամանակակից հայ գրականությունը: Երիտասարդական գրականության հիմնախնդիրներին էր ուղղված Ծաղկաձորում կազմակերպված երիտասարդ գրողների 17-րդ համաժողովը: Բացի վերոնշյալ միջոցառումներից ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանդիպումներ է ունեցել կրթության օջախներում, գրադարաններում, թանգարաններում, մամլո ասուլիսներ տարբեր հեռուստաընկերություններում ու ակումբներում, ինչպես նաև մասնակցել է համատեղ կազմակերպված գրական միջոցառումներին: Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ նաև միջազգային գրական կապերի ամրապնդմանն ուղղված գործունեությանը և առաջիկա կարևոր միջոցառումներին ՝ հոկտեմբերի 10-15-ը կայանալիք Թարգմանչաց տոն, որին կմասնակցեն տասը թարգմանիչ արտերկրից, ովքեր մեծ ներդրում ունեն հայ գրականությունը օտար լեզուներով հանրահռչակելու գործում, և նոյեմբերին՝ ՀԳՄ-ի 85-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումը: Նա տեղեկացրեց, որ վեց ամսվա ընթացքում ապահովվել է գրողների հանգիստը, սոցալական որոշակի հարցեր են լուծվել:
Այնուհետև առաջարկություններով ելույթ ունեցան Անուշ Վարդանյանը, Արևշատ Ավագյանը, Հովիկ Վարդումյանը, Կարինե Խոդիկյանը: Անուշ Վարդանյանը մտահոգություն հայտնեց Մանկապատանեկան բաժանմունքում մանկագիրների նոր սերնդի բացակայության, ինչպես նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների շուրջ դպրոցներում անտեղյակությանը, որը նաև դպրոցական դասագրքերի հետևանք է:
Արևշատ Ավագյանը ցավով փաստեց, որ հեռուստաընկերությունների կողմից գրական մշակութային կյանքը հիմնականում անտեսված է, եթերը լցված է հակամշակութային աղբով:
Էդ. Միլիտոնյանը հիշեցրեց չմոռանալ համացանցի հնարավորությունների մասին, ինչին Կարինե Խոդիկյանը հավելեց.«Այսօրվա՝ 21-րդ դարի ոգով է պետք գործել: Աշխարհի հետ պիտի խոսենք մեր գործերը որպես միջնորդ ընդունելով՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները: Ապա ներկայացնելով դրամատուրգիայի ոլորտում իր գործունեությունը՝ ասաց.«Ամեն մի բաժանմունք պիտի մտածի, թե ինչպես հարթի իր ստեղծագործողների ճանապարհը»: Այս ամենից բացի նախագահության նիստում քննարկման առանցքում ՀԳՄ այն անդամների հարցն էր, ովքեր տարիներ շարունակ չեն մասնակցում գրական կյանքին և չեն վճարում անդամավճարները: Որոշվեց ստեղծել հանձնաժողով (Սուսաննա Հարությունյան, Հովիկ Վարդումյան, Կարինե Խոդիկյան, Վան Արյան,) Լևոն Բլբուլյանի նախագահությամբ, որը «ԳԹ»- ում երրորդ անգամ հայտարարություն տեղադրելուց հետո քննարկման կդնի այդ անձանց՝ ՀԳՄ շարքերում մնալու հարցը, այն դեպքում, երբ ՀԳՄ Կանոնադրությամբ այդ կետը հստակ ընդգծված է:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ