Հավաքվող լուսափշուրներ

Հավաքվող լուսափշուրներ
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր, որքան էլ պարադոքսալ թվա, հայ ժողովրդի գոյաբանության խորհրդանիշներից ամենաընդգծունը Մեծ եղեռնն է, որը զարմանալիորեն թեմա և գիր չեղավ նույնիսկ Հրանտ Մաթևոսյանի համար, քանի որ ինչպես նա է խոստովանել, վախեցել է նրան դիպչելուց: Էդվարդ Միլիտոնյանը նոր լույս տեսած «Փշրված զարդանախշ» գրքում նույն երկյուղածությունն ունի.
Ի՞նչ գրի ձեռքը, որ գիրը լինի իր երակներում//Հոսող արյան պես տաք ու ժառանգվող,//Արյան պես լինի, ո՛չ արյունահեղ://Եվ հիշողության թուջե ռիթմերից//Չճկվի տողը//Կարապի մաքուր, սահուն վզի պես:
Սակայն բանաստեղծի որոշումը հստակ է: Դա չլռելն է և ճշմարիտ խոսքն ու զգացածը գեղարվեստորեն ներկայացնելը, ինչպես մի գետ, որն ունակ է առաջ ու ետ հոսելու միաժամանակ:
Էդվարդ Միլիտոնյանը, լինելով հետեղեռնյա սերնդի զավակ, Եղեռնը զգալով նյարդերով, տեսնելով հայրենազրկված հային, ստեղծում է իր հայրենապատումը, որ, հարկավ, այդպես չէր գրվի.
Թե ծնված չլինեի բիբլիական լեռան պատկերի դեմ,// Թե սիրտս չբաբախեր հանգած հրաբխի//Հրակարմիր հանգով,// Թե հինավուրց ասքին չմակարդվեր// Գաղթականության ահատեսիլ տրտունջ:
70-ականներին ազգային ինքնագիտակցության արթնացումը պայմանավորված էր Հովհաննես Շիրազի ու Պարույր Սևակի նախապատրաստած սերնդով, որն աստիճանաբար սկսեց ազգային զուլալ ինքնությունը դրսևորելու ճանապարհ փնտրել: Բնականաբար, երիտասարդ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր բանաստեղծական խոսքը պիտի ասեր՝ օգտագործելով ժամանակահունչ արտահայտչամիջոցներ, և այն եղավ թարմ շնչով, յուրովի զգաստ հայացքով:
Ես ամպի ստվերն էի օրորոցի վրա,//Ծաղիկների բույրը օրորոցի մեջ, // Եվ քամու ձեռքերն օրորոցն օրորող: // Ծնվեցի, // Օ՜, ինչպե՞ս չլսել լռությունը փտող տանիքների,//Այն էլ այսքա՜ն հեռվից:
Էդվարդ Միլիտոնյանը համոզված է Ամեն մանուկ վերադարձ է կորուսյալի: Պոետն էլ հավերժական մանուկ է, հետևապես ներսում մշտապես եռ է գալիս երբեք չտեսած, կորած երկրի հուշը, որը համբույր է հողին՝ նրա ներսը տանող, և նա խորհրդային արգելոց միջավայրում պարզորոշ հասկանում է.
Ինձ հասցեագրված նամակ ես, երկի՛ր,//Որը սակայն ես չեմ կարող բացել,//Ու վերծանում եմ խուլ տառապանքով//Էությունը քո,//Իմ էության մեջ:
Խոհուն բանաստեղծը տեսնում է համայնական նահանջը, լեզվի հիշատակը, ժողովրդի նիրհը ու զգում է, որ պետք է Շեփորեմ մեծածավալ ընդվզումս, որ նոր արալեզների բանակը գտնի հարության մի դուռ: Թեկուզ իրականությունը սա է.
Իսկ բուն ձանձրացած նայում է անթարթ,//Աչքերը՝ օղակ կախաղանի:
Այդ համահարթեցնող ժամանակաշրջանում Է. Միլիտոնյանը, որի գրչի երակներով հոսում է լեռան արյունը, գրում է Մուշին, Անիին, Վանին, Արարատին, Արշիլ Գորկուն, Սիամանթոյին, Շահեն Շահնուրին, Վարուժանին, Զահրատին նվիրված բանաստեղծություններ՝ լրացնելով յուր հայրենապատումը, որում ինչքան էլ ցավի սֆինքսը մամռոտ ակնապիշ նայում է մեր ժողովրդին, միևնույնն է, հեղինակը մնում է Ույժի, Սիրո, Գեղի ճակատագրի հավատավորը:
Դու երևի մեր աչքին դրված գեղադիտակ//Ժամանակի զարդանախշն ես՝ փշրած// Ու քարեղեն մոգությամբ դյութող:
Ընդհանրապես Էդվարդ Միլիտոնյանը շատ ազատ է իրեն զգում բանաստեղծական դաշտում, երբեք չի սահմանափակվում մեկ ձևով, չափով ու հանգով, այդ ամենը ասելիքի զգայականով է թելադրվում: Դրա համար «Փշրված զարդանախշ» գրքում զետեղված բանաստեղծությունները և՛ դասական ոճի մեջ են, և՛ մոդեռն. նրանց ընդհանրությունը հայացքն է: Բանաստեղծի համար հայ ժողովրդի ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների մեղավորը աշխարհն է, որը ղեկավարվում է փողով, նա համակարծիք է Վենդել Սոլոմոնին և «Պոլիս» պոեմում վկայակոչում է հրեա գիտնականի խոսքը.
Բոլոր ցեղասպանությունները, ի վերջո, զուտ//համաշխարհային ֆինանսական հաշվարկի վրա//կազմակերպված մղձավանջներ են:
Ցավով է հայրենասեր բանաստեղծը իր համար բացահայտում աշխարհի խաղի կանոնները, որտեղ հայն ընդամենը զառ է խաղացողների ձեռքին:
Իսկ զառը ոչ թե շան ոսկորից էր, այլ…//Գուցե մեր միամտության ու անպատեհ// ըմբոստության ձուլվածքից:
«Պոլիս» պոեմի ավարտին բանաստեղծը քնքուշ թախիծով հիշեցնում է, որ աշխարհը շարունակում է իր խաղը, ու երկրին հորդորում է զգաստություն՝ արհավիրքներին դիմակայելու համար:
Այսօր թաղվեց ևս մի բանաստեղծ://Այսօր չլսեցինք անեծք, այսօր դեպի արևելք նայեցինք,//Այսօր Պոլսում տարածվեց մոլլայի նամազը,//Հայոց պատարագի շրշյունը,//սինագոգի թրթիռը,//հունական եկեղեցու մրմունջը//Ի սեր Աստծո:// Երկի՛ր, տե՛ր եղիր քո զավակներին, ինչպես հաստել է//Օրենքը երկնային:
Է. Միլիտոնյանի «Փշրված զարդանախշ» գրքի Սարի թաղին նվիրված շարքում մի բանաստեղծություն կա «Հոգիկյան Պարգևը մտավ փողոց» վերնագրով: Այն քաղաքացիական պոեզիայի փայլուն նմուշ է: Փոքրիկ տարածքում սիմվոլների առատությամբ բանաստեղծը կարողացել է ներկայացնել հայության բնութագիրը՝ ընդգրկուն ժամանակի համապատկերում՝ ածանցված պատմության պարուրե զարգացման ծիրում հայի անընդհատ կրկնվող կենսագրությունից:
Պարգև Հոգիկյանի սև թևակապով//1965 թիվը խրոխտ մտավ մեր փողոց,//Խրվեց քար ու քռի մեջ//Ու մնաց փշերին օձի կաշվի պես,//Նա փայլում է մերթ դեղնավուն,//Մերթ հմայում սև բծերով,//Մերթ խշխշում ահասարսուռ://Պարգև Հոգիկյանը իր ընտանիքով հիմա Ամերիկայում է:
Էդվարդ Միլիտոնյանի հոգևոր ճանապարհը արյան կանչով է ձգվում Մուշից մինչև Սարի թաղ: Բայց նա պոետ է և աշխարհասփյուռ հայի քայլերը նրա քայլերն են բիբլիական լեռան հայացքի ներքո: Այդ դեգերումներում էլ զարկվեց հայի կարոտը կյանքի վերածող Հրանտ Դինքը: Նրա ընկնելու պահին տիեզերքի ակնախոռոչում անտարբեր պտտվում էր երկրագունդը:
Նրան շատերն էին համեմատում//Աղավնու հետ,//Բայց թռչունը, ինչպես բոլորդ գիտեք,//Կոշիկ չունի,//Իսկ Հրանտի կոշիկը ծակ էր//Ու զարմացած, քարացած անցքը//Շիշլի փողոցի անցորդներին,//Ստամբուլի վեր ու վարին,//Երկնքի ամպերին//Նայում էր կույր աչքի նման:
2015 թ. հրատարակված «Փշրված զարդանախշ» ժողովածուն հայրենյաց բարձրությունից սթափ նայող Էդվարդ Միլիտոնյանի տարիների շարունակական աղոթքների վառվող կերոնն է՝ ի պայծառացում եղեռնազարկ հայրենիքի: