ՀԱՅ – ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ – ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒն

Հայաստանի գրողների միությունը 2010 թ.-ից համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ – Բյոդեքեր –  Կրայս (ՖԲԿ) միության հետ: Համագործակցությամբ թարգմանվել, Հայաստանում և Գերմանիայում տպագրվել են մի շարք գրքեր, շատ գերմանացի գրողներ են եղել Հայաստանում՝ մասնակցել ՀԳՄ-ի կազմակերպած Պոեզիայի միջազգային փառատոնին և ամենամյա Թարգմանչաց տոներին: Շատ հայ գրողներ են մասնակցել ՖԲԿ-ի ամենամյա միջազգային գրական ընթերցումներին: Այս տարի սեպտեմբերին ՖԲԿ-ի գրական ընթերցմանը ՀԳՄ-ից մասնակցում էր բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը: Հիմնական ընթերցումները Հալլե քաղաքում էին, որտեղ ՀԳՄ-ի և ՖԲԿ-ի համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել շատ նախագծեր: ՖԲԿ-ի գործադիր տնօրեն Սանդրա Հոյխելի հետ քննարկվեցին միջազգային գրական ընթերցումներին հայ գրողների մասնակցության շարունակման և ՀԳՄ-ի հետ նոր նախագծերի իրականացման հարցեր:

Գրական ընթերցումը Գրականության տանն էր: Առաջին մասը Հերմինե Նավասարդյանի բանաստեղծությունների ընթերցումն էր՝ «ՕԴԱ» ամսագրի խմբագիր Անդրե Շինքելի զուգահեռ գերմաներեն ներկայացմամբ: Ընթերցմանը ներկա էին բանաստեղծներ, որոնց ստեղծագործությունները հրատարակվել էին «Վերջապես անցան սառը օրերը. Սաքսոն-անհալթյան պոեզիա» ժողովածուում՝ Հ. Նավասարդյանի թարգմանությամբ:  Ձեռնարկի երկրորդ մասը նվիրված էր հայկական մշակույթին, որին մասնակից էր նաև հայագիտության պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: Նրա ղեկավարության ընթացքում Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը ընդլայնել էր իր գործունեությունը՝ նպաստելով հայագիտության զարգացմանը Գերմանիայում: Հանկարծահաս արցախյան տեղահանությունը ցավն է ամեն հայի՝ աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Ունկնդիր գերմանացիները, որոնք քաջատեղյակ էին հայոց պատմությանն ու մշակույթին, Արցախին օգնելու իրենց զորակցությունն ու պատրաստակամությունն էին հայտնում:

Հալլեի քաղաքային թատրոնում էր ՖԲԿ-ի գրական ընթերցումների՝ InterLese-ի եզրափակիչը: Մասնակցում էին գրողներ Ավստրիայից, Գերմանիայից, Դանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Նիդեռլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից և Ռուսաստանից: Հերմինե Նավասարդյանի ընթերցման ընթացքում Հալլեում ապրող երաժիշտ Դավիթ Դրամփյանը հանդես եկավ երաժշտական մի քանի դասական ու ժողովրդական ստեղծագործությունների կատարմամբ: Գերմանացիները մեծ  գոհունակությամբ ունկնդրեցին  հայկական պոեզիան ու երաժշտությունը: Դավիթը ոչ միայն կիթառ է  նվագում, այլև Հալլեի Կարմիր աշտարակի երգեհոնն է հնչեցնում: Գերմանական դասական ու հոգևոր երաժշտությունից բացի՝ հաճախ է այնտեղ Կոմիտաս հնչում:

Հերմինե Նավասարդյանը մասնակցեց  նաև Եվրոպական ԿՕԳԳԵ գրողների միության համաժողովին ու պոեզիայի ընթերցումներին, որ կայացան Շթայն քաղաքում: Համաժողովը Ֆաբեր – Քասթըլ ակադեմիայում էր: Հ. Նավասարդյանի ելույթը Արցախի խնդրի և եվրոպացի գրողների՝ արդարության ձայն բարձրացնելու մասին էր: ԿՕԳԳԵ-ի համաժողովների ընթացքում կարևորվում են գրական ընթերցումները, որտեղ անդամները ծանոթանում են միմյանց նոր ստեղծագործություններին: «Թռչուն թռչունի ետևից» էր ընթերցման խորագիրը: Այն տեղի ունեցավ Շթայնի Հին եկեղեցում: Մասնակցում էին բանաստեղծներ Ավստրիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ճապոնիայից և Ռումինիայից: Անգլերեն, գերմաներեն, իտալերեն, հայերեն, ճապոներեն և ռումիներեն բանաստեղծությունները հնչում էին թավջութակի նվագակցությամբ: Մասնակիցների մեջ էր Տրայան Պոպ Տրայանը, որի գլխավորած հրատարակչությունում տպագրվել է արդի հայկական պոեզիայի «Վաղվա աչքերով» գերմաներեն անթոլոգիան: Նրա «Շրջանցիկ ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է Հայաստանում՝ Էդվարդ Միլիտոնյանի և Կառլեն Մատինյանի թարգմանությամբ:

Գրական համագործակցությունը չափազանց կարևոր է գրականության ու երկրի ճանաչողության համար ու հաստատում է, որ որքան էլ փոթորկալից լինի ժամանակը, մնայունը  գիրն է, լեզուն ու նրանով ստեղծված ազգային ու միջազգային մշակույթը, որ երկրե-երկիր անսահման լույս ու խաղաղություն է սփռում: