Ծաղկաձոր- 2016

Ծաղկաձոր- 2016
Հունիսի 17-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 14-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Ապա անդրադառնալով երիտասարդ գրողների տպագրության հարցին՝ ընդգծեց «Ցոլքերի» աշխատանքը երիտասարդների հետ, կապերը հրատարակչությունների, ամսագրերի հետ աշխատակցող երիտասարդների հետ: Նա արժևորեց գրական մամուլի («Գրեթերթ», «Գրական թերթ», «Նարցիս», «Նորք», «Ցոլքեր», «Литературная Армения», Վանաձորում հրատարակվող «Երկունք», Շիրակում` «Եղեգան փող», Կոտայքում` «Ոգու կանչ») դերը, որոնց էջերում ներկայանում են երիտասարդներն իրենց ստեղծագործություններով` փաստելով, որ ամեն ամսագիր ունի հեղինակների իր կազմը, երիտասարդներն էլ ունեն իրենց նախընտրությունները: Էդ. Միլիտոնյանը միաժամանակ նշեց, որ զանազան անթոլոգիաներում ևս մշտապես ներգրավվում են երիտասարդ հեղինակներ:
Գրականագետ Հայկ Համբարձումյանը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում կլինեն արդյունավետ քննարկումներ, որոնք կնպաստեն գրական դաշտի զարգացմանը: «Կարևորը երկխոսություններն են, զրույցները, ի վերջո երկխոսությունների մեջ է կայանում ճանաչողության պրոցեսը»,- հավելեց նա:
Երիտասարդ գրողների ստեղծագործությունների հրատարակման, պոեզիան ասմունքով ներկայացնելու վերաբերյալ դիտարկումներ արեցին բանաստեղծներ Նշան Աբասյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արտեմ Հարությունյանը:
Այնուհետև տեղի ունեցավ Արթուր Միկոյանի «Սատանայի աշտարակը», Արամ Մամիկոնյանի «Ծանր ջուր», Լուսինե Եղյանի «Մագմա» ժողովածուների գինեձոնը:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը կարևորեց գրական և արտագրական մամուլի դերը՝ ընդգծելով, որ այն գրքի ճանապարհ է ստեղծում: «Երիտասարդ գրողն ինքն է գիտակցում` իր գիրքը պատրաստ է թե ոչ: Հեղինակն ինքն այդ գիտակցությունը պիտի ունենա»,- նշեց նա: Փաստելով, որ Մշակույթի նախարարությունը Գրողների միության հետ համատեղ, ինչպես նաև մի շարք հրատարակչություններ, աջակցում են երիտասարդ ստեղծագործողների գրքերի տպագրմանը (Արեգ Ազատյան, Արամ Մամիկոնյան, Լուսինե Եղյան, Գրիգ, որի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողո- վածուն արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին)` Ա. Ավանեսյանը ներկայացրեց 2015 թ. պետական աջակցությամբ լույս տեսած գրքերը. «Էդիտ Պրինտ» հրատարակչության կողմից` Արմինե Սարգսյանի պատմվածքների, Մանուշակ Քոչարյանի բանաստեղծությունների ժողովածուները և Արթուր Միկոյանի գիրքը. ԳՄ հրատարակչության կողմից` Դիանա Գրիգորյանի, Արմինե Պետրոսյանի, Անի Հովհաննիսյանի և Տաթև Ոսկանյանի գրքերը: Նա հատկապես առանձնացրեց Նշան Աբասյանի «Ուրիշ լռություն» ժողովածուն, որի խմբագիրն ինքն է: Այնուհետև ներկայացրեց 2016 թ. տպագրվող գրքերը:
Համաժողովի երկրորդ օրվա կիզակետում երիտասարդ բանաստեղծներն էին: Սոֆյա Մանուկյանը, Նշան Աբասյանը, Մանե Գրիգորյանը, Արամ Մամիկոնյանը, Լուսինե Եղյանը, Մանուշակ Քոչարյանը, Լաուրա Հարությունյանը, Էդվարդ Հարենցը, Ռուզան Ոսկանյանը, Արթուր Մեսրոպյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հարություն Հովակիմյանը, Մարիամ Սարգսյանը, Սրբուհի Խաչատրյանը, Մարգարիտա Մարգարյանը, Քրիստինե Հովսեփյանը, Անուշ Հեքիմյանը կարդացին իրենց բանաստեղծություններից, որոնց շուրջ ծավալվեցին թեժ քննարկումներ:
Արմեն Ավանեսյանի կարծիքով` Ն. Աբասյանը փոքր կառույցի, հանդարտ պատկերի մեջ կարողանում է բռնկուն բախումներ, պայթյուններ անել: Մ. Գրիգորյանի և Ա. Մամիկոնյանի գտած պատկերները շատ արագ կորչում են, որովհետև եթե այդ պատկերը լավն է, ապա դրան հաջորդողն ավելի լավն է, և այդ պատկերներն ասես մեկը մյուսին ոչնչացնում են: Նրա հավաստմամբ` չհիմնավորված կտրուկ անցումները թերընկալման խնդիր են առաջացնում:
Վահե Արսենն ընդգծեց Մանե Գրիգորյանի պոեզիայի՝ անմիջապես ընթերցողի նյարդին խփող էներգիան, Արթուր Մեսրոպյանի ճակատային անկեղծությունը: «Բանաստեղծությունն իր մեջ ճակատայնություն պետք է պարունակի, այն նաև ներհակ շարժում է, որ անընդհատ ուղղվում է ինչ-որ բանի դեմ»,- ասաց նա:
Ըստ Հայկ Համբարձումյանի՝ ընթերցված գործերում կան պատկերներ, բազմաբարդ նախադասություններ, անընդհատ լրացումներ, որտեղ կորչում է ապրումը, և ստեղծվում է ինքնանպատակ տպավորություն: «Ստեղծվում են հնարավորինս ազդեցիկ, մեկը մյուսից զարմացնող պատկերներ, որոնց իմաստները չես հասցնում հասկանալ»,- խոստովանեց նա և հավելեց. «Պատկերների հետևում ես չտեսա իմաստ, տեսա իմաստի փնտրտուք, այստեղից էլ՝ պատկերների առատություն, որոշակի շատախոսություն»:
Շանթ Մկրտչյանը երիտասարդ ստեղծագործողներին խորհուրդ տվեց ուշադրու-թյուն դարձնել բանաստեղծության կառուցվածքին, ինտուիցիայով ու նաև իմացականությամբ հասնել խոսքի խտացմանն ու բյուրեղացմանը: Ապա ուշադրություն հրավիրեց հայոց լեզվի վրա՝ փաստելով, որ այն շատ հարուստ է և բավարարում է ցանկացած երևույթ արտահայտելու համար:
Գրականագետ Անի Հովնանը Ս. Մանուկյանի, Մ. Քոչարյանի, Լ. Հարությունյանի բանաստեղծություններում նկատեց սեր հայ գրականության նկատմամբ և պատասխանատվություն այդ ավանդույթը բերելու, շարունակելու և ինչ-որ տեղ հասցնելու: Իսկ Ա. Մամիկոնյանի, Լ. Եղյանի, Մ. Գրիգորյանի դեպքում գրականության տեղայնացման խնդիր կա: Ներկայացված պոեզիան համարելով բազմագույն՝ նա ասաց. «Լուսինեի մոտ գունային զգացողության վրա է ստեղծվում աբստրակտ պատկերը, Արամի մոտ շարժման միտումներ են նկատելի: Արթուրն ավելի շատ ռիթմի վրա է ստեղծում»:
Արտեմ Հարությունյանը, պոեզիան համարելով սոցիալական երևույթ, առաջարկեց ուշադրություն դարձնել դրսի աշխարհի երևույթներին, հասարակական վիթխարի կատակլիզմներին, որոնց մեջ մենք ապրում ենք: «Ներաշխարհի նուրբ արտացոլումը լավ է, բայց մի՛ մոռացեք, որ ձեզնից դուրս գոյություն ունի հրեշավոր աշխարհ: Ես պոեզիայից պահանջում եմ հրապարակախոսական, քաղաքացիական, հասարակական դիրքորոշում»,- ասաց նա:
Արամ Մամիկոնյանը իրեն Լ. Եղյանին և Մ. Գրիգորյանին նմանեցնելու պատճառը համարեց այն, որ երեքի պոեզիան էլ ֆրագմենտար է ու պատկերային, բայց ըստ էության` տարբեր: Ապա ընդգծեց ձևի առումով ֆրագմենտար պոեզիայի առավելություններից մեկը` պոեզիայի անավարտությունը: «Քո մտքի վրա պոետը չի բռնանում, ինքը ֆրագմենտներով պատկեր է կառուցում, մնացածը դու ազատ ես ինքդ կառուցելու, ինքդ ընկալելու: Իսկ երբ ավարտունություն կա այդ ամենի մեջ, ընթերցողական ազատություն չես ունենում»,- շեշտեց նա:
Արքմենիկ Նիկողոսյանն ընթերցված բանաստեղծությունների մեջ նկատեց ճանապարհի զգացողություն` «Իմ կարծիքով՝ բանաստեղծությունը ինչ-որ մի տեղ տանելու, ուղղորդելու գործառույթ ունի՝ հոգևոր, քաղաքական, հասարակական, պետական իմաստով և այլն»: Նրա հավաստմամբ՝ Ա. Մամիկոնյանի պոեզիան թարմություն է բերում՝ չնայած դրսեկ ազդեցություններին, որն ինքը չի էլ թաքցնում, Ռ. Ոսկանյանի բանաստեղծությունը ավելի շատ տրամադրություն հաղորդող է, և այդ պատկերներն ավելի շատ տրամադրություն հաղոր- դելու համար է օգտագործում: Լ. Եղյանի մոտ ավելի շատ ներքին զգացական, խառնիխուռն ապրումներ են, քաոսայնություն, որը պետք է ինչ-որ համակարգի բերել: Մ. Գրիգորյանը հաճախ երկարաբան է, սակայն անկախ երկարաբանությունից, կրկնվող պատկերներից, նա միշտ ունի զգացական ապրում, որը նրա ցանկացած բանաստեղծություն փոխանցում է ընթերցողին: Հ. Հովակիմյանին տաղաչափական գրագիտությունը հնարավորություն է տալիս անել ավելին, քան անում է: Ն. Աբասյանի զենքը ոչ միայն փոքր ձևն է, այլև այդ ձևի մեջ ձեռք բերած դիպուկությունը: Ա. Մեսրոպյանի մոտ կարդացած-տեղեկացված լինելն է դարձել թերություն, որովհետև գիտի, թե ուր է այսօր գնում բանաստեղծությունը, ինչ միտումներ կան աշխարհում, բայց տեղայնացումը նրա մոտ այդքան տպավորիչ չէ, մտածողությունը յուրահատուկ է, ռիթմի փայլուն զգացողություն ունի: Իր այս դիտարկումներից գրականագետը եկավ այն եզրահանգման, որ ամենալավ արդյունք, այնուամենայնիվ, գրանցում են արձակագիրները, քանի որ ավելի շատ են հետևում, կարդում միմյանց:
Այդ ընթերցումների վրա հիմնված՝ արծարծված գրական խնդիրների, տաղաչափության, գրել-չգրելու վերաբերյալ տեղի ունեցած մտքերի փոխանակությանը մասնակցեցին նաև Էդվարդ Միլիտոնյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Մեսրոպյանը, Հասմիկ Սիմոնյանը, Մանուշակ Քոչարյանը, Լուսինե Եղյանը, Նշան Աբասյանը, Արթուր Մեսրոպյանը, Հարություն Հովակիմյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ամփոփելով երկրորդ օրվա քննարկումները, նշեց, որ ժամանակակից գրականությունը կարիք ունի ուսումնասիրության, քանզի այն չի դիտարկվում որպես լուրջ երևույթ: «Կա գրող, կա անհատականություն, կա լավ բանաստեղծ, լավ արձակագիր: Գրականությունն ընդհանրական դեմք չունի, անհատականությունն է որոշում գրականության դեմքը»,- ասաց նա:
Երրորդ օրը մեկական պատմվածք կարդացին Լաուրա Հարությունյանը («Աստծո աչքից ընկածը»՝ գրված Լոռու բարբառով), Սաթեն Հովակիմյանը («Վտանգավոր խաղեր»), Գրիգը («Ճանճը»), Անահիտ Անտոնյանը («Երբ դու տասնվեց տարեկան ես» վիպակից հատված):
Լաուրա Հարությունյանի պատմվածքի մասին իրենց կարծիքները հայտնեցին Շ. Մկրտչյանը, Էդ. Միլիտոնյանը, Ա. Հարությունյանը, Վ. Արսենը, Ա. Հովհաննիսյանը, Կ. Խոդիկյանը: Մասնավորապես` Շ. Մկրտչյանը Լ. Հարությունյանի պատմվածքը համարեց օրգանական ամբողջություն՝ իր բառամթերքով, լեզվամտածողությամբ, կենսափիլիսոփայությամբ և միևնույն ժամանակ շեշտեց, որ բարբառների օգտագործման ժամանակ չպետք է չափը անցնել: Ըստ Էդ. Միլիտոնյանի՝ լեզուն խմորվող, աճող երևույթ է, բազմաթիվ նորաբանություններ, երակներ է ընդունում իր մեջ: Գրողի համար լեզուն մեծագույն հնարավորություն է, որ իր ընտրած նյութի հետ դառնալու է մի ամբողջականություն: Ա. Հարությունյանը ևս բարբառային ձևերի կիրառումը համարեց սյուժետային պատկերման էական մաս: Վ. Արսենը, հղում կատարելով Ջոյսի «Ուլիսես»-ին, որտեղ բազմաթիվ խոսվածքներ են օգտագործվել, բարբառային ձևերի կիրառումը համարեց խիստ գիտակցված` կարևորելով դրա իմացությունը գրականություն ստեղծելու գործում:
Ալիս Հովհաննիսյանի կարծիքով` ընթերցված պատմվածքում բարբառը ճիշտ է օգտագործված, միևնույն ժամանակ խոսեց թարգմանության խնդիրների մասին. «Թարգմանիչը պետք է գտնի հնարանք` տեքստը փոխադրելու համար»:
Կարինե Խոդիկյանը, նշելով, որ դրամատուրգիան բարդ ժանր է, քանի որ երկխոսությունը դիպուկ և կարճ պետք է լինի, և ամեն մեկի խոսքը մյուսի և՛ շարունակությունը լինի, և՛ առաջ գնալու հայտ, բնութագրեց Լ. Հարությունյանին իբրև հեղինակի, ով տեսնում է մարդու հոգին: «Մարդկային հոգին քննելու քայլերը լավ է արել, նրա մոտ մանրամասներն են տիպական, հերոսի ամբողջ կյանքը ամփոփում է մեկ նախադասության մեջ՝ երկրի համար ընկած զինվոր, կյանքի բնորոշում, որը ցույց է տալիս հեղինակի՝ կյանքը գնահատելու, տեսնելու, բառով արժևորելու խնդիրը»,- ամփոփեց նա:
Սաթեն Հովակիմյանի պատմվածքի շուրջ քննարկում ծավալվեց Ա. Ավանեսյանի, Վ. Արսենի, Ա. Վարդանյանի միջև: Ա. Ավանեսյանի հավաստմամբ` Ս. Հովակիմյանը պատմելու ունակ մարդու տեսակ է, որի ասելիքը հնարանքներ ունի: «Այս ստեղծագործությունը որոշակի մարտահրավեր է, որ կյանքն էլ մի ֆիլմ է՝ ինչ-որ ռեժիսորի կողմից նկարված: Սաթենի մոտ կա խաղի ընկալում, իսկ խաղը կյանքի շարժիչ ուժերից մեկն է»,- ասաց նա: Ըստ Վահե Արսենի՝ Ս. Հովակիմյանն ունի մտքերը ներկայացնելու, լեզուն ընկալելու կուլտուրա: Անուշ Վարդանյանն ուշադրությունը սևեռեց այն երևույթի վրա, որ այսօրվա երիտասարդների մոտ իշխում է զարմացնելու մոլուցքը, ինչի հետևանքով գրականությունը դառնում է ավելի խճողված, չի թողնում, որ ընթերցողը ավելի հեշտ ընկալի նոր մտածողությունը, նոր խոսքը, որ, անշուշտ, կա երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների մոտ:
Հետաքրքիր էին կարծիքները Գրիգի ստեղծագործության վերաբերյալ:
Արմեն Ավանեսյանի կարծիքով` Գրիգը տեքստի հետ խաղ չի անում. սահուն, անպաճույճ, մտերմիկ, զրույցի ձևով պատմում է, իր կենսափորձը, իր ապրումը, թրթիռը, զգացողությունն է ներկայացնում ընթերցողին և վերջինիս մեջ արթնացնում խղճի, հոգատարության, քնքշանքի զգացողություններ:
Արքմենիկ Նիկողոսյանի հավաստմամբ` Գրիգը պահում է դասական պատմվածքին բնորոշ բոլոր հատկանիշները` կա սյուժե, կա մշտական ձգտում՝ ստեղծելու հիշվող կերպարներ, ինչպես նաև փորձ` սրբագրելու թերությունները, որ երբեմն առկա են նախընթաց շրջանի հեղինակների մոտ: Սա չի նշանակում, որ նա իր ստեղծագործական բարձրակետում է: Որոշակի անցումային, տրամադրությունների կտրուկության վրիպումներ կան:
Ալիս Հովհաննիսյանը գնահատեց Գրիգի գրականության պարկեշտությունը և ընդգծեց, որ դասականությունը չի կորցնում կապը նոր սերնդի հետ:
Ըստ Կարինե Խոդիկյանի` Գրիգի գրականությունը կատարսիսի բերող, մարդուն մաքրագործող, ինքն իրեն նորից նայելու գրականություն է: «Կա կյանքի իմացություն, որի մի մասն իրենն է, մյուսը` գրողին տրված փորձ և այդ ամենը թղթին հանձնելով՝ շատ հանգիստ, առանց վայրիվերումների, առանց որևէ ճիգի բերում և դարձնում է մի մարդու պատմություն»,- նշեց նա:
Վահե Արսենի բնորոշմամբ՝ Գրիգի պատմվածքը չափազանց պոետական է, «…սա գրականության այն տեսակն է, որ իմ նյարդն ամենից շատն է շարժում, որովհետև տեխնիկայի առումով ինձ թվում է՝ կանոնակարգված չէ: Գրիգի պարագայում արվում է ավտոմատիզմի ձևով, այսինքն՝ իր մեջ այս ամբողջ կառույցն արդեն հասցված է, խմորված է, ինքը ավտոմատ ձևով է անում»,- ասաց նա և հավելեց, որ Գրիգի ստեղծագործությունն ուսումնասիրելու համար պետք է պոեզիայի չափումներով մոտենալ, քանի որ նրա մտածողությունը պոետական է:
Ելույթ ունեցան նաև Հռիփսիմէն, Հայկ Համբարձումյանը, Գրիգը, Արտեմ Հարությունյանը, Դավիթ Մշեցին, Մանուշակ Քոչարյանը, Լաուրա Հարությունյանը, Սաթեն Հովակիմյանը, Շանթ Մկրտչյանը և ուրիշներ£
Հանդիպման ավարտին Դավիթ Մշեցին կարդաց իր բանաստեղծություններից, որոնց վերաբերյալ գնահատանքի խոսք ասաց Արմեն Ավանեսյանը՝ նշելով, որ նա դասական չափի մեջ կարողանում է ճիշտ օգտագործել իր հնարավորությունները և արհեստական ընդգծված վերջավորությունների չի դիմում: Բանախոսը շեշտեց, որ գալիս է մի սերունդ, որը մեծացել է ուրիշ գաղափարներով, կենսական ուրիշ ազդակներ ունի կյանքից, գալիս են ներքին ընդդիմությամբ, իրենց աշխարհով, իրենց զգացողություններով, հարցերով:
Ամփոփելով համաժողովը՝ Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս հավաքը ազդակ կդառնա նոր գրքերի, նոր որոնումների համար, և գրական դաշտը կհամալրվի նոր անուններով:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ