Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն
Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով «Գարուն» ամսագրի դերը, որը 60-70-ականներին իր շուրջն էր հավաքել երիտասարդ հեղինակներին, «գարունականներ» գրական հոսանքի գրողներից առանձնացրեց Հովհաննես Գրիգորյանին, ում գյումրեցիական հումորի արտաքո թվացյալ թեթևության մեջ կար հայ մարդու թախիծը: Հ. Գրիգորյանին համարելով հայ գրապատմության մեջ ավանդույթ դարձած բանաստեղծ՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ նա իր պոեզիայով ստեղծեց յուրահատուկ գրականություն, որն աղերսներ ունի հայ դասական գրականության հետ: «Նա կյանքը դիտարկում էր կողքից, կոմեդիական ընթացքը վերցնում-դարձնում էր բանաստեղծություն և դրանով էր հենց ուժեղ, մենակ չէր, կղզիացած չէր: Այնքա՜ն կենդանի շունչ հաղորդող մարդ էր իր հումորով, իր տեսակով և ամեն ինչին քամահրանքով նայելու իր բնույթով: Մեր պոեզիայում ասել է իր հրաշալի խոսքը, և այն միշտ մնալու է մեր գրականության մեջ»,- եզրափակեց նա:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանը, գնահատելով երիտասարդների հանդեպ Հ. Գրիգորյանի ուշադիր վերաբերմունքը, երիտասարդների նոր սերունդ գրականություն բերելու մտահոգությունը, անդրադարձավ 1970-ին և 1971-ին գրված «Թե ինչպես անհետացավ բանաստեղծությունը» և «Բառի որոնումը» հոդվածներին, որոնք ծրագրային նշանակություն և մանիֆեստի արժեք ունեցան:
Բանաստեղծուհի Հռիփսիմէն, արժևորելով գրողի կյանքը, գործը, դերը, ներկաների հետ կիսվեց անվարան, խոսքի մեջ ճշմարիտ ընկեր Հ. Գրիգորյանի մասին իր հուշերով: «Իր ճշմարիտ գրականությամբ, խոսքով, հումորով կարողացավ սերնդին տանել իր հետևից»,- ընդգծեց նա:
Ըստ գրականագետ Պետրոս Դեմիրճյանի` Հ. Գրիգորյանի հումորախառն թախծոտ էությունը, արտաքին պարզ ու առօրեական պահվածքն ու խոսվածքը, նուրբ ու սուր միտքը առաջին հայացքից արտասովոր են թվում չնախապատրաստված ընթերցողին: Պետք է արտաքին հումորի բանավիճային կեղևի տակ տեսնել խորունկ տխրությունը, հոգու ճիչը, որ կուտակվում է համառ անտարբերության դեմ ամենօրյա բախումից: Նրա հավաստմամբ` քաղքենիական անտարբերության դեմ է ուղղված բանաստեղծի և նրա սերնդակիցների պոեզիան իր քաղաքացիական ներքին տարերքով:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց Հ. Գրիգորյանի հեգնական հայացքի մասին, որն օգնում էր է՛լ ավելի առաջ գնալ, կատարելագործվել, մարդանալ, ավելի լավ գրել: «Դա այն հեգնական հայացքն է, որ թագավորում է իր բանաստեղծության մեջ ընդհանրապես: Նրա բանաստեղծությունները ցույց են տալիս նրա պոեզիայի ողբերգական հատակը»,- ասաց Ա. Նիկողոսյանը: Նա շեշտեց Հ. Գրիգորյանի թողած վիթխարի դերը իր և իր սերնդակիցների վրա, նշելով, որ նրա սենյակը միշտ հավաքատեղի է եղել ժամանակի քիչ թե շատ շնորհալի երիտասարդների համար: «Նա կարևորում էր ոչ թե այսօրվա մեջ իր մասին հնչեցվող գովասանքներն ու խոսքերը, այլ երիտասարդ սերնդի, նոր մարդու ընկալող մոտեցումը իր պոեզիային, քանի որ գիտեր` այդ երիտասարդի միջոցով է ինքը շարունակվելու»,- ամփոփեց բանախոսը: Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, խոսելով իր սերնդի և Հ. Գրիգորյանի կապի մասին, բանաստեղծի պոեզիան բնորոշեց իբրև ժամանակի խնդիրներին շատ արագ արձագանքող պոեզիա և առաջարկեց այն լիարժեք դիտարկել և իր լիարժեք տեղը հատկացնել հայ պոեզիայի զարգացման պատմության մեջ: Ելույթ ունեցան նաև Սուսաննա Հովհաննիսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, բանաստեղծի դուստրը` Սոնա Գրիգորյանը:
Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններից կարդաց Գայանե Սամվելյանը, ով նաև վարում էր հիշատակի ցերեկույթը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ