ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ

ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ

Այս ծանր ցավը թույլ չի տալիս ո՛չ սև հումորով և ո՛չ էլ սարկազմով խոսել այս օրերին Ռուսաստանից ու արևմուտքից հնչող տարատեսակ տեղեկատվությանն ու քաղաքական արտահայտություններին։ Պեսկովն ասում է, թե Լեռնային Ղարաբաղի գործերին 3-րդ կողմի խառնվելը նպաստավոր չի լինի։ Այսինքն՝ խաղաղապահներից զատ այլ ուժեր ու դիտորդներ հարկ չկա, որ լինեն, Ադրբեջանը պիտի թույլ տա։ Ու մտքով երևի անցնում է՝ այ Փաշինյան, բոլա ֆոկուսներ բերես մեր ու ձեր գլխին, մինչև դիտորդներ, իբր մտահոգ, տեղ հասնեն, Արցախում հայ չի մնա։ Բա՜։ Ինչ-որ առումով, երևի նրանց վտանգից հեռու պահելու միտք ունի, չէ՞ որ սպանում են ոչ միայն արցախցիների, այլև խաղաղապահ ռուս զինվոր ու հրամանատարի, դե, ո՞նց ասի՝ այդպիսիք են ադրբեջանցիք, պիտի հարմարվեք։ Մինչ հարգելի Պեսկովը խորհուրդ է տալիս, արդեն Արցախից Լաչինի միջանցքով արցախցիք լքում են իրենց հայրենիքը։ Նրանք կանցնեն Հակարի կամուրջն ու կտեսնեն Կոռնիձորում կանգնած ամերիկացի սենատորի, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Յուրի Կիմին և ԱՄՆ միջազգային գործակալության տնօրեն Սամանտա Փաուերին, որոնք եկել են տեսնեն Լաչինի միջանցքը արդյո՞ք բացվել է իրենց բարձր կոչերից հետո։ Հնարավոր է ուրախանան՝ միակողմանի բացման առթիվ և գաղթողներին խոստանան տաք հագուստ և ուտելիք։ Ինչ արած, 10 ամիսը այնքան էլ շատ ժամանակ չէ ազդելու իրենց հետ գործակցող և ամերիկյան օժանդակությամբ պաշտպանությունը զորացնող Ադրբեջանի վրա։ Դե, կոչեր են արձակել։ ՄԱԿ-ի նիստերում պահանջել են բացել։ Ափսոս, որ արցախցիք չսպասեցին, իրենք եկան հանդիպելու իրենց։ Դա իրենց յուրաքանչյուրի սրբազան իրավունքն է, անգամ զոհվածների։

Եվ ահա այս երկու հզոր երկրների և էլի ազդեցիկների միջև փնտրենք անվտանգություն, ապրելու իրավունք, բարեկամություն, գործակցություն և մեր հալով, չէ, չընկնենք, հակառակը՝ վեր բարձրանանք։

Ավելին՝ խուսափենք այս հզորների միջև ռազմադաշտ, կռվախնձոր դառնալուց։

Այո, այսպիսին է էս աշխարհը, եղունգ ունես, գլուխդ քորի, ուրիշների եղունգների վրա շատ հույս դնողը գիտենք ինչի կարժանանա, լավագույն դեպքում քարերի արանքով անցնող իտալական ֆիլմի Ռոբինզոնի գլխին։

Ֆիլմի ավարտ։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

  25.09.23 թ.