Գրական հանդիպում Սեւակ Արամազդի հետ

Գրական հանդիպում Սեւակ Արամազդի հետ

2023թ․ ապրիլի 30-ին Լայպցիգի միջազգային գրատոնավաճառի սրահներից մեկում տեղի ունեցաւ հանդիպում հայ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Սեւակ Արամազդի, վրաց գրականության թարգմանչուհի Շթեֆֆի Խովիթարի-Յունգերի եւ գերմանառումինացի բանաստեղծ եւ հրատարակիչ Տրայան Պոպ Տրայանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր գերմանական «Պոպ ֆերլագ» հրատարակչությունը՝ «Վաղվա աչքերով․ Երեւան – Լայպցիգ միջեւրոպական գրական ճեպընթաց՝ Թբիլիսի, Բուխարեստ, Ֆրանկֆուրտ եւ Բեռլին» խորագրի ներքո։  

Հանդիպումը բացեց Բունդեսթագի նախկին պատգամավոր, պրոֆ․ Գերթ Վայսկիրխենը, որը խոսեց Հայաստանի եւ Վրաստանի ինչպես եւրոպական մշակույթի մաս լինելու, այնպես էլ այդ երկրների ներկա աշխարհաքաղաքական իրողութունների մասին, ապա ներկայացրեց Սեւակ Արամազդին եւ ընթերցեց նրա բանաստեղծություններից մեկը։

Տրայան Պոպ Տրայանը կարեւորեց Սեւակ Արամազդի «Արմեն» վեպը՝ առաջարկելով անպայման ծանոթանալ դրան, ապա անդրադարձ կատարեց նաեւ արդի հայ բանաստեղծության «Վաղվա աչքերով» գերմաներեն ծավալուն անթոլոգիային։

Ներկայացնելով իր «Արմեն» վեպը՝ Սեւակ Արամազդն իր խոսքում կարեւորեց Եւրոպայի մշակութային մեկ-միասնական տարածք լինելու հանգամանքը՝ ընդգծելով, որ ինչպես հայ գրականությունը, այնպես էլ վրաց գրականությունը պատիվ ունեն ապավինելու հազարամյակների իրենց գրական ավանդույթներին՝ ըստ պատկանելության, եւ որ, ի տարբերություն քաղաքական քարտեզի, գրականության աշխարհում գոյություն չունեն մեծ ու փոքր կամ հզոր ու թույլ երկրներ․ դա հավասար եղբայրների մի մեծ ընտանիք է, որտեղ փոխադարձ ճանաչումը, գեղարվեստական փորձի փոխներթափանցումները կազմում են արդիականության մի կարեւոր մասը։ Իբրեւ օրինակ՝ նա ներկայացրեց վերջերս Հայաստանում լույս տեսած գերմանառումինացի բանաստեղծ Տրայան Պոպ Տրայանի «Շրջանցիկ ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն՝ արդի հայ գրականության կարեւոր ներկայացուցչներից մեկի՝ Էդվարդ Միլիտոնյանի, որ նաեւ Հայաստանի գրողների միության նախագահն է, գրական բարձրարժեք թարգմանությամբ եւ գեղարվեստական ձեւավորմամբ։ Սեւակ Արամազդը նշեց, որ թարգմանիչը կարողացել է հնարավոր լրությամբ վերարտադրել Տրայան Պոպ Տրայանի բանաստեղծական խոսքի ազատ կշռույթները եւ պատկերների անողոք շիտակությունը։ Վերջում նա ընթերցեց Տրայան Պոպ Տրայանի հայերեն գրքի թարգմանություններից մեկը, ինչն արժանացավ ներկաների ջերմ հավանությանը։