Բանաստեղծ Արա Սիմոնյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն Վանաձորում

Բանաստեղծ Արա Սիմոնյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն Վանաձորում

Հունիսի 17-ին Ստեփան Զորյանի տուն-թանգարանում նշվեց բանաստեղծ, ՀԳՄ անդամ Արա Սիմոնյանի ծննդյան 70-ամյակը։ Միջոցառումը վարում էին պոեզիայի թատրոնի ասմունքողներ Սոնա Ատիկյանը և Գևորգ Կոնինյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը։ Նա անդրադարձավ Ա. Սիմոնյանի պոեզիային և լրագրողական գործունեությանը, ինչպես նաև դրվատանքի խոսքեր ասաց Ա. Սիմոնյան մարդու և քաղաքացու մասին։

ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց շուրջ կես դար առաջ երիտասարդ գրողների համաժողովի ժամանակ իր և Ա. Սիմոնյանի ծանոթության և հետագա հանդիպումների մասին։ Նա ՀԳՄ շնորհավորական ուղերձը փոխանցեց հոբելյարին, ապա հանձնեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, կարդաց Ա. Սիմոնյանի բանաստեղծությունների «Լուսնի հովիտ» գրքից մեկ գործ։

Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ պատվավոր անդամի անդամատոմսեր հանձնեց ՀՀ վաստակավոր լրագրող, հրապարակախոս Ֆահրադ Ափուջանյանին և մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծանրամարտի մասին ավելի քան երկու տասնյակ գրքերի հեղինակ Վանդոս Ղարագյոզյանին։

Իր վաղեմի ընկերոջն ու բարեկամին ջերմ բարեմաղթանքներ հղեց և նրա մարդկային հատկանիշներից խոսեց «Վան Արյան» հրատարակչատան տնօրեն, արձակագիր, բանաստեղծ Վիլյամ Պողոսյանը։

Շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանը, Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը ( նա Ա. Սիմոնյանին հանձնեց շնորհավորագիր և նվիրեց Ստեփան Զորյանի գրքերից մեկը), անվանի հնագետ,  Ա. Սիմոնյանի վաղեմի ընկեր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հակոբ Սիմոնյանը։ Արա Սիմոնյանի պոեզիայի առանձնահատկությունների մասին խոսեցին ու հոբելյարին շնորհավորեցին բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը և բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը։

Էկրանին ցուցադրվեցին հայտնի արտիստներ Ռուդոլֆ Ղևոնդյանի, Աշոտ Ղազարյանի, Լևոն Շարաֆյանի և երգիչ Թովմաս Պողոսյանի շնորհավորական ուղերձները հոբելյարին, նաև ցուցադրվեց տեսանյութ, որտեղ Ա. Սիմոնյանի «Հայի կոշիկներ» պատմվածքի մասին  խոսք ասաց լրագրող Սուրեն Սարգսյանը։

Ելույթ ունեցավ նաև Արա Սիմոնյանի դուստր, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Լիլիթ Սիմոնյանը։ Նա կարդաց Ա. Սիմոնյանի՝ իրեն նվիրված բանաստեղծությունը և իր հեղինակած մի գեղեցիկ մանրապատում։

Հանդիսության ժամանակ Ա. Սիմոնյանի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան դերասան, ասմունքող, Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիվան Սարգսյանը, պոեզիայի թատրոնի ասմունքողներ Սոնա Ատիկյանը և Գևորգ Կոնինյանը, ասմունքող Աիդա Կիրակոսյանը:

Հնչեցին Ս. Պասկևիչյանի “Մայրս” երգը (խոսք՝ Համո Սահյանի), որ  կատարեց գուսան, քամանչահար Մխիթար Քեթցյանը, և Վանաձորի երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գագիկ Աղաբաբյանի երգը (խոսք՝ Ա. Սիմոնյանի):

Արա Սիմոնյանի խոսքերով հեղինակած երգ կատարեց երգի թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Ասուլյանը։ Հոբելյարին երգերով ողջունեցին աշուղ Աստղանուշը, աշուղ Նազելին և կիթառահար, երգիչ Մհեր Բեկչյանը։

Միջոցառումը եզրափակվեց Ալեքսեյ Հեքիմյանի «Սիրո ամառ» և գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգերով, որ կատարեց «Հորովել» երգի-պարի համույթի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը։

Բանաստեղծ Արա Սիմոնյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքին, Ստ. Զորյանի տուն-թանգարանին, ելույթ ունեցողներին և բոլոր ներկաներին։