ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Դամասկոսում լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի պոետական ժողովածուն` արաբերեն, Տիգրան Գաբոյանի թարգմանությամբ: Ինչպես նշեց Էդ. Միլիտոնյանը, այն իր օտարալեզու 26-րդ գիրքն է և կարևորում է արաբերեն ժողովածուի լույսընծայումը, որովհետև արաբական երկրները հայ ժողովրդի հանդեպ բարեկամ ու հարազատ վերաբերմունք են ունեցել, ընդունել են ցեղասպանությունը՝ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, գրքում կան ստեղծագործություներ, որոնք առնչվում են Սիրիային: «Ինձ համարում եմ ոչ թե բանաստեղծ, որ պետք է արձագանքի կատարվող իրադարձություններին, այլ հենց ներսի մարդ՝ լինի Իրաքի հուշարձանների ավերում, թե Սիրիայի: Այդ թեմատիկան վաղուց է եղել իմ ստեղծագործություններում, և այս գիրքը որոշակիորեն ամբողջացրել է: Գիրքը բանաստեղծական կամուրջ է մեր և արաբ, հատկապես Սիրիայի ժողովրդի միջև»,- ասաց նա:

Այս առիթով զրուցեցինք գրքի թարգմանիչ Տիգրան Գաբոյանի հետ:

ԳԹԻնչո՞վ է պայմանավորված այս ժողովածուի ընտրությունն ու թարգմանությունը:

Տիգրան ԳԱԲՈՅԱՆ – ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում որոշեցինք ծաղկաքաղ անել Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծական ժողովածուներից: Բովանդակային առումով ընտրված գործերն առանձնանում են երկու թեմատիկայով՝ սիրային, զգացական և երկրորդը՝ ավելի հայրենասիրական, ավելի գիտակցական, ինքնությանը, հայկականությանը վերաբերող: Միլիտոնյանն անձամբ է ընտրել գրքի խորագիրը՝ «Բառերի արևելքը»: Արևելք շատ կա այս ժողովածուում: Միասնաբար խորհրդակցելով՝ ընտրեցինք այդպիսի գործերը՝ ուխտագնացություն դեպի Դեր Զոր, Մարկատե, Հալեպի մասին և այստեղ ներգաղթած սփյուռքահայերի կյանքից վերցված դրվագներ, որոնք խճանկար են կամ ներկայացնում են արևելյան կամ արաբական երկրներում ապրված իրենց փորձությունները, փորձառությունները և իրենց գիտակցական, իմացական, հայրենասիրական այդ բոլոր խորքերն ու թռիչքները, որ կատարվել են թե՛ այստեղ, թե՛ այնտեղ:

ԳԹԹարգմանության ընթացքում խնդիրների առնչվե՞լ եք:

Տ. Գ. – Հիմնականում խոչընդոտներ չկային: Պարոն Միլիտոնյանի հետ անընդհատ խորհրդակցության մեջ էինք՝ հաշվի առնելով արաբական աշխարհի նրբությունները: Մի քանի բառ, բառային, ոճական արտահայտություններ փոխեցինք, որպեսզի հասկանալի և ընկալելի դառնա արաբ ընթերցողներին, արաբական աշխարհին, որովհետև ամեն ժողովուրդ իր լեզվամտածողությունն ունի, իր մշակույթն ունի:

Համեստաբար ասեմ, որ մեծ գործ է արվել, մանավանդ արաբական աշխարհում շատ չի ներկայացված հայ գրականությունը: Կամ քիչ են: Հակառակը կատարվել է: Հայ հեղինակները թարգմանել են մեր դասական գրողների գործերը, որոնք տպագրվել են հայկական հրատարակչությունների աջակցությամբ: Բայց հատկապես արաբական հրատարակչությունում և արաբերեն լեզվով՝ կարծեմ մասամբ աննախադեպ է: Բանաստեղծական ժողովածու, որն ուղղակիորեն առնչվի հայ-արաբական թեմատիկ-բովանդակային բանաստեղծություններին, և ներկայացնի մեր առաքելությունը, մեր մշակույթը, մեր ընդհանրական աշխարհափիլիսոփայությունը՝ մենք և արաբները, չի եղել շատ:  

ԳԹ – Արաբ ընթերցողը որքանո՞վ է հետաքրքրված հայ գրականությամբ:

Տ. Գ. – Ըստ հրատարկչի՝ գիրքը լայն արձագանք է գտել, վավերացվել է Սիրիայի Մեդիայի նախարարության կողմից, հրատարակվել է Դար Էլ Հիլալ հռչակավոր հրատարակության կողմից և բաժանվել մի քանի գրադարանների: Հայերի, հայ մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, բայց պոեզիան այդ հետաքրքրությունը շարժելու շատ կարևոր գործոններից մեկն է: Մշակույթը ամենամեծ շարժիչ ուժն է, պոեզիան էլ մեկ թևն է: Ժողովածուում ընդգրկված բանաստեղծություններում անդրադարձ կա մեր էպոսին՝ Սասունցի Դավթին, Մեսրոպ Մաշտոցին, Արարատին, Ուրարտուին և այլն, ծանոթագրությունների մեջ ես ներկայացրել եմ դրանց բացատրությունը: Եվ դա ավելի ճանաչողական է դարձնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է: Հայերին գիտեն, որովհետև հին ազգ ենք, և հների հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է,  մեր մշակույթը շատ հարուստ է, ինչքան ներկայացնենք, այնքան ավելին կա ներկայացնելու: Ուղղակի մեզ,  մանավանդ փոքր ազգերին, ավելի արդի ոճեր են պետք, որ ավելի հասու լինի մեր մշակութային գործունեությունը, մեր պատմությունը, մեր գրականությունը:

Ամփոփելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Էջմիածնի թեմի առաջնորդարանին, հատկապես՝ Գերաշնորհ Սրբազան Արմաշ Նալբանդյանին՝ համագործակության համար, որովհետև ես ֆիզիկապես այնտեղ ներկա չէի, բայց տևական կապի մեջ էի, որպեսզի հրատարակվի և հրատարակածը ուղարկվի Հայաստան: