ԱՆՆԿԱՏ, ԽԱԲՈՒՍԻԿ, ԲԱՑԱՀԱՅՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԱՆՆԿԱՏ, ԽԱԲՈՒՍԻԿ, ԲԱՑԱՀԱՅՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Պատերազմներից առաջ, ընթացքում և հետո միակ պատերազմը, որ շարունակվում է լիարժեք, դա տեղեկատվականն է: Հատկապես ներկա ժամանակի տեղեկատվական տեխնոլոգիաների գործարկմամբ և ցանցային տիրույթների ընդլայնված դաշտի պարագայում, երբ հնարավոր բոլոր միջոցներով հսկա քարոզչական, ապատեղեկատվական, կեղծ ու սուտ հնարքներ բանեցնելով նախապատրաստում են իրենց հասարակությանը, նաև աշխարհի բաց ականջին են ուղղում իրենց ապագա պատիր անելիքների պատճառաբանությունն ու անխուսափելիությունը:

Օգտագործում են եղանակի տեսության հաղորդումները՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան անվանելով, գտնում են էլի էկոակտիվիստներ և պայքարում ՀՀ տարածքի հանքարդյունաբերության վտանգների դեմ: Պարզ է, ինչ նպատակով, մեր բյուջեին հարվածելու, և այլ կասկածելի, մութ գործողությունների դիմելու համար:

Իրենք կրակում են ՀՀ և ԱՀ սահմաններին ու երբեմն իրենք իրենց վրա կրակելով բեմադրում են լրատվական փուչիկ, թե հայերն էլի խանգարեցին իրենց անդորրը:

Միջազգային դատարանների որոշումներն արհամարհում են, բայց խոսում են նոյեմբերի 9-ի կետերը ոտնահարող Հայաստանի մասին: Բազմիցս միջազգային բարձր ատյանները շեշտել են Բաքվից հայ գերիների վերադարձի, Լաչինի  միջանցքի բացման և այլ անիրավ ու անմարդկային գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների մասին: Ադրբեջանի կողմից կամ քար լռություն, կամ հակընդդեմ շինծու պահանջներ՝ հայտնի ազերի սահմանախախտ մարդասպանների վերադարձ: Զանգեզուրի միջանցքի տրամադրում և ամեն օր մի նոր սադրանք և դրան համարժեք կեղծ լրատվություն: Նրանք լավ են սերտել առաջին լուրերի ազդեցության վերաբերյալ հին մեթոդը:

Բաքուն ագրեսիվ տեղեկատվությամբ ամենօրյա ճնշման է ենթարկում մեր ու աշխարհի ականջները, սրտերը, հոգիները: Մի տեղ հավատում են, մյուսում` կասկածում, հաջորդում` բազմացնում:

Օգտագործում են նաև որոշ այլ երկրների լրատվական ծառայությունների հնարավորությունները: Թուրքիան նրանց աջակցում է բոլոր ուժերով: Մի քանի օր առաջ Ալիևը կոշտ քննադատեց Ֆրանսիայի պրեզիդենտ Մակրոնին Հայաստանին աջակցելու և Ադրբեջանին նշավակելու  համար: Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակն էլ վրադիր շշպռեց Մակրոնին ու Ֆրանսիային՝ քիթը այս տարածաշրջան խոթելու համար:

Բայց հարց եմ ուզում տալ և՛ Զախարովային,  և՛ մեր համարժեք պաշտոնավարողներին՝ եղե՞լ  է մի անգամ քարկոծեք Էրդողանին Ադրբեջանին անմնացորդ սատարելու համար, 44-օրյա պատերազմին մասնակցելու ակնհայտ սևագիր պատմության էջերի համար. այսօր էլ անվերջ երկու երկիր մի ազգ ու բանակ հայտարարելով ակնհայտ ուղղորդում են Բաքվի քայլերը Հայաստանի և Արցախի դեմ, երևի այսպես կողքանց շարունակելու Հայոց ցեղասպանության կիսատ թողած գործը:

Մենք միշտ հերքողի, պաշտպանվողի, նրանց սադրանքները ռուս խաղաղապահներին հաղորդելով սպասում ենք իրական գործողությունների:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կոշտ պատասխանից պարզորոշ հաստատվում է մեր եզրակացությունը՝ Բաքուն առաջնորդվում է իր երկրի շահերով և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների կարծիքներն ու կոչերը դիտարկվում է այդ դիտանկյունից: Ահա այսպես՝  ուզենք գարին խաշած կցանենք: Թող այդ երկրներն ու կազմակերպությունները նայեն իրար ու իրենց սարքած ճաշը ուտեն, իրենց սարքած խաղերից մի ուրիշ խաղ մոգոնեն ի հաշիվ միջազգային արդարադատությանը սրբորեն հավատացողների:

Այո, նրանց համար շահերն ավելի առաջնային են, քան դեմոկրատիան, մարդու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքները: Սա բացահայտ է և անպատիժ:

Միջազգային կառույցների հանդեպ մեր հավատը մեծ է, երբեմն երևի ամաչում ենք պահանջել իրականացնեն իրենց վճիռները:

Ամերիկահայ բժիշկները Երևանում մի մասնագիտական ժողովի մասնակցելով, միացյալ կոչ են հղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին, որ նա հաղորդի Ադրբեջանի սպառնալիքների դեմ իրենց բողոքը ԱՄՆ իշխանությանը: Կարելի էր դա անել նաև ԱՄՆ-ում բոլոր հայկական կազմակերպությունների կողմից: Այդ սպառնալիքները լսում են և՛ Անգլիայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, և՛ աշխարհի բոլոր անկյուններում, բայց լուռ են, ինչպես որոշ երկրներում ապրող ու նաև բազմաքանակ հայերը: Չգիտեմ, նրանք հնարավորություն ունե՞ն տարածելու Բաքվի հակահումանիստական արարքների ու սպառնալիքների մասին, բայց կարծում եմ, քիչ չեն նման հնարավորությունները: Ադրբեջանցիք կազմակերպում են տեղեկատվական ստահոդ, հակահայ հոսքեր աշխարհի բազում ԶԼՄ-ներով, կայքերով, և այլն, և այլն: Մեզանում ասվում է, թե նրանք կաշառում են, առնում են լրագրողների, փորձագետների, պատգամավորների…

Այդ մասին հայտնի է ամենուրեք և ի՞նչ:  Դատապարտու՞մ են նրանց, մեզ իրենց գլխի՞ն են դնում:

Շատ չերկարացնեմ. երբ 90-ականների կեսերին ՀՀ-ում Տեղեկատվության և գրահրատարակչության նախարարություն հիմնվեց, այդ  մարմնի ղեկավարության հետ հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Հարթինգը և երբ լսեց, որ Հայաստանում բոլոր հրատարակչություններն ու տպարանները մասնավորեցվել են, հարցրեց, թե որևէ պետական չի՞ պահպանվել: Լսելով պատասխանը՝ ոչ, ասաց, որ Ֆրանսիայում պետական կարիքների համար կա պետական գործառույթներն իրականացնող տպարան ու հրատարակչական մարմին: Իհարկե, մենք զարմացանք: Մեկ տարի անց վերացավ մեր նախարարությունն ու իր «Տեղեկատվական» անունը և մինչ այժմ Հայաստանում որևէ մարմին կա՞, թե՞ չկա այդ կարևոր բնագավառի խնդիրները համակարգող: Չգիտեմ: «Արմենպրես»-ի այսօրվա գոյության համար ժամանակին նվաստս պայքարել է, մի քայլ էր մնացել դա էլ մասնավորին հանձնելու:

90-ականների սկզբներին տեղեկատվությունը շփոթում էին սովետական քարոզչամեքենայի հետ և համարում հնի մնացուկ:

2016 թվականին մի ժպտերես հաղորդավար նշանակվելով ՀՀ մշակույթի նախարար, ջնջեց նախ «գրահրատարակչություն» ավելորդությունը՝  զրկելով դասական և ժամանակակից գրողներին տպագրվելուց,  տարատեսակ երկլեզու և եռալեզու ալբոմների հրատարակումից: Գեղարվեստականի ճանապարհով փակվեց նաև մեր պատմության, արվեստի ու գրականության տեղեկատվությունը միջազգային ցուցահանդեսներում, դեսպանատներում… Ահա այսպիսի պայքարի ճանապարհ տեղեկատվական դաշտում:

Այս ասպարեզում անհրաժեշտ է պետական քաղաքականության շտապ և հստակ քայլեր: Տեղեկատվական պատերազմը երբեմն ավելի վտանգավոր է, նա մշտական է ու նենգ, թաքուն ու բացահայտ, մի խոսքով պիտի արագորեն հարմարվենք հիբրիդային կոչված համաշխարհային պատերազմին ու գործենք բոլորով, ամեն մեկն իր տեղում: