ՔԵԶԻ ԸՆԾԱ՜Յ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

ՔԵԶԻ ԸՆԾԱ՜Յ,  ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Ապրիլի 22-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Եղէգնեայ գըրչով երգեցի փառքեր. /- Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք» գրական հանդիսությունը: Բացման խոսքով հանդես եկավ  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա  նշեց, որ  «հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, թեպետ, երկար կյանք չի ապրել, ցեղասպանվել է 31 տարեկան հասակում, բայց հասցրել է ընկալել անտիկ աշխարհից մինչև նոր ժամանակների գրականությունն ու արվեստը և այդ ամենը խոսք դարձնել»: Էդ. Միլիտոնյանը խոսեց 2015 թ.-ին ցեղասպանության  100-րդ տարելիցի կապակցությամբ ՀԳՄ-ի հրատարակած եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների «Հողը կը խօսի» անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն գրքերի մասին, որտեղ տպագրվել էին նաև Վարուժանի ստեղծագործությունները, այնուհետև ընթերցեց իր «Զոհված բանաստեղծներին» բանաստեղծությունը:

Հանդիսության ընթացքում ելութ ունեցավ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ:  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանը, Ռուզաննա Հախնազարյանը և Արամ Կոստանյանը արտասանեցին  Դանիել Վարուժանի  բանաստեղծություններից: Ներկա էին գրողներ, գրասերներ, ինչպես նաև Դանիել Վարուժանի անվան դպրոցի և «Բյուրակն» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները: Հանդիսության ավարտին Դանիել Վարուժանի ստեղծագործություններից արտասանեցին նաև նրա անվան դպրոցի աշակերտները: Օրը հագեցած էր Վարուժանի պոեզիայի անմար ղողանջներով: