ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳևՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳևՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը ամփոփվեցին ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի և ՀԳՄ-ի համատեղ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության» արդյունքները:
Պոեզիայի անվանակարգում 2-րդ մրցանակի արժանացավ Հայկ Սիրունյանը: Նույն անվանակարգում 3-րդ մրցանակի արժանացան Նաիրա Ղուկասյանը, Գոհար Գրիգորյանը, Հրաչուհի Լոռեցյանը: Արձակի անվանակարգում 2-րդ մրցանակի արժանացավ Անի Ղազարյանը, 3-րդ մրցանակի՝ Կարինե Մանասյանը: Մանկագրության անվանակարգում 3-րդ մրցանակի արժանացան Անի Խաչատրյանը, Գրետա Ալեքսանյանը, Վովա Արզումանյանը:
Էդվարդ Միլիտոնյանը, նախքան մրցանակները հանձնելը, իր նկատառումները հայտնեց երիտասարդական գրական դաշտի վերաբերյալ, մասնավորապես՝ մանկագրության ժանրի բացակայության: «Երիտասարդները պատանիների, մանուկների համար հազվադեպ են փորձում գրել: Այնինչ դա աշխարհում ամենաընթերցվող, տարածվող հրաշալի ժանրերից է»,- ասաց նա:
ՀԲԸՄ ներկայացուցիչ Օհանես Եորդեկյանը նշեց, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր 116 տարվա պատմության ընթացքում լայնորեն աջակցել է հայ գրականությանը, գրողներին և՛ այստեղ, և՛ Սփյուռքում: «ՀԳՄ-ի հետ երկարամյա գործակցության ընթացքում այս մրցանակաբաշխությունը մի նոր նախաձեռնություն է, որի նպատակը հոգևորը քաջալերելն է և երիտասարդ գրողներին խրախուսելը»,- ասաց նա:
Ի դեպ, հանձնաժողովը ոչ մի անվանակարգում 1-ին մրցանակի ոչ ոքի չէր արժանացրել:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ