ՑԱՅՏՆՈՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՉԸՆԿՆԵՆՔ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ

ՑԱՅՏՆՈՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՉԸՆԿՆԵՆՔ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ

Շախմատիստները գիտեն, թե ինչ դժվար է ցայտնոտի ժամանակ գտնել ճիշտ քայլերը։ Այդպես էլ պետությունների կյանքում, հատկապես պատերազմական իրավիճակներում գտնված ու գտնվող փոքր պետությունները, որոնց ռազմական, տնտեսական ու սոցիալական մակարդակը ցանկալիին մոտ չէ։ Դիվանագիտական հարաբերություններն էլ կախված են վերոնշյալ բնագավառներից։ Եվ ահա Արցախի բռնի տեղահանություն, նոր հոգս ու ցավ առանց այդ էլ դժվարությունների թավուտում հայտնված Հայաստանի համար։

Այսօր կայքերից մեկում լսեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկյան ներկայացուցիչ Քեվին Քովանոյին,  և՛ պարզորոշ ասվածը, և՛ նաև ենթատեքստերը մի բան էին հաստատում՝ խմբի աշխատանքը տապալված է, որովհետև Ադրբեջանը մի բան էր ասում և այլ բան գործում, մինչև 2020 թվի պատերազմը քանիցս կարճաժամկետ կռիվներով ջրում էր ուժի միջոցով հարցերը չլուծելու խոսույթը։

Մինսկի խմբին Անդրկովկասից դուրս մղեցին, մեր կարծիքով, ՌԴ-ն, Թուրքիան և Ադրբեջանը, և Թուրքիան դարձավ ոչ միայն պատերազմի կողմ, այլև հետագա գործընթացներին Ռուսաստանի հետ հետևող ու որոշող։

Հետո տապալվեց նաև 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Արցախի բռնահանումից հետո խամրեց բրյուսելյան ու պրահայան բանակցությունների արդյունքները։

Նորից կրկնենք հին ասույթները՝ ուժն է ծնում իրավունք և ապա՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Գերմանիայի բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Ռութն իր էջում գրել է՝ ԵՄ-ն հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը էթնիկ զտումով հասնում իր նպատակին։ Սա էլ բուն եվրոպացի պաշտոնյայի կարծիք։

Հա, ամերիկացի պաշտոնյա Յուրի Կիմի նախորդ խոստումների մասին հնչեց հարց, թե Արցախի հանդեպ ուժի կիրառման դեպքում ԱՄՆ-ը կոշտ կարձագանքի, Քեվին Քովանոն առաջարկեց հարցերը նրան ուղղել։

Խոսքեր և գործեր։ Արցախին կամ ավելի ճիշտ՝ արցախցի բռնագաղթյալներին հումանիտար օգնություն։ Հիմա էլ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի նախազգուշացումները՝ Հռոմի ստատուտի քննարկման վերաբերյալ, դա համարելով ՌԴ-ի նկատմամբ թշնամական քայլ, իհարկե, տեսնելով ամերիկյան կողմի թելադրանքի շուքը։ Ես չեմ կարող ենթադրել, թե ինչ քայլեր կհետևեն, դա պիտի անեն մեր պաշտոնյաները, դիվանագետները, բայց մեր այս վիճակում Ռուսաստանը մեզ համարի թշնամի և մենք էլ նրան՝ ոչ բարեկամ, կարծում եմ առանց այդ էլ տարածաշրջանի բարդ վիճակում ավելի ենք խճճում թելերը։ Մի անեկդոտ՝ երկու լոռեցի ընկեր գնում են անտառ։ Արջ է ելնում դեմները, մեկին բռնում է, մյուսը փախչելով բղավում է՝ թող, արի։ Ընկերը պատասխանում է՝ ես թողում եմ, ինքը թողում չի։ Իսկ մի զինվորական փորձագետ մի այլ կայքում ճգնում էր ապացուցել, թե լավ զինվելու դեպքում մենք Սյունիքը կարող ենք անվտանգ պահել, անգամ եթե կռվենք 3-4 երկրի դեմ։ Ահա այսպիսի հզոր զինվորական փորձագետ, մեր ժողովրդին դուր եկած խիզախ տեսլականով։ Հեռու և մոտ երկրներից հումանիտար օժանդակության հոտ է գալիս, ուրիշ ոչինչ։ Թող ես սխալվեմ, բնավ ցանկություն չունեմ սխալս չընդունելու։ Սխալվել կարող են բոլորը, անգամ Նապոլեոնն ու Չերչիլն են երբեմն թերացել։

Ցայտնոտից դուրս գալով չընկնենք ցայտնոտի մեջ։

Հ.Գ. – Երբ արդեն բանը բանից անցել է, Արցախն ամբողջովին հիշեցնում է իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի անմարդ, դատարկ քաղաքի մի կենդանի տեսարան, ո՞նց չմտածես, մենք դիմանալու ենք, մենք իմունիտետ ունենք հիշելու մեր վաղնջական և ոչ խոր անցյալի կորցրած գյուղերն ու քաղաքները։ Իմ արցախցի գրող ընկերը արդեն վարձով բնակարանից ինձ ասում է՝ մենք չպետք է կոտրվենք։

Կողքից լսվում էր երեխայի ձայն։ Այդ երեխայի և իմ թոռնիկների աչքերի առջև ամոթից գետինը չմտնենք, հանուն այդ մանուկների ապրել, լացը թեթևացնում է, բայց զսպելը որքան ծանր, այդքան քարեղեն ոգի է։ Կանայք և տղամարդիկ, հայ մայրեր ու քույրեր, եղբայրներ ու հայրեր, հիշենք Սարոյանին՝ մենք կպարտվենք, բայց մեզ չեն հաղթի։

Լսեք Դմիտրի Պեսկովին ու զայրացած ժպտացեք նրա խոսքի վրա, թե եթե ինձ հարցնեն տեղահանության համար ո՞վ է մեղավոր, չեմ կարող ճշգրիտ պատասխանել։

Այո, դուք և ձեր մեծավորները զարմացած են, ո՞վ է մեղավոր Արցախի դատարկվելու համար, ձեզ ասեմ՝ մենք ենք մեղավոր, մի տանջվեք, որովհետև էներգակիր չունենք և Ադրբեջանի ու Թուրքիայի չափ լոգիստիկ պայմաններ։

ՄԱԿ-ի դիտորդներն արդեն դատարկ Արցախ են հասել, ուր խաղաղապահներն են ու ազերի ոստիկաններ։ Նրանք մի քիչ ուշացել են, ինչպես Գորբաչովի զինվորները Սուգայիթում։ Էլի մենք էինք մեղավոր։

Եվրոպացի հայտնի գործիչներ ԵՄ-ի պարտությունն են համարում, ստույգ՝ Շարլ Միշելի, որ ոչ մի ռեալ քայլի չդիմեցին, երբ Արցախը տասը ամիս սովամահության էր մատնված։

Էլի կրկնեմ լոռեցու միամտնությամբ՝ մենք ենք մեղավոր, որ այսքան միամիտ ենք ու միշտ հավատացել ենք ձեզ ու թե աշխարհի ուժեղները մեզ նման պիտի մտածեն։

Հետգրությունները կարճ են լինում, բայց ես դեռ մի քանի բառ էլ գրեմ, թե որքա՞ն պիտի շարունակենք այսքան միամիտ ու հավատավոր, երբ աշխարհի ուժեղները թակարդներ են լարում մեկը մյուսի դեմ, որոնց մեջ հիմնականում փոքր երկրներն են ընկնում։

Մենք ձրի պանիր չփնտրենք։ Երվանդ Քոչար մեծ քանդակագործը մի օր գրողների միության ճաշարանում պատմեց մեզ, թե Փարիզում ֆրանսիացիք հպարտանում էին իրենց 500-ի չափ պանրատեսակներով, և ինքը նրանց ասել է՝ հայերը երեք հազար տարի առաջ էլ ռոքֆորի պես յուրատեսակ հորած պանիր էին սարքում։

Վարպետ ջան, մեր գյուղացիք հիմա էլ են այդ գործին, և վստահ եմ, հազար տարի հետո էլ մեր բարեկամ հյուրերը կհամտեսնեն։

Եվ նրանց կուղեկցի Սասունցի Դավթի արձանը։ Հիշենք, Դավիթն էլ սալերը փշրելով դուրս էր եկել թակարդ-փոսից։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ