ՎԱՐԴԱՏՈՆԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՎԱՐԴԱՏՈՆԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ավանդույթի համաձայն՝ մայիսի 22-ին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պուրակում «Սայաթ-Նովա» մշակութային միության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, նշվեց Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, խոսելով բանաստեղծության, երգի հզոր մագնիսական ուժի մասին, նշեց, որ գրողն իր սիրտը դարձնում է երգ ու բանաստեղծություն` բոլորին համախմբելու համար: «Պատահական չէ, որ ավելի քան 100 տարի առաջ Թումանյանն ու Բաշինջաղյանը ժողովրդին պարգևած Սայաթ-Նովայի երգերը ներկայացրին աշխարհին, և այսօրվա տոնը վկայում է, որ նրա պոեզիան անմահ է»,- ասաց նա:
Ըստ Թովմաս Պողոսյանի` «Սայաթ-Նովան սեր է, իսկ սերը հավերժ է, ինչպես հավերժ է մեր ժողովուրդը»:
Դիրիժոր Դանիել Երաժիշտն ընդգծեց, որ ամեն տարի Վարդատոնի կազմակերպումը կարևոր գործընթաց է ազգի հիշողությունը պահպանելու առումով:
Երևանում բնակվող թբիլիսահայերին դեպի հուշարձան էր բերել Էդուարդ Եդիկիսելովը, ով նրանց հետ նաև Թբիլիսիում է լինելու առաջիկա կիրակի:
Այնուհետև համերգային ծրագիր ներկայացրեց ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆԻ