ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ

ՍԱՐՈ  ԳՅՈՒՄՐԵՑԻ

Ցավով տեղեկացանք ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում բանաստեղծ, հրապարակագիր, «Համայնապատկեր» գրական-մշակութային ամսագրի հիմնադիր-խմբագիր ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ  (ԳՅՈՒՄՐԵՑՈՒ) մահվան մասին։

Մինչև 1998 թվականը հայրենիքում, ապա ԱՄՆ տեղափոխվելուց հետո, արտերկրում Ս. Գյոդակյանը զբաղվել է գրական-մշակութային ակտիվ գործունեությամբ. եղել է «Կանչ», «Առավոտ» թերթերի գեղարվեստական բաժինների պատասխանատուն, հրատարակել է «Տարեգիրքը» բանաստեղծությունների ալմանախը (Երևան, 1981), «Սփյուռք. Արդի հայ քնարերգություն» սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն (Լոս Անջելես, 2010), 1999-ին Լոս Անջելեսում հիմնել  է «Համայնապատկեր» ամսագիրը, որն այս տարի բոլորում է իր քսանամյակը։

Սարո Գյոդակյանի բանաստեղծությունների հիմնական մոտիվը հայրենի քաղաքի՝ Գյումրու, պատմության, բնության ու մարդկանց կենդանի հուշն էր ու կարոտի զգացողությունը, ինչի մասին են վկայում նաև հրատարակված ժողովածուների վերնագրերը՝ «Հեռավոր հուշերի մի քաղաք…» (Լոս Անջելես, 2001), «Գյումրի, քո կենացը» (Երևան, ՀԳՄ հրատ., 2016)։

2012 թվականից նա նաև Հայաստանի գրողների միության անդամ էր արտերկրից։

Իր երկարամյա հայանպաստ գրական- մշակութային գործունեության համար Սարո Գյոդակյանն արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների ու պարգևների։

Ցավակցում ենք հանգուցյալի բոլոր գրչակիցներին, հարազատներին և ընթերցողներին։

Սարո Գյոդակյանի՝ բանաստեղծի, հրապարակագրի, գրական-մշակութային գործչի հիշատակը վառ կմնա մեր սրտերում։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ