ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՍԱԿԱԿԻՑԸ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՍԱԿԱԿԻՑԸ

Հայոց մանկապատանեկան գրականության ոչ շատ ընդարձակ դաշտում իր պայծառ տեղն է հաստատել, ծաղիկներ ու բանաստեղծություններ տնկել, այլ բույսեր ու պատմվածքներ աճեցրել և ծառերի ու հեքիաթների շիվեր է բազմացրել մեր 90-ամյա Սուրեն Մուրադյանը։

Նրա տարիքի թվից ավելի գրքերը տարածվել են ու հասել բազմազգ ընթերցողների, մանուկ սրտերի։

Ջերմ ալիքները պարուրում են ու ձգում խոսքի մոգական աշխարհը, և շատ երեխաներ, համոզված եմ, նրա գրվածքների ներգործությամբ են կապվել ընթերցանությանը։

Դասագրքերից ու անթոլոգիաներից Սուրեն Մուրադյանի զվարթ նկարն է նայում մանուկներին, նայում է գրադարանների պատերից ու ազդագրերից և համոզում նրանց, թե գիրքն ամենակարճ ճանապարհն է դեպի երազանքի դղյակը և բարձր նպատակը։

Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակը նույնքան երաժշտական բարի ելևէջներ, թումանյանական, Լոռվա եզերքի ժպիտ է հղում։

Մի անգամ մեր մանկագիրներից մեկի հոբելյանին ասացի՝ մանուկների համար գրելը երկար ապրելու դեղատոմս է։ Վկա՝ Սուրեն Մուրադյանը։ Նոր գրքերով ու նոր երգերով ուրախացնես, սիրելի ավագ ընկեր ու մանուկների հասակակից։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ 

ՄԱՆԿԱՆ ՀՈԳՈՎ 90-ԱՄՅԱ ՊԱՊԻԿԸ

Սուրեն Մուրադյանը նշում է 90-ամյա պատկառելի հոբելյանը։ Եվ պատահական չէ, որ երբ քրոջս որդին վազում էր մանկապարտեզ, շրթին նրա բանաստեղծությունն էր. «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքից, որը շահել էր տարվա լավագույն գիրք մրցանակը՝ 1972 թվին։

Սուրեն Մուրադյանի լավագույն բանաստեղծությունները զարդարում են դասագրքերը, մանուկները հեշտորեն անգիր են անում այդ համով-հոտով ոտանավորները։ Նրա հետ այցելել ենք բազմաթիվ դպրոցներ և անցկացրել «Մանկական գրականության շաբաթներ»։ Ամենուրեք գրողին ընդունել են մեծ ոգևորությամբ, իսկ նրա բարի ժպիտն ու առինքնող խոսքերը արձագանքել են նրանց սրտերում։

«Ծիծեռնակ» ամսագրի էջերը արժևորում են բանաստեղծի կառուցիկ հայերենով գրված ոտանավորները։ Մենք միասին հրատարակել ենք մի քանի ժողովածու, որոնցից ուզում եմ առանձնացնել «Ծաղկամանի գաղտնիքը» պիեսների ժողովածուն, իր յուրօրինակ դրամատիկական գործերով։ Վերջին ժողովածուն, որ հրատարակել է «Ծիծեռնակ» հրատարակչության «Մեկ մանկիկ եմ, մեկ պապիկ» գիրքն է, ուր ամփոփված են գրողի վերջին տարիների ստեղծագործությունները։

Ինձ հարազատ են նաև Սուրեն Մուրադյանի քնարական բանաստեղծությունները։ Իսկ գարունը ինձ համար գալիս է, երբ Սուրեն Մուրադյանը ձնծաղիկների առաջին փնջերը ձեռքին մտնում է «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրությունը։

Խոսքս ավարտում եմ Սուրեն Մուրադյանի նրբին տողերով.

«Բանաստեղծները չեն ծերանում,

Նրանք ապրում են ամենուրեք,

Մեկ ծնվող մանկան հետ մանկանում,

Մեկ սիրող շրթին դառնում սիրերգ»…

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ