“Հաղթական մայիս” -ը Վանաձորում
“Հաղթական մայիս” -ը Վանաձորում
Մայիսի 25-ին “Հաղթական մայիս” պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը հյուրընկալվեց Վանաձորի մարզային գրադարանում: Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միոցառումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և Լոռու բաժանմունքի նախաձեռնությամբ ու Վանաձորի քաղաքապետի հովանավորությամբ:
“Այս միոցառման նպատակն է, որ երիտասարդները, հատկապես երեխաները լսեն, իմանան ու գնահատեն պատմական ճակատամարտերի կարևորությունը”, – ասաց ՀԳՄ նախագահ էդվարդ Միլիտոնյանը և ընդգծեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը չէր շարունակվի, եթե 1918 թ.-ին այդ բախտորոշ ճակատամարտերը չլինեին: “Մերկ ձեռքերով էլ կարելի է հաղթել, եթե քո ոգին ամուր է, կարծր է, եթե իսկապես նպատակդ շեշտակի է”,- վստահեցրեց նա:
Փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, արժևորելով Դրաստամատ Կանայանի, Արամ Մանուկյանի և Մովսես Սիլիկյանի դերակատարությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, նշեց, որ առանց նրանց կազմակերպելու հնարավոր չէր մայիսյան հերոսամարտերի հաղթանակը: “Քառասուն տարի շարունակ հայերի կյանքը մղձավանջի էր նման, դռնեդուռ ընկած աշխարհի հզորներից աղերսում էին կյանքի, գույքի, պատվի տարրական ապահովություն, բայց դրա արդյունքում ստացան ցեղասպանություն”, – ասաց նա՝ փաստելով, որ հայ ժողովուրդը թշնամու դեմ ծառացավ ու հաղթանակեց հմուտ ղեկավարության շնորհիվ:
Ալիս Հովհաննիսյանը, խոստովանելով, որ քանի որ ինքը բանաստեղծ չէ և եկել է գեղեցիկ պոեզիա վայելելու և ունկնդրելու բանաստեղծների կողմից հնչող հպարտության խոսքերը, վստահեցրեց, որ իսկապես հպարտանալու ամիս է մայիսը: Ապա ներկայացնելով իր “Րաֆֆու ոտնահետքերով” գիրքը, որը նվիրեց գրադարանին, Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարի հիմքը դրել է Րաֆֆին:
Գոռ Հարությունյանը նշելով, որ բանաստեղծների համար պատմագիտությունը հետաքրքիր է իր գեղարվեստականությամբ, վստահեցրեց, որ մայիսյան հաղթանակները սկսվում են Ավարայրից, որին հաջորդում են Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը: “Փառահեղ հաղթանակ այն օրերի համար, որը դարձավ որպես հետագա լինելիության երաշխիք”,- ամփոփեց նա:
Ելույթ ունեցան և բանաստեղծություններ կարդացին նաև Մանվել Միկոյանը, Վահագն Մուղնեցյանը, Հռիփսիմէն, Կորյուն Առաքելյանը, Նանեն, Ագնեսը, Հերմինե Նավասարդյանը, Սաթենիկ Ղազարյանը, Անահիտ Արփենը, Զավեն Պետրոսյանը և ուրիշներ: Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքայանը: Ցերեկույթը վարում էր դերասան Ջիվան Սար•սյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ