ՀՆՄ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀՆՄ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության արտահերթ համաժողովը՝ «ՀՆՄ գույքի սեփականության մասին» օրակարգով։ Համագումարին հրավիրված էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ անդամներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ։ ՀՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը համագումարին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի մանրամասներն ու տեղի ունեցող գործընթացները, և համագումարը միաձայն բացասական վերաբերմունք արտահայտեց Նկարիչների միության գույքի հանդեպ սեփականության այլ կարգավիճակ սահմանելու դեմ։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր խոսքում նշեց, որ ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀԳՄ արտահերթ համաժողով, որը միաձայն պաշտպանել է ՀԳՄ ունեցվածքի սեփականության իրավունքը և առաջարկել, որը հաստատվել է համաժողովի միաձայն քվեարկությամբ, որ Գրողների միության անշարժ գույքը օտարման ենթակա չէ։ ՀԳՄ նախագահը շեշտեց, որ ոտնահարվում են ոչ միայն ՀՆՄ և ՀԳՄ, այլ բոլոր հասարակական կազմակերպությունների ու միությունների սեփականության իրավունքը և պետք է համատեղ ուժերով պայքարել ու տեր կանգնել ի սկզբանե հենց այդ կազմակերպությունների ու միությունների համար կառուցված շենքերին և իրավունքներին։

Համագումարին ՀՀ կառավարության մոտեցումն ու վերաբերմունքը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը։

Ն. ԳԱՍՊԱՐՅԱՆ