ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
Մարտի 26-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Նախագահության անդամներից 27 հոգի մասնակցում էին նիստին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց ապրիլ ամսում նախատեսվող միջոցառումների՝ «Տոնապետ» մրցանակաբաշխության, Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակին նվիրված պոեզիայի ցերեկույթի և Մանկապատանեկան գրականության շաբաթվա մասին: Այնուհետև նա տեղեկացրեց, ՀԳՄ-ի՝ «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ից և ՀՀ գլխավոր դատախազությունից ստացած նամակների մասին: «Վիոլա Ջուր» ՓԲԸ -ի նամակի մեջ գրվում է ՀԳՄ շենքի ջրաչափի հետ կապված խնդիրների մասին, որի պատճառով ՀԳՄ-ն պետք է վճարի 1800000 դրամ: Պատասխան նամակ է ուղարկվել՝ նշելով, որ ջրաչափի հետ առաջացած խնդիրները չեն համապատասխանում իրականությանը: Խնդիրը լուծելու համար տրված է փաստաբանին: Դատախազության նամակում վիճարկվում է ՀԳՄ-ին տրված 1999 թ.-ի մարտի 12-ի ՀՀ կադաստրի կոմիտեի սեփականության վկայականը: Նամակին կցված են 1992- 2013 թթ.-ի մի շարք փաստաթղթեր, որոնք իբրև թե կասկածի տակ են դնում սեփականության գրանցումը և դատական հայցով ցանկանում են անվավեր ճանաչել 2001 թ. ՀՀ կադաստրի կոմիտեում սեփականության իրավունքի վերագրանցումը: Էդ. Միլիտոնյանն ասաց, որ նմանատիպ գրություն է ստացել նաև Նկարիչների միությունը: Նրա կարծիքով՝ գրություններում նույն խնդիրն է. վիճարկել պետական շենքերի սեփականության գրանցումը կադաստրում: «Ըստ այս գրությունների՝ ստացվում է, որ պետական ատյանները, որոնք օրինական կարգով հաստատել են սեփականության իրավունքը, իրենք են երկար տարիներ անօրեն որոշումներ կայացրել: Ստեղծագործական միությունների նախագահների հետ որոշեցինք փաստաբանների հետ խորհրդակցելով համատեղ արձագանքել դատախազության հայցին: Մտահոգիչ է ստեղծագործական միությունների սեփականությունը դարձնել պետական սեփականություն՝ միությունների կասկածելի ապագայով: Ժամանակին՝ գրողների գրքերը տպագրելիս, Գրական ֆոնդը հոնորարներից տոկոսներ էր գանձում, հետո նաև այդ միջոցներով է կառուցվել ՀԳՄ շենքի մի մասը»,- ասաց Էդ.Միլիտոնյանը: Պետրոս Դեմիրճյանը նշեց. «ՀԳՄ կանոնադրության մեջ գրված է, որ ՀԳՄ գույքը որպես սեփականություն պատկանում է Գրողների միությանը այնքան ժամանակ, քանի դեռ միությունը չի լուծարվել: Եվ ՀԳՄ կանոնադրությունը հաստատվել է պետականորեն»: Խաչիկ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը քաղաքական է, իշխանությունների հրահանգն է իրականացվում: ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանն ասաց . «Իրավաբանորեն որևէ խնդիր չկա, ժամանակին ՀԳՄ-ից ներկայացված բոլոր փաստաթղթերը ճշգրիտ են և պետականորեն է որոշվել ստեղծագործական միությունների գույքը հատկացնել նրանց՝ իբրև սեփականություն»: Հենրիկ Էդոյանի կարծիքով՝ «սա իրավաբանական հարց չէ կամ դատարանի խնդիր, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ»: Ավիկ Իսահակյանը նշեց, որ ՀԳՄ շենքի կառուցմանն օժանդակել է Ավետիք Իսահակյանն՝ իր միջոցներով: Կարինե Խոդիկյանն իր խոսքում նշեց. «ՀԳՄ-ին վերաբերող դատական հայցի պատասխանողը նախ կադաստրն է: Առաջարկում եմ համագործակցել բոլոր ստեղծագործական միությունների հետ ու հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որպեսզի արձագանքն ու լսարանն ավելի մեծ լինեն»:
ՀԳՄ նախագահության նիստի մասնակիցները, ՀԳՄ անդամները Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև Արցախից բռնատեղահանված և այժմ Հայաստանում բնակվող գրողները հետևողական կլինեն խնդրի լուծմանը: