ՀԱԼԱԾՎԱԾ ԹՇՆԱՄՈՒ ԲՈՂՈՔԸ

ՀԱԼԱԾՎԱԾ ԹՇՆԱՄՈՒ ԲՈՂՈՔԸ

Հե՛յ, աշխարհ, դու ո՞նց չես տեսնում, որ էս հայերը խաբում են բոլորին, հատկապես ադրբեջանցիներին և Թուրքիային, թե Լեռնային Ղարաբաղում սով է, հումանիտար աղետ, մարդու և 120 հազար բնակչության իրավունքների ոտնահարում, և դեռ ՄԱԿ-ի բարձր ատյանում ցեխ են նետում բարի, մարդասեր, հայերի ձեռը տանջված, տեղահանված ու մշտապես ցեղասպանված Ադրբեջանի կողմը։

Ճիշտ է, քննարկման ժամանակ եղան հայերի կեղծիքները կուլ տված ելույթ ունեցողներ, բայց և ճշմարիտ հակադարձեցին Թուրքիայի, Ալբանիայի ներկայացուցիչները. ճիշտ է, ցեղակից են, բայց ի՞նչ կարևոր է, էն է, սլավոն ցեղակիցներ կան՝ իրար են ոչնչացնում, և հետո, Ալբանիայի Կոսովոն մի՛ շփոթեք Ղարաբաղի հարցի հետ, դա ուրիշ էր, Եվրոպան և Ամերիկան պաշտպանեցին նրա անկախության իրավունքը, մի բան գիտեին, չէ՞։ Հետո էս հայերը սով ասելով հասկանում են տորթ ուտել, էդ մասին մոռացել է գրել Ստրաբոնը, հարսանիք են անում ճոխ-ճոխ՝ թշնամու ինադու, և խմում Քսենոֆոնի հին Հայաստանում տեսած գարեջուրը։ Իհարկե, դա թուրքական, ադրբեջանական խմիչք է, որովհետև Հայաստան չի եղել, միֆ է, ադրբեջանցի-ալբանացիներ են եղել բնիկները, ուղղակի հունարեն չեն իմացել՝ տեղեկացնելու Ստրաբոնին, Քսենոֆոնին, հա, կարծում ենք էդ հույներն էլ էն գլխից անտեսել են ադրբեջանցիներին ու թուրքերին, պարզ թշնամություն է, չեն սիրում մեզ, էլի, կարծես իրենց վատություն ենք արել, էլ չեն ասում մեր Կիպրոս կղզին կիսել են ու առոք-փառոք պառկում են ծովափերին։ Հե՜յ աշխարհ… Էս հայերը չեն հասկանում, որ 21-րդ դարում տիեզերքից շատ հստակ կարող են ամերիկացիք տեսնել՝ Լաչինի միջանցքը փա՞կ է, թե՞ բաց։ Ճիշտ է, ՄԱԿ-ում նրանց ներկայացուցիչը խիստ ասաց՝ պետք է բացել և վերջ։ Բայց բացվե՞ց։ Ուրեմն տիեզերանավը խաբել է կամ էլ հայ ծպտված տիեզերագնաց է եղել դիտողը։

Այ հիմա Կոռնիձորից Անդրկովկասում Եվրոպայի ներկայացուցիչ Կասպրչիկը  հեռադիտակով նայում է ու կտեսնի, որ խաղաղապահ ռուսներն են անցակետ դրել, մեզ ստիպում են փակել ճանապարհը, պատանդ վերցնել։ Մենք ի՞նչ կարող ենք անել, ռուսներն ուժեղ են, ո՞նց չլսենք, հետո կարծես վրեժ են լուծում, որ մենք օգնում ենք Ուկրաինային։

Հայերն ավելի են խառնում, նրանց մի թևը խրվում է արևմուտք, մյուսը՝ Ռուսաստան, էն հաջորդը՝ Հնդկաստան, մի այլ թև՝ Չինաստան և նոր մի թև էլ՝ Բրիքս։ Չգիտենք՝ էս հայերը Բուդդայի՞ց են ծնվել բազմաթև։ Եվ բոլորն էլ մեղադրում են ախոյան թշնամուն, այսինքն՝ մեզ, որ թելադրում ենք գաղտնի կոդերով։ Բա ասում էիք խելո՞ք ենք, գարեջուր ենք հորինել, սովի ժամանակ հարսանիքի տակտիկա ենք ընդունում, դե մի ճամփա ընտրեք, մենք դա էլ փակենք, գնաք ՄԱԿ, ԵԽ, ԵԽԽՎ, հետո՝ Բրիքս, ձեր ընկերներ ռուսներն ու պարսիկները այդտեղ են, կարող են օգնեն։ Շատ համը հանեք, մենք էլ կգանք այնտեղ, ինչպես ՄԱԿ-ում ենք, ԱՊՀ-ում, ՀՍՊԿ-ում, ԵԽԽՎ-ում, այսինքն եթե մենք էլ չենք անդամ, մերոնք են էնտեղ։ Հասկացա՞ք։ Ուր գնաք, մենք այնտեղ ենք՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ և այլն։ Ձեզ ի՞նչ բացատրենք, աչքներդ լայն բացեք, չէ, ի՞նչ ենք ասում՝ փակեք ու իրար հոշոտեք միասնություն գոռգոռալով։ Պետք եղավ՝ մենք ձեզ ձեռք կմեկնենք Աղդամի ճանապարհով, էդ էլ ձեր սիրած Շառլ Միշելն ասաց առաջինը, Լաչինով էլ դուրս կանենք դեպի հիվանդանոցներ։ Կարմի խաչը չնեղանա։

Հա, չմոռանաք ասել՝ էդ Ֆրանսիան ինչ-որ բանաձև է պատրաստում, ուրախացեք, ՄԱԿ-ը երևի ընդունի։ Նրանց ասեք՝ թող թղթի վրա չգրեն, գիտեք թղթի վերջը, թող վիրտուալ ներկայացնեն, այսօրվա աշխարհը էդ եղանակն է սիրում՝ վիրտուալ, դա շատ է օգնում սովահարներին, հատկապես սուտասաններին։

Հեյ, աշխարհ, կրակն ենք ընկել էս հայերի, այսինքն՝ ալբանների, արևմտյան ադրբեջանական հողերի վարձկանների ու մեր հեթանոս ու քրիստոնյա տաճարները սեփականաշնորհողների, խաչքարերը ջարդողների ձեռը։

Չմոռանանք ասել՝ իրենց այբուբենը ստեղծողն էլ էր հաստատ մերոնցից, թե չէ ինչո՞ւ էր ալբանների (աղվանների) այբուբեն հորինում, հայերին ու վրացիներին ուրախացնելու շարքում։

Իմացեք, մենք նավթով լվացված մեր սուտը ճշմարիտի տեղ ենք ծախում, կարաք՝ դուք էլ արեք։

Առայժմ այսքանը։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

28.08.23 թ.