«ԸՆԿՆԵԼԻՍ ԲԱՐՁՈՒՆՔ Է ՊԵՏՔ…»

«ԸՆԿՆԵԼԻՍ ԲԱՐՁՈՒՆՔ Է ՊԵՏՔ…»
Անցյալ դարի 60-ականներին համալսարանի գրական ստուդիայի սաներիս բանաստեղծությունները հերթով կախվում էին բանասիրականի միջանցքում հատուկ հարմարեցված վահանակի մեջ (լուսանկարով): Ուսանողները, դասախոսները խմբվում էին դեմը, դատողություններ անում, այն ժամանակ համացանց կամ ֆեյսբուք չկար, բայց դա չէր խանգարում, որ պոետների համբավը լույսի արագությամբ տարածվեր համալսարանով մեկ, հասներ «Պապլավոկ»-յան թրատող լեզուներին:
Հերթը հասավ ինձ: Քննարկման նախօրեին Գրական ստուդիայի պատասխանատու Հովհան-նես Գրիգորյանը հայտնեց, թե ինքը չի կարող վարել երեկոն՝ անհետաձգելի գործով քաղաքից բացակայելու է: Տրամադրությունս ընկավ, առանց Հովհաննեսի, կարծում էի, երեկոն բավարար շուք ու փայլ չի ունենա: Խնդրեցի, որ երեկոն հետաձգեն: Հովհաննեսը չհամաձայնեց, ասաց. «Իմ փոխարեն երեկոն կվարի մեր լավագույն բանաստեղծներից մեկը՝ Վառլեն Ալեքսանյանը, արդեն պայմանավորվել եմ հետը, շատ գոհ կմնաս»:
Այդ անուն-ազգանունը ինձ ծանոթ էր, կարդացել էի նրա բանաստեղծությունները համալսարանի թերթում, լսել ստուդիայի ընթերցումներում: Դրանք մեզանում դժվարորեն հաստատվող նոր խոսքի արտահայտություններ էին, բանաստեղծության այն տեսակը, որ ձգտում է լիակատար ազատության: Իսկ որպես մարդ Վառլենին չգիտեի:
Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, մի քանի գրասեր ուսանողներով անցկացրած գրական այդ երեկոյից, ափսոս, շատ բաներ չեմ հիշում£ Բայց հրաշալիորեն հիշում եմ Վառլենին՝ լսարանի առաջ կանգնած եռանդուն խոսելիս… Նա գնահատեց նոր ու թարմ երևալու ձգտումներս, նույն ոգևորությամբ գնահատեց նաև թերություններս: Վառլենը մոտավորապես ասաց հետևյալը. «Այս տղան (այսինքն՝ ես) եթե անկումներ ունի, ապա որոշակի բարձունքից են դրանք, նա նորից կբարձրանա, ավելի հեռուն կգնա: Տանել չեմ կարող գետնի վրա սայթաքող, ընկնողներին: Ընկնելիս բարձունք է պետք»:
Հետագայում մենք շատ մտերմացանք, դարձանք ընկերներ: 90-ականների սկզբին աշխատեցինք «Ազատամարտ» թերթում: Ինձ հիացնում էր նրա աշխատաոճը՝ գործն անում էր հստակ, ժամանակին, կռիվ էր տալիս ամեն բառ ու արտահայտության համար£ Անսահման հումոր ուներ: Նրա ծիծաղն անչար էր, մարդուն խնդություն տվող բերկրանք:
Մեկ տարի է՝ չենք տեսնում Վառլենին Գրողների միության շենքում, ուր հայտնվում էր հատկապես առավոտները, կեսօրին երբեմն փոքրիկ ուրախություններ էր հորինում մի բաժակ թունդ օղու շուրջ: Սիրում էր իր ընտանիքը, սիրում էր ընկերներին, սիրում էր իր ապրած կյանքը, այդ կյանքի խեցիներից գրած, դուրս բերած իր ինքնատիպ պոեզիան… Սիրում էր երեխաներին, հատկապես «Ցոլքեր» գրական ստուդիայի պատանի ստեղծագործողներին, որոնց հետ տարիներ շարունակ ինքնամոռացորեն պարապում էր, փորձ ու գիտելիք հաղորդում: Ի՛նչ մեծ բան է հիշողությունը£ Ահավասիկ Վառլենը իրականում չկա, բայց մեր հիշողության մեջ կա: Այս երկրորդ գոյությամբ տարիներ-տարիներ նա կմնա բանաստեղծական ձուլածո էություն՝ Վառլեն Ալեքսանյան:
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ