ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Կյանքի 88-րդ տարում վախճանվել է գրող, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի գրողների միության սփյուռքահայ անդամ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ։

Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ Ուսանել է Բեյրութի ամերիկյան, Բոստոնի «Նորթիսթըրն», Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարաններում։ Անցյալ դարի 50-ական թվականներից ակտիվ մասնակցություն է ունեցել Բեյրութի «Զարթոնք-սպորտ», «Կամար», Կահիրեի «Արև», Բոստոնի «Պայքար», Մոնրեալի «Ապագա», Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն), Երևանի «Ազգ» և այլ թերթերի ու հանդեսների հիմնադրմանն ու գործունեությանը, 1994-1997 թթ. եղել է ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997-ից՝ փոխատենապետ։

Հեղինակ է գրական-գեղարվեստական, հրապարակագրական, ուղեգրական հայերեն և անգլերեն մի քանի ժողովածուների։

Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեության համար արժանացել է Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանի (1989), Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանի (1991), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի (2009)։

Ազգային-հասարակական նվիրյալ գործչի, վաստակյալ գրողի, հրապարակագրի՝ Երվանդ Ազատյանի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ