ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՃՈՒՐԴ

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՃՈՒՐԴ

Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ` աշխարհում ամեն ինչ վաճառվում է, և այս առևտրում խիղճ կամ ամոթ փնտրելը հենց ամոթ է։

Առևտուրն իր շրջանագծում ընդգրկում է ու փայփայում խաբեություն, դերասանություն, սուտ, արտիստիկ կեցվածք և այլ դարերով մշակված հնարքներ։ Այս ամենը մենք տեսնում ենք կարևոր միջազգային վերին ատյաններում, քաղաքական ու ռազմական անմարդկային բախումներում, և միակ բանը, որն անընդհատ մխիթարանք է պարունակում, դա «հումանիտար օգնություն» արտահայտությունն է։ Այդ հումանիտարն էլ հաճախ տեղ չի հասնում, ինչպես տասն ամիս պաշարված Արցախին։

Ռմբակոծումներից ու սպանություններից հետո բռնի տեղահանված արցախցիներին Արևմուտքից, Արևելքից հումանիտար օգնության են հայտարարում։ Մեր աճուրդին զուգընթաց Սպիտակ տունն ու ԵՄ-ն կոչ են անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։

Մատների վրա կարելի է հաշվել նրանց՝ հայ բնակիչներին, բայց ո՞վ հավես ունի մանկան պես մատներով հաշվել, կարևորը՝ իրենք հավատում են իրենց ասածին և Ադրբեջանին, որ կանսա իրենց կոչերին։

Աճուրդի թունդ պահին հնչում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքը, որ Ռուսաստանը դա ընկալում է որպես սեփական ողբերգություն։

Արցախից բռնի տեղահանվել են նաև ռուս բնակիչներ։ Ռուս խաղաղապահները գոնե նրանց տեր կանգնեին։

Ու մեր ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Մհեր Մարգարյանը, Նյու-Յորքում վերստին հիշեցնում է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին իրենց մանդատի վերաբերյալ, որ պատասխանատվություն են կրում արցախցիների վերադարձի և անվտանգ ու ապահով ապրելու հարցում, իհարկե չի մոռանում հուշել երաշխիքներ ընդունելու և գործարկելու մասին։ Որքան կարելի է հիշեցնել ՄԱԿ-ի զնգուն ու անհետևանք նիստերի մասին։

Դեմոկրատական երկիր ենք և մեր ունեցած այդ հարստությունը, ուզում ենք մի մասն աճուրդի հանել։ Աճուրդը հայտարարված է։

Ոչ ոք չի մոտենում։ Ով ունի՝ ունի, ով չունի, թքած ունի։

Հին Հունաստանի դեմոկրատիայի հայրերն էլ չեն երևում։ Ժամանակ չունեն պաղեստինցիներն ու իսրայելցիք։ Կողքից ծուռ է նայում Էրդողանը, թե խաղաղության ձգտեք, բավական է մեր հողերն ու նաև Ադրբեջանի տարածքները երազեք։

Մեր ԱՊՀ երկրներն էլ բշտում են՝ մեզ հետ գոնե աճուրդի հարցը քննեիր։

Որոշ երկրներն էլ բարեկամաբար խեթում են՝ ժամանակ գտար, մենք զբաղված ենք մարդու իրավունքների աճուրդով։

Ճիշտն ասած, մենք էլ ենք որոշ հասկանում արդեն, որ դեմոկրատիան զենք է հզորների ձեռքում և ոչ՝ ոչ հզորների, մեղմ ասած։ Մենք անվճար ենք վաճառում, ախր դուք աճուրդ էլ չեկաք, որ լսեիք այդ մասին։ Էս լսելով հիշեցի Թումանյանի խոսքը. «Բառը մի աշխարհ է», այսինքն նախ աշխարհը ճանաչիր, որ ճանաչես բառը։

Չեն ուզում անգամ նվերի պես փաթեթավորած մեր տեղական արտադրության բնական, մաքուր մարդասիրությունը։ Ոմանք կարծում են ճարպիկ ու խորամանկ ֆինտ է։ Հատկապես ոխերիմ հարևանը և պատրաստվում է իր ասելով՝ խաղաղության, մեր և նրանց ընկերների հասկացածով՝ պատերազմի։

Մեր կիսադեմոկրատական ընկերները փորձում են մեզ պատժել անտեղի աճուրդի համար։ Բռնակալները միավորվում են «դեմոկրատիա» բառը լսելիս։

Դեմոկրատական երկրները պատրաստվում են դեմոկրատական կոչ ու ոչի, աղմուկ-աղաղակի և վերջում՝ հումանիտար օգնության, հասկացեք, ախր միլիարդներ ենք ծախսում Ուկրաինայի, Իսրայելի համար։

Հռոմի պապն էլ խաղաղություն մաղթեց և Աստծո օրհնություն անտուններին, բռնատեղահանվածներին։ Մեկ էլ մի հին հույն փիլիսոփա էս կողմերով անցնելիս ասաց. Գեղեցիկ սուտն ավելի դաժան է, քան դաժան ճշմարտությունը։ Հաջողություն և խոհեմություն իմ հին ու նոր հայեր։

Մեր հույներին էլ դա ցանկացա, նաև զգաստություն։ Ճանաչենք բարեկամներին ու թշնամոց, ինչպես ինքներս մեզ, այլապես նրանց տեղերը միշտ կփոխենք, իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Մի խոսքով, հատկապես խառը, ցավագին ժամանակներում դեռ ջուրը չտեսած, մի բոբկացեք։ Մինչև ջրին հասնելը գուցե փուշ մտնի ձեր ոտը։

– Բարին ընդ ձեզ, հայեր և ոչ հայեր,– սա էլ հիշեցի Հայաստանի մասին գրված Վասիլի Գրոսմանի գրքի վերնագիրը։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ