Բակուրի գործերը` պատմական-աղբյուրագիտական մեծ արժեք:

Բակուրի գործերը` պատմական-աղբյուրագիտական մեծ արժեք:
Հունիսի 9-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս, լրագրող և գեղանկարիչ Բակուրի (Բակուր Կարապետյանի) 75-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ և «Երկրագնդի մանրէ տիրակալը» վեպի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գրականությանն ու մշակույթին նվիրված և բազմաժանր գրող, գեղարվեստական, մանկական, ճամփորդական, լրագրողական 32 գրքի, 8 վավերագրական ֆիլմի սցենարների հեղինակ Բակուր Կարապետյանին, նշեց, որ հոբելյարը նաև գեղանկարչական և գրաֆիկական նկարների ցուցահանդեսներ է բացել, աշխատել է հեռուստատեսությունում: Անդրադառնալով «Երկրագնդի մանրէ տիրակալը» վեպին` ՀԳՄ նախագահն այն որակեց որպես քաղաքական երգիծական գրականության հետաքրքիր նմուշ, որը ցույց է տալիս ժամանակակից աշխարհի հոգեբանությունը: Այնուհետև կարդաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը` գրականության և արվեստի տարածման, զարգացման, հանրահռչակման, լրագրության ասպա- րեզում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրելու մասին:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով նաև վարում էր ցերեկույթը, ընդգծեց, որ մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ Բ. Կարապետյանին ևս «գրականությունը քաշել, իր գիրկն է առել այնպես, ինչպես Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Գևորգ Էմինին, գյուղատնտեսներ Ակսել Բակունցին, Մուշեղ Գալշոյանին»: Ըստ Դ. Գասպարյանի` նրա ստեղծագործության մեջ ամենակարևորը վավերագրական, փաստագրական հիմքն է: Բոլոր ստեղծագործություններում նա կարողացել է դրսևորել իր քաղաքացիական կերպարը:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, հանգամանորեն ներկայացնելով «Հարյուր տարվա երկխոսություն» գիրքը, որի համար Բ. Կարապետյանը 1989 թ. արժանացել է ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակի, փաստեց, որ այդ գործը և, ընդհանրապես, ուղեգրություններն ու մի շարք գործեր մեծ արժեք ունեն պատմական-աղբյուրագիտական տեսանկյունից: «Նա ոչ թե գեղարվեստական ընդհանրացումների է գնում, այլ՝ կոնկրետ կյանքի մանրամասնեցումների»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, պատմաբան Արմեն Խաչատրյանը, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Ազատ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, թարգմանիչ Վոլոդյա Խաչատրյանը և ուրիշներ: Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ երգչուհի Մադլեն Ասրյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ հոբելյարը` ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը, և ավելացրեց, որ պատրաստվում է գրել պատմավեպ Վաչագան Բարեպաշտի կյանքի ու գործունեության մասին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ